Հայաստանում հեղափոխության առաջին շարքերում կանայք էին. Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ում Կանանց նկատմամբ բռնության կոնվենցիայի քննարկմանը

25-06-2019 20:12

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը հունիսի 25-ին քննարկել է Կանանց նկատմամբ բռնության Ստամբուլի կոնվենցիայի իրականացումն ու մարտահրավերները: Քննարկմանը ելույթով հանդես է եկել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և նշել, որ կանանց նկատմամբ ցանկացած բռնություն՝ թե՛ ֆիզիկական եւ թե՛ հոգեբանական,  հանցագործություն է եւ պետք է պատժվի օրենքով: Նա հավելել է, որ թե՛ միջազգային եւ թե՛ ազգային օրենսդրության իրավական գործիքները պետք է ամրացվեն  բոլորի համակարգված գործողություններով՝ ինչպես քաղաքական, այնպես էլ իրավական և ինստիտուցիոնալ մակարդակներում: Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում նշել է. «Կանանց հանդեպ ֆիզիկական եւ հոգեբանական բռնությունը շարունակում է լուրջ մարտահրավեր մնալ ԵԽ անդամ բազմաթիվ երկրներում, եւ ես կարեւորում եմ այս հարցի քննարկումը մեր Վեհաժողովում: Մեկ բան հստակ է՝ կանանց հանդեպ ցանկացած բռնություն հանցագործություն է, եւ այն պիտի պատժվի օրենքով: Ուստի, թե՛ միջազգային եւ թե՛ ազգային օրենսդրության իրավական գործիքները պետք է ամրացվեն  մեր բոլորի համակարգված գործողություններով ինչպես քաղաքական, այնպես էլ իրավական և ինստիտուցիոնալ մակարդակներում: Եվրոպայի Խորհուրդը  անգնահատելի ներդրում է ունեցել միջազգային իրավունքի զինանոցում՝ մշակելով «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման» կոնվենցիան, ինչը այս ոլորտում այսօր հիմնական  իրավական գործիքն է:  Հայաստանը, որպես յուրահատուկ  արժեքներ կրող երկիր, մեծապես  կարևորում է կանանց իրավունքների պաշտպանությունն ու կանանց դերը ժողովրդավարական գործընթացներում: Եւ պատահական չէ, որ  Հայաստանում անցյալ տարի տեղի ունեցած հեղափոխության առաջին շարքերում կանայք էին: Հարգելի գործընկերներ, անցած տարի Հայաստանը ստորագրել է թիվ 210 կոնվենցիան, իսկ դեռ  2017թ.-ի դեկտեմբերին խորհրդարանը վավերացրել է «Ընտանիքում  բռնության կանխարգելման մասին»  օրենքը: Օրերս Հայաստանում  մեկնարկած Եվրոպայի խորհրդի գործողությունների ծրագիրը Հայաստանի համար ներառում է միջոցառումների շարք, որոնց նպատակը նաեւ արդեն իսկ ընդունված օրենքի արդյունավետ իրագործումն է: Եւ այո, ինչպես նշել է զեկուցողը, Հայաստանի խորհրդարանը շատ ակտիվ դերակատարում է ունեցել՝ «Առանց  բռնության ապրելու» կանանց իրավունքների խորհրդարանական ցանցում: Այս ցանցը հնարավորություն է տալիս ազգային խորհրդարանների պատգամավորներին հանրային իրազեկման արշավներ կազմակերպել եւ  քաղաքական աջակցություն ցուցաբերել կանանց իրավունքների պաշտպանությանը: Բացի այդ, Երեւանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ընդունած հայտարարության մեջ հստակ արձանագրվեց կանանց հանդեպ բռնության բոլոր ձևերի վերացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը: Եւ իհարկե, չեմ կարող չնշել մեր Վեհաժողովի նախագահ Մորի Պասքեի նախաձեռնած՝ «Ո՛չ իմ խորհրդարանում» հանրային իրազեկմանն ուղղված արշավի կարեւորությունը, քանզի այդ արշավի նպատակն է կանխարգելել և պայքարել կանանց նկատմամբ խտրականության ցանկացած դրսեւորման դեմ»:

Lragir.am,
25-06-2019 20:12