Զոհրաբ Մնացականյանը և Մայքլ Մոլլերը բարձր են գնահատել ՄԱԿ Ժնևյան կառույցների աշխատանքներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը

25-06-2019 20:57

Ժնևում հունիսի 25-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՄԱԿ Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրեն Մայքլ Մոլլերի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և ՄԱԿ Ժնևյան գրասենյակի տարբեր կառույցների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և դրանց աշխատանքներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը, որը նպաստում է երկրում մարդու իրավունքների և ժողովրդավարության խթանմանը: Զոհրաբ Մնացականյանը և Մայքլ Մոլլերը մտքեր են փոխանակել «Կայուն զարգացում 2030» օրակարգում ներգրավված նպատակների իրականացման շուրջ: Արտգործնախարարը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը և հանձնառությունը Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացմանը՝ նշելով, որ ԿԶՆ ազգայնացման գործընթացն ուղեկցվում է Հայաստանի նոր կառավարության կողմից ձեռնարկված հավակնոտ բարեփոխումների ծրագրով: Այս առնչությամբ Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրել է ժողովրդավարության ու իրավունքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտներում Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները: Որպես կառավարության զարգացման օրակարգի առաջնահերություն՝ նախարար Մնացականյանն առանձնահատուկ ընդգծել է նորարարության, բարձր տեխնոլոգիաների և ստեղծարար կրթության ոլորտների զարգացմամբ տնտեսության խթանումը: Երկուստեք կարևորվել է միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների ջանքերի համադրումը՝ միջազգային համագործակցության շրջանակներում ծավալվող նոր ուղղությունների հասցեագրման գործում, ինչպիսիք են՝ թվայնացումը, արհեստական բանականությունը և ռոբոտիզացումը:

Lragir.am,
25-06-2019 20:57