Բակո Սահակյանի խորհրդավոր երաշխավորագիրը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը անուղղակի, սակայն յուրօրինակ անհարմար դրություն է ստեղծում Արցախի նախագահ Բակո Սահակյանի համար, որի միջնորդությունն էր փաստացի Ռոբերտ Քոչարյանին ազատություն շնորհած Ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիմքում: Ընդ որում, հատկանշական է, որ Վերաքննիչում այդ որոշման չեղարկմանը զուգահեռ,  տեղեկություն տարածվեց Արցախի ներկայացուցչության խորհրդականի պաշտոնից Գառնիկ Իսագուլյանի հրաժարականի մասին: Իսագուլյանը Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում նրա ազգային անվտանգության հարցերի խորհդականն էր: Իսագուլյանը անցնող ամիսներին եղել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության դիրքից ամենաբաց ներկայացողներից մեկը, միաժամանակ նոր իշխանության ամենակոշտ ընդդիմախոսներից մեկը, ընդհուպ իշխանության հասցեին անուղղակի ֆիզիկական սպառնալիքի ակնարկներ պարունակող հայտարարություններով: Չնայած այդ հանգամանքին, Գառնիկ Իսագուլյանը հրաժարական չէր տալիս խորհրդականի պաշտոնից: Բակո Սահակյանն էլ նրան չէր հեռացնում: Այդ հանգամանքը հետաքրքիր է այն գնահատականի ֆոնին, որ տվեց Ռոբերտ Քոչարյանը կալանքի որոշման նախօրեին իրեն վերագրվող հեռուստաընկերության եթերում եղած հարցազրույցում: Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ Լեւոն Մնացականյանին եւ Վիտալի Բալասանյանին Բակո Սահակյանը պաշտոնանկ է արել Երեւանի պահանջով, կամ պարզապես Նիկոլ Փաշինյանի պահանջով, այսպես ասած «հերոս տեսակը» կոտրելու շրջանակում: Այդ դեպքում հարց է առաջանում, Գառնիկ Իսագուլյանին Փաշինյանը հերոս տեսակ չի՞ համարել, որ Բակո Սահակյանի առաջ չի դրել նրա պաշտոնանկության հարց, երբ Իսագուլյանը ամիսներ շարունակ Մնակացանյանից եւ Բալասանյանից բազմակի անգամ կոշտ քննադատել է իրեն: Թե՞ Ռոբերտ Քոչարյանը նրան չի համարում հերոս տեսակ: Որովհետեւ, այդպես համարելու դեպքում նրա պնդումը, թե Մնացականյանին ու Բալասանյանին Փաշինյանն է ստիպել պաշտոնանկ անել հերոսներին կոտրելու շրջանակում, դառնում է կիսատ: Եթե նա «կոտրում է հերոսներին», ապա պետք է որ բոլորին կոտրեր: Իսկ եթե Բակո Սահակյանը դիմադրել է մեկի դեպքում, պետք է որ դիմադրեր բոլորի պարագայում: Կամ էլ նա գերադասել է փրկել Իսագուլյանին, զոհաբերելով գեներալներին: Անկասկած է, որ երկրորդ նախագահի մեկնաբանության պատկերը բոլոր դեպքերում ստացվում է բավականին թերի, քանի որ տրամաբանությունն է ենթարկեցվում նպատակին: Թերատ պատկերը առավել ընդգծում է Գառնիկ Իսագուլյանի հրաժարականը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի մասին որոշմանը զուգահեռ: Ընդ որում, հետաքրքիր է նրա մեկնաբանությունը: Իսագուլյանը հայտարարել է, որ Բակո Սահակյանի հետ համաձայնեցրել է իր որոշումը: Միաժամանակ նա հայտարարում է, որ դրանով իրենից ոչ թե ազատվում են, այլ ինքն է ազատվում նոր իշխանությանը քննադատելու բարոյական կապանքներից եւ գալու է ժամանակ, որ Բակո Սահակյանին խնդրելու են հետ կանչել իրեն: Գառնիկ Իսագուլյանը շոշափում է ուշագրավ շերտեր, եւ դրանք կարծես թե առնչվում են ոչ թե Փաշինյան-Բակո Սահակյան, կամ Փաշինյան-Քոչարյան, այլ Քոչարյան-Սահակյան տիրույթին, իսկ գուցե նույնիսկ Քոչարյան-Սերժ Սարգսյան, որը վերջին շրջանում բավականին ինտենսիվ զբաղված էր ներարցախյան հարցերով: Որովհետեւ Բակո Սահակյանն օրերս Լեւոն Մնացականյանին բերեց բավական առաջնային պլան՝ նշանակելով ոստիկանապետ: Իսկ դա հետաքրքիր է նրանով, որ Ռոբերտ Քոչարյանը նույն հարցազրույցում, խոսելով Արցախում նախագահի ընտրության մասին, հայտարարում էր, թե արցախցիները չպետք է կոտրվեն եւ պետք է կատարեն ընտրություն, որը պահպանելու է իրենց տեսակը: Ռոբերտ Քոչարյանն, առերեւույթ դժգոհելով Նիկոլ Փաշինյանից, գործնականում «կռիվ» էր տալիս Սերժ Սարգսյանի եւ Բակո Սահակյանի դեմ, եւ Իսագուլյանի հրաժարականը նաեւ դրա վկայությունն է, Արցախում Ռոբերտ Քոչարյանի մրցակցային ջանքի անհաջողության դրսեւորումը: Գառնիկ Իսագուլյանը ոչ թե Փաշինյանին, այլ հենց Սահակյանին է թերեւս ասում, թե դեռ կափսոսա իրեն չպահելու համար: Բակո Սահակյանի երաշխավորագիրը՝ Հայաստանում երկրորդ նախագահին տալով փաստորեն ժամանակավոր ազատություն, զրկեց Արցախում ներքին գործընթացների փաստարկից:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
25-06-2019 21:45