Ոստիկանները հայտնաբերեցին խաբեությամբ հափշտակված մասնատված «Մերսեդեսները»

26-06-2019 13:44

Հունիսի 20-ին ոստիկանության Ավանի բաժանմունքում խարդախության վերաբերյալ հաղորդում ստացվեց: Քաղաքացին հայտնում էր, որ խաբեությամբ ու վստահությունը չարաշահելով՝ հափշտակել են իր թանկարժեք «Մերսեդեսը»: Քաղաքացին ցանկացել էր վաճառել մեքենան և հայտարարություն էր տեղադրել համացանցում: Շուտով զանգել էր գնորդն ու պայմանավորվել էին հանդիպել: Մհեր ներկայացած անձի հետ հանդիպել էին: Մեքենան հավանել էր, գին էին պայմանավորվել: Գնորդն առաջարկել էր գնալ Խուդյակով փողոցում գտնվող իր տուն, որպեսզի կանխավճարը տար: Սուրճ էր առաջարկել ու խնդրել երկու րոպե սպասել, մինչ ինքը կգնար ընկերոջից կանխավճարի գումարը կվերցներ ու արագ կվերադառնար: Ժամը 17:00-ի սահմաններում արդեն մեքենան վաճառել ցանկացողները նկատել էին, որ գնորդը տնից դուրս գալիս մեքենայի բանալիները հետն էր տարել: Տնից դուրս գալով՝ հայտնաբերել էին, որ ոչ Մհերը կա, ոչ էլ ավտոմեքենան: Ոստիկանությունում խաբեությամբ «W221» թափքի «Մերսեդս» հափշտակելու վերաբերյալ հաղորդումը միակը չէր: Նախորդ օրը՝ հունիսի 19-ին, նմանօրինակ հաղորդում էր ստացվել նաև Էրեբունու բաժնում: Մեքենայատիրոջը կրկին զանգահարել էր գնորդը, ներկայացել որպես Մհեր: Կրկին հանդիպել էին, ուղեկցել էր Էրեբունի փողոցում գտնվող իբր իր տունը: Կրկին վստահությունը չարաշահելով՝ դուրս էր եկել ու հափշտակել մեքենան: Ի տարբերություն ոստիկանության Ավանի բաժանմունքում արձանագրվածի, այս դեպքում գնորդը բնակարանից դուրս գալիս, դուռը բանալիով փակել էր ու ապօրինաբար նաև զրկել տուժողներին ազատ տեղաշարժվելու իրավունքից: Նույնաբովանդակ հանցագործության մասին հաղորդումներ կային նաև ոստիկանության Շենգավիթի և Կոտայքի բաժիններում: Ոստիկանության տարածքային ստորաբաժանումներն իրականացրին փոխգործակցված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ մի քանի ուղղություններով: Շուտով ոստիկանության Ավանի բաժանմունքում ստացվեցին առաջին տեղեկությունները: «Համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի մեր գործընկերների հետ պարզեցինք, որ Մհեր ներկայացած անձը Մալաթիա-Սեբաստիա համայնքում ապրող 30-ամյա տղամարդը: Անմիջապես ձեռնարկեցինք համապատասխան միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:» Մինչ կպարզվեր հափշտակված մեքենաների գտնվելու վայրը, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառաողները տեղեկություններ ստացան 30-ամյա տղամարդու գտնվելու վայրի վերաբերյալ: Օպերատիվ տեղեկություններ կային նաև, որ տղամարդը ցանկանում է հատել Հանրապետության պետական սահմանը: Դա կանխելու համար ոստիկանները ձեռնարկեցին հնարավոր բոլոր միջոցները: Հունիսի 22-ին պարզվեց, որ տեղեկությունները ճիշտ էին: Տղամարդը ցանկացել էր արտերկիր մեկնել, բայց սահմանին բռնվել էր: Էրեբունու ոստիկանները նրան բերման ենթարկեցին ոստիկանություն: Զուգահեռ ձեռնարկված միջոցառումներով Ավանի քրեական հետախույզները ճշտել էին նաև հափշտակված մեքենան թաքցնելու ստույգ վայրը: Ըստ ստացված տեղեկությունների խարդախությամբ հափշտակված ավտոմեքենան պահվում էր Ներքին Չարբախի 5-րդ փողոցում գտնվող առանձնատներից մեկի ավտոտնակում: Ավտոտնակում հայտնաբերվեց ոչ միայն Ավանի ոստիկանների կողմից որոնվող «Մերսեդեսը», այլև ոստիկանության տարածքային մյուս ստորոբաժանումներում ստացված հաղորդումներով նկարագրված ավտոմեքենաները: Պարզվեց, որ 30-ամյա տղամարդը «Մերսեդեները» հափշտակելուն պես, անմիջապես տեղափոխել էր Ներքին Չարբախում գտնվող ավտոտնակ ու վաճառել էր: Արդեն ավտոտնակում դրանք մասնատվել էին, որոշ պահեստամասեր առանձին վաճառվել, որոշներն էլ խնամքով փաթեթավորվել՝ հետագայում իրացնելու համար: Դատարանի որոշմամբ 30-ամյա տղամարդը կալանավորվել է: Հարուցված քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

Lragir.am,
26-06-2019 13:44