Ուժեղացված ծառայություն Արարատում․ հայտնաբերվել են թմրանյութ, զենք-զինամթերք

26-06-2019 16:12

Ոստիկանության Արարատի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումները, հասարակական անվտանգությամբ մտահոգ, հունիսի 21-ին ու 22-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել : Ուժեղացված ծառայությանը ներգրավվել են նաև մարզը սպասարկող ճանապարհային ոստիկաններն ու պետական պահպանության գլխավոր վարչության Արարատի մարզի ստորաբաժանումների ծառայողները: 110 ոստիկանից կազմված 28 կարգախմբերը Արտաշատի, Արարատի և Մասիսի բաժիններ տարբեր կասկածանքներով բերման են ենթարկել 23 անձի, ստուգումներ են իրականացրել մարզում բնակվող շուրջ 30 քրեական հեղինակության բնակության վայրերում: Ուժեղացված ծառայության ընթացքում Արարատի ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության դեպք, հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք ու հետախուզվող անձ, որն ևս բերման են ենթարկել: Երկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների խախտումների փաստերով կազմվել է 152 արձանագրություն, այդ թվում՝ 29-ը արագության գերազանցման համար: Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 19 տրանսպորտային միջոց, որոնցից 5-ի վարորդներն ալկոհոլ օգտագործած են եղել, իսկ 14-ը չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր: Համակեցության կանոնների և երթևեկության անվտանգության պահպանման նպատակով Արարատի ոստիկանները նմանօրինակ ուժեղացված ծառայություններ իրականացնելու են պարբերաբար:

Lragir.am,
26-06-2019 16:12