Նախարարը բացատրել է, թե ինչպես է բռնագանձվելու անօրինական գույքը

27-06-2019 14:14

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ առանց մեղադրական դատավաճռի գույքի բռնագանձման նախաձեռնությանը: Նա նշեց, որ նախագիծը արդեն պատրաստ է, հիմա միջազգային փորձաքննության փուլում է, ԵԽ կողմից փորձագիտական միջանկյալ կարծիք արդեն ստացվել է: ՀՀ կառավարությունը սպապսում է նաև մյուս միջազգային գործընկերների կարծիքին: Ըստ նախարարի՝ այս գործընթացը չի կարող վնասել ներդրումային միջավայրը: «Ծիծաղելի է, և առհասարակ այն շահարկումները, որ սա ուղղված է հարուստ մարդկանց դեմ, ևս զավեշտների շարքից է: Սա հարուստ մարդկանց դեմ ուղղված չի կարող լինել»,- ասաց նա: Ըստ  նախարարի՝ օրենքում շատ խիստ դրված է բարեխիղճ ձեռքբերողի ինստիտուտը, որպեսզի ցանկացած գույքի բարեխիղճ ձեռքբերող չտուժի: Եթե անգամ տվյալ գույքն ինչ-որ շրջանում եղել է ապօրինի, նույնիսկ այդ դեպքում բարեխիղճ ձեռքբերողից չի բռնագանձվի: Հարցին, թե ինչպես է ի վերջո ապացուցվելու՝ մարդն անօրինական է ձեռք բերել գույքը, թե ոչ, նախարարը պատասխանեց, որ այդ մեխանիզմները դրված են օրենքում: Հարցին, թե դատախազությո՞ւնն է որոշելու՝ մարդու գույքը օրինական է, թե ոչ, Բադասյանը պատասխանեց, որ իրավասու մարմնի հարցն են լուծում: «Որոշվելու է դատարանի վճռով, ընտրված չէ դեռ դատարանը: Եկեք մեկընդմիշտ ֆիքսենք՝ քանի որ դատավճիռը քրեական գործերին է վերաբերում, այս առանց դատավճռի տերմինը նշանակում է, որ անձի մեղավորությունը քրեական դատավարության կարգով հաստատված լինելուն է վերաբերում, ոչ թե նրան, որ ՀՀ-ում հնարավոր է երբևէ որևէ մեկի սեփականության իրավունքին միջամտել առանց դատարանի»: Արդարադատության նախարարն ասաց, որ այս գործերով հարցը ներկայացվելու է ոչ թե անձի, այլ գույքի դեմ: Դատարանում որպես պատասխանող հանդես է գալու ցանկացած անձ, ով կարծում է, որ այդ գույքի հետ կապված իրավունք կա: «Այսինքն՝ այս դեպքում ոչ թե սահմանվում  է պատճառահետևանքային կապ արարքի և հետևանքի միջև, այլ բարձրացվում է գույքի օրինականության ծագման հարցը»,- հավելեց նա:

Lragir.am,
27-06-2019 14:14