Կառավարությունը Սեւանի հարցով դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին

04-07-2019 13:46

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիոգորյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ինչու է կանաչել Սևանը: Դրանք, ըստ նախարարի, կապտականաչ ջրիմուռներն են: Կանաչը դա հետևանք է մի քանի գործոնների, որոնք հնարավոր է վերացնել: Բայց կան նաև ոչ մարդկային գործոններ: «Մարդկային գործոնը դա կեղտաջրերի, անտառապատ տարածքների, այսինքն՝ ֆոսֆոր-ազոտի լրացուցիչ քանակությունն է: Այդ գործոններն են՝ կոմունալ կենցաղային կեղտաջրեր, ցանցավանդակ, գյուղատնտեսություն, անասնապահություն, ջրի տակ անցած բուսական տարածքներ, հատակային նստվածքներ: Եվ մի քանի խնդիրներ կան, այսինքն՝ ավելի լայնածավալ ուսումնասիրություններ կիրականացվեն, կհայտնաբերվեն, թե հիմնական աղբյուրները որոնք են, և գործողություններ կիրականացվեն արդեն հիմնված այս բոլոր գիտական հետազոտությունների վրա»,- ասաց Գրիգորյանը: Անդրադառնալով լճից ջրառի հարցին, որը նույնպես նման պրոցեսների պատճառ է համարվում, Էրիկ Գրիգորյանն ասաց, որ այս տարի լճից ջրառը շատ ցածր է, քան նախորդ տարի: «Մոտ 15-20 մլն-ի չափով արդեն նվազ է: Բացի դրանից, ջրամբարներում էլի ջուր կա, այնպես որ, ավելի ջրառ չի եղել»,- նշեց նա: Լճի կանաչի պատճառներից մեկը նաև բարձր ջերմաստիճանն է եղել, հունիս ամսին ջերմաստիճանն աննախադեպ բարձր է եղել: Բացի դա, քամիների պատճառով մեծ գոլորշիացում է եղել: «Եվ այս պահին Սևանի հետ կապված ամենակարևոր հարցը ախտորոշումն է: Մի քանի ուղղություններով գործողություններ արդեն արել ենք: Այսինքն՝ հստակ հաշվարկել ենք ափամերձ տարածքներն ինչքան պետք է մաքրենք, և շատ արագ, կարծում եմ, երկու-երեք տարվա ընթացքում մակարդակը կբարձրացնենք: Ինչքան հնարավոր է նվազեցվել է ջրառը, կարող եմ ասել, որ հենց հիմա Արարատյան դաշտի պոմպակայանները մեծ հզորությամբ աշխատում են, մյուս տարիներին սովորաբար օգոստոսին էին աշխատում»,- ասաց նա: Նախարարն ասաց, որ հայկական կողմը դիմել է ՅՈւՆԵՍԿՕ-ին, պատասխան են ստացել, որ պետք է սկսել գործընթաց լճին ՅՈւՆԵՍԿՕ-ի կարգավիճակ տալու, որը հնարավորություն է տալիս մի կողմից գործողություններ իրականացնել ջրի որակի բարձրացման հետ կապված, մյուս կողմից լրացուցիչ սոցիալ-տնտեսական խթաններ է ստեղծում այնտեղ բնակվող քաղաքացիների համար: Մանրամասները տեսանյութում

Lragir.am,
04-07-2019 13:46