Երիտասարդական ենթամշակույթի ապաքրեականացումը այսօր մեր առջև կանգնած լրջագույն մարտահրավերներից է

Մեր զրուցակիցն է մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը Պարոն Թադևոսյան, դատախազությունում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է արմատախիլ անել քրեական ենթամշակույթը: Տեսակետ կա, որ հեղափոխությունից հետո հնարավոր եղավ քաղաքականության միջից քրեական ենթամշակույթը հանել, բայց հասարակության միջից դեռ այն դուրս չի գալիս: Որքանո՞վ եք համաձայն այս դիտարկման հետ և ինչ պետք է արվի դրան հասնելու համար: Քաղաքականության մեջ էլ դեռ քրեական ենթամշակույթի հետքեր կան, հակառակ դեպքում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներից որոշների շուրթերից չէինք լսի քրեական ենթամշակույթից փոխառված «գործ տվող»-ներին դատապարտող արտահայտությունները ազգային արժեհամակարգի հետ կապելու մտքեր: Բայց եթե հաշվենք, որ դա հին քաղաքական վերնախավից դեռևս պահպանված մնացուկներն են, ապա կարելի է ասել, որ վերջին ընտրությունների արդյունքում հիմնականում հաջողվել է տարանջատել քրեական մշակույթը քաղաքական էլիտաներից: Բայց հասարակության մեջ, իհարկե, այն խորը արմատներ ունի: Ցավոք, դա նաև հնարավոր չէ ինքն իրենով հաղթահարել: Այսինքն` ակնհայտ է, որ հասարակության մեջ արմատավորված քրեածին նորմերը, կարծրատիպերը ու վարքագծային պրակտիկաները հաղթահարելու համար պետական հաստատությունների միջամտության անհրաժեշտություն կա: Գլխավոր խնդիրն այն է, որ հասարակության մեջ քրեականացված պրակտիկաները, խոսույթները, վարքագծային նորմերը միահյուսված են հասարակության համակեցությունը կարգավորող առօրյա պրակտիկաներին: Բոլոր հասարակություններում էլ քրեական երևույթներ կան: Սակայն շատերում դրանք տարանջատված են հասարակության այլ շերտերից: Մեզանում քրեական նորմերն ու պրակտիկաները ներթափանցել են թաղային ու բակային համայնքների առօրյա կյանք և խիստ բնորոշ են դարձել հենց երիտասարդության տարիքային խմբերի համար: Արդեն 13-15 տարեկանից տղաների մեջ սկսում են գերիշխել քրեական նորմերն ու պրակտիկաները: Դրանք իշխում են հատկապես միջանձնային և ներխմբային հարաբերությունների կազմակերպման, կարգավիճակների ու հիերարխիաների ձևավորման մեջ: Եվ որպես կանոն այդ միջավայրերում իշխող ու թելադրող դիրք են ստանում քրեական միջավայրերին հարող և այդ վարքուբարքին առավել լավ տիրապետող տղաները: Շատ դժվար է ասել, որ հնարավոր կլինի առանց իրավական համակարգի կողմից այդ խնդրին ուշադրություն դարձնելու և առանց նաև կրթական համակարգում լուրջ միջոցառումներ նախատեսելու հաղթահարել այդ խնդիրը: Ես կարևոր եմ համարում նաև լրատվամիջոցների ու հատկապես հեռուստատեսության դերը: Իրավական կամ կրթական ի՞նչ կարգավորման մասին է խոսքը: Նոր օրենսդրական նախագիծ կա, որը վերաբերում է հասարակության քրեականացման կանխարգելման խնդրին: Ցավոք այդ նախագիծը դեռևս հասանելի չէ և դրա բովանդակության մասին չենք կարող դատողություններ անել: Սակայն, քննարկումներից և առայժմ մատչելի տեղեկատվությունից պարզ է դառնում, որ այն քրեական պատիժ է սահմանում քրեական աշխարհին հարելու համար: Այսօր փաստացիորեն մեր տղա երեխաների կամ երիտասարդների վրա մեծ ազդեցություն ունեն հենց քրեական աշխարհին հարող դեմքերը, որոնց գործողություննները ուղղված են երիտասարդության մեջ այդ աշխարհի օրենքների տարածմանը և երիտասարդությանն իրենց կողմից կառավարելի պահելուն: Երիտասարդության վրա դրանց ազդեցությունն ու իշխանությունը հանգեցրել է նրան, որ երիտասարդների մոտ փոխհարաբերությունների կարգավորումը հաճախ իրականացվում է քրեական աշխարհի նորմերով: Չափազանց շատ են խմբային կռիվները: Բավականին մեծացել է դանակահարությունների վտանգը: Ստեղծված իրավիճակում քրեական աշխարհին հարելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենքը խիստ պահանջված եմ համարում, և այն ճիշտ թիրախավորելու ու կոնստրուկտիվ կերպով կիրառելու դեպքում կարող է հատկապես դրական ազդեցություն ունենալ երիտասարդների միջավայրում հարաբերություններն առողջացնելու և ապաքրեականացնելու հարցում: Վարչապետն ինչո՞ւ հենց դատախազությունում շեշտադրում արեց քրեական ենթամշակույթն արմատախիլ անելու կարևորության վրա: Կդժվարանամ ասել, թե ինչու վարչապետն այդ հայտարարությունն արեց հենց դատախազությունում, բայց որ դրա մասին խոսում է վարչապետը, նույնպես շատ կարևոր է: Սա նշանակում է, որ պետական ամենաբարձր մակարդակով այս խնդիրը ընկալվում և ձևակերպվում է: Հնարավոր չէ մեր հասարակությունում ապահովել նորմալ զարգացում, եթե  երիտասարդների կյանքը կանոնակարգվում է քրեական աշխարհի նորմերով ու հասկացություններով: Ասենք, օրինակ, կիրթ ու քիչ թե շատ ստեղծագործ մոտեցում ունեցող երիտասարդները միշտ ուղղակի կամ անուղղակի ճնշման տակ են քրեական հասկացություններով ապրող երիտասարդների կողմից: Նրանք հաճախ ծաղրվում են իրենց բարեկրթության, քաղաքավարության, գիտելիքի հանդեպ հակումների և հանրայնորեն դրական վարքագծի ու ապրելակերպի համար: Քրեական նորմերին տուրք տվող երիտասարդները նաև չափազանց ագրեսիվ են, ունեն բռնություն իրականացնելու ուժային մեխանիզմներ ու ուժի միջոցով ճնշում են գործադրում մյուսների վրա: Դրա հետևանքով շատերը ստիպված են պարզապես հարմարվել իրենց թելադրվող կանոններին:  Դա լուրջ խոչընդոտ է հանդիսանում հանրային հարաբերությունները օրենքի հիման վրա կառուցելուն և որպես հասարակություն զարգանալուն: Առանց օրենքի վրա հենված հարաբերություններ կառուցելու հասարակությունը պարզապես դատապարտված է դոփելու տեղում: Որպես կանոն, չգրված օրենքներով առաջնորդվելը հետամնացության հիմնական ցուցիչն է: Կարծում եք՝ մեր հասարակությունից դա արագ արմատախիլ անելն անհնա՞ր է: Այդ խնդիրը հնարավոր է հաղթահարել միայն պետական քաղաքականության միջոցով: Այսօր մենք այնպիսի վիճակում ենք, որ այն պետք է դառնա պետական քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Արդյունքի հասնելու համար կարիք ունենք դատաիրավական և կրթական համակարգերի զուգահեռ ու համաձայնեցված աշխատանքի: Հատուկ ուշադրության խնդիր է տղա երեխաների միջավայրում արժեքային, աշխարհայացքային փոփոխությունների հարցը, նաև միջանձնային հարաբերությունների նոր մշակույթ ձևավորելը: Կրթական համակարգը կարող է շատ մեծ դեր խաղալ այստեղ: Մեկ այլ դերակատար էլ կարող են դառնալ լրատվամիջոցները, որոնք այսօր, ըստ էության, դեռևս շարունակում են մնալ քրեական աշխարհի պրոպագանդիստներ: Նկատի ունեմ հիմնականում հեռուստաընկերությունները և դրանցով պրոպագանդվող հենց այդ քրեական բարքերը: Եթե հնարավոր լինի օրենսդրորեն կարգավորել և սահմանափակել հեռուստատեսության միջոցով նման արատավոր երևույթների պրոպագանդումը, ապա դա շատ կարևոր բան կլինի: Իմ հետազոտական աշխատանքի ընթացքում ինձ հաճախ են հանդիպել քրեական աշխարհին վերաբերող սերիալների մասին այնպիսի գնահատականներ, համաձայն որոնց դրանք նպաստում են այդ աշխարհի նորմերի ու պրակտիկաների քարոզչությանն ու տարածմանը հատկապես դեռահաս ու երիտասարդ տղաների մեջ: Որոշ կարծիքների համաձայն, դեռահասները, բացի փողոցային հեղինակությունների ազդեցությունը, նաև հենց դրանցից են ոգեշնչվում քրեական աշխարհին հարելու ու բռնություններ գործադրելու դեպքերում: Անձամբ իմ կարծիքով, մեր հասարակությունը բավականին քրեականացված է և այն հաճախ նաև այդ վարքուբարքով ապրել չցանկացող, սեփական ոճով ապրել ձգտող, անհատական ստեղծագործ հատկանիշներով բնութագրվող և հիմնականում կիրթ երիտասարդների արտագաղթելու պատճառ է դառնում: Շատ կարևոր է քրեական առումով հեղինակություն վայելող երիտասարդների հասարակական կարգավիճակի ցածրացումը և բարեկիրթ ու ստեղծագործ երիտասարդների կարգավիճակի բարձրացումը: Ամեն դեպքում, մեր հասարակությունում հատկապես երիտասարդական ենթամշակույթի ապաքրեականացումը այսօր մեր առջև կանգնած լրջագույն մարտահրավերներից է:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
06-07-2019 19:51