Երբ ԱՄՆ-ը համոզվեց, որ Թուրքիան հետ չի կանգնելու C-400-ների հարցում, ստիպված եղավ ցույց տալ, որ ջերմ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ

Մեր զրուցակիցն է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը Պարոն Մելքոնյան, ռուսական C-400 համակարգերը հուլիսի առաջին կեսերին կմատակարարվեն Թուրքիային: Էրդողանը բացառել է ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սահմանումը, որովհետև Թրամփն իրեն ասել է, որ ոչ մի խնդիր չի լինի, դա չի խանգարի նաև ԱՄՆ-ից F 35 կործանիչներ ստանալու: Ինչպե՞ս եք գնահատում փաստը, որ մինչև հիմա խոսվում էր թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածությունից, իսկ հիմա Թրամփը նման հայտարարություն է անում: Ստացվում է, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները նոր մակարդակի վրա՞ են դրվում: Ես այն կարծիքին եմ, որ իրականության մեջ թուրք-ամերիկյան հարաբերությունները ոչ էլ լարված էին: Ուղղակի ԱՄՆ-ը շանտաժ էր անում Թուրքիային, որ վերջինս Ռուսաստանի հետ մերձենալու փորձեր չանի, այն Ռուսաստանի, որն ինչ-որ իմաստով աշխարհի կողմից մերժված ու մեկուսացված է: Թուրքիան եղել և մնում է ՆԱՏՕ-ի անդամ երկիր, և երբ ես փորձում եմ համեմատություն անել 1920 թվականի հետ, երբ ռուս-թուրքական մերձեցումը շատ ծանր հետևանքներ ունեցավ Հայաստանի համար, այսօր այդ մերձեցումը ավելի շատ երևութական է, քան իրական: Դրա համար, երբ ԱՄՆ-ը համոզվեց, որ Թուրքիան հետ չի կանգնելու C-400-ների հարցում, ստիպված եղավ ցույց տալ, որ իրականում շատ ջերմ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ: Այսինքն՝ թուրք-ամերիկյան հարաբերությունները իրականում սրված չե՞ն: Իհարկե, սրված չեն: Եթե ՆԱՏՕ-ի համակարգում երկրորդ զորքն աշխարհում շարունակում է մնալ թուրքականը, ի՞նչ լարվածության մասին է խոսքը: Նաև երբևէ հարց չի դրվել Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու վերաբերյալ: Դա խոսում է այն մասին, որ Թուրքիան եղել և շարունակում է մնալ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դաշնակիցը: Այդ դեպքում ռուս-թուրքական հարաբերություններին ի՞նչ է սպասվում: Ես համոզված եմ, որ ռուսները շատ էլ լավ գիտեն, որ իրականում Թուրքիան իրենց հետ խաղ է խաղում, բայց քանի որ մեկուսացման մեջ էին, նաև աշխարհին ցույց տալու համար, որ կան երկրներ, որոնց հետ իրենց չասենք դաշնակիցներ են, բայց շատ հարցերում համագործակցում են, դրա համար ձևականորեն շարունակում են այդ խաղը խաղալ: Այսօր գոյություն ունի Ղրիմի հարց, որի հարցում Թուրքիան անհողդողդ է և շարունակում է պնդել, որ ինքը երբեք Ղրիմը չի ճանաչի Ռուսաստանի մաս, կշարունակի այն ընկալել որպես Ուկրաինա: Այդ դեպքում էլ ի՞նչ ռուս-թուրքական իրական ջերմ հարաբերությունների մասին կարող է խոսք լինել: Այդ դեպքում ԱՄՆ-ի ինչի՞ն էր պետք սկզբում շատ կոշտ հայտարարություններ անել Թուրքիայի հասցեին: Մենք հիշում ենք, որ ԱՄՆ-ը հայտարարեց, որ եթե Թուրքիան C-400-ներ ձեռք բերի, ապա դրան կհաջորդեն պատժամիջոցներ: Հիմա բացառվո՞ւմ են պատժամիջոցները: Ես կարծում եմ, որ բացառվում են: Հիմնականում, ենթադրում եմ, որ նման բան չի լինի, որովհետև նախ դրանք արդյունք չեն տա, երկրորդ, իրական դաշնակից երկրներն իրար նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառում: Ավելի շատ կշարունակեն թուրքերին սիրաշահել, քան թե նրանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, որովհետև թուրքերը միշտ էլ կայսերական մտածողություն են ունեցել և երբ իրենց հետ ուժի դիրքերից են խոսել, նրանք համանման ձևով արձագանքել են: Ի՞նչ տեղի կունենա  տարածաշրջանում թուրք-ամերիկյան և թուրք-ռուսական մերձեցումից: Առաջին հայացքից կարող է տեղի ունենալ միաժամանակ թուրք-ամերիկյան և թուրք-ռուսական մերձեցում, բայց քանի դեռ պայմանագրային հենքի վրա Թուրքիան շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի անդամ երկիր, ռուս-թուրքական հարաբերությունները չեն կարող համարվել մերձեցում, կամ համենայնդեպս ռազմավարական հարաբերություններ: Դրա համար կարծում եմ՝ տարածաշրջանում այդ տեսանկյունից փոփոխություններ չեն լինի, եթե Աստված մի արասցե, ԱՄՆ-ի հարաբերություններն Իրանի հետ հանգեցնեն ռազմական գործողությունների: Դա արմատապես կփոխի իրավիճակը տարածաշրջանում: Հայաստանը կհայտնվի շատ ծանր իրավիճակում, որովհետև եթե Հայաստանը սահմանը փակի, դա մեզ ձեռնտու չէ, իսկ եթե չփակի, պատերազմական պայմաններում ահռելի քանակությամբ ներհոսք կլինի դեպի Հայաստան, այդ թվում ադրբեջանցիների: Նման սցենարը հնարավո՞ր է: Ես լայնամասշտաբ պատերազմ չեմ պատկերացնում, բայց օդային հարվածներ ԱՄՆ-ի կողմից Իրանին չեմ բացառում: Թուրքիայում ընտրություններում Էրդողանի դիրքերը կարծես թուլանում են: Հնարավոր համարո՞ւմ եք, որ նա կորցնի իշխանությունը և այս համատեքստում ինչ հեռանկար ունեն հայ-թուրքական հարաբերությունները: Ես առայժմ չեմ կանխատեսում, որ Էրդողանի կուսակցությունը կարող է զիջել դիրքերը: Համենայնդեպս, այս ընտրություններում դա չի լինի: Հաջորդ ընտրություններին կարող է նման բան տեղի ունենալ, եթե շարունակվի Էրդողանի կուսակցության հեղինակության անկումը: Բայց այս պահին նրա դիրքերը դեռ ամուր են:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
08-07-2019 10:23