Լարվածությունը կավարտվի հաջորդ տարի, ընտրություններից հետո

Մեր զրուցակիցն է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը Պարոն Ղևոնդյան, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ու Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը ստորագրել են երկու հանրապետությունների արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցությունների 2019-2020 պլանը: Ինչո՞վ է սա պայմանավորված և ի՞նչ ենթատեքստ ունի: Առաջին հերթին պետք է նշեմ, որ սրանից մի քանի ամիս առաջ Ազգային անվտանգության կառույցների միջև կնքվել է որոշակի համագործակցության պայմանագիր: Այսինքն՝ Հայաստանն ու Արցախը գնում են այն ճանապարհով, որ որպես առանձին սուբյեկտներ միմյանց միջև փոխհարաբերություններ են հաստատում, որոնք կարող են երկարաժամկետ հեռանկարում բերել Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման: Դա ես գնահատում եմ նաև միջազգային քաղաքականության տեսակետից: Հայաստանն ամեն կերպ ցույց է տալիս, որ Արցախն առանձին սուբյեկտ է, առանձին միավոր է, որի հետ հարաբերությունները կառուցվում են ըստ միջազգային համագործակցության կանոնների: Այսօր Հայաստանն օրինակ է ծառայում ամբողջ աշխարհի համար, որ Արցախին վերաբերվեն ոչ թե որպես Հայաստանի կցորդի, այլ առանձին քաղաքական միավորի: Կարծում եմ՝ առնվազն ցուցադրական մակարդակում բավականին արդարացված են այս քայլերը և կարող են երկարաժամկետ հեռանկարում օգուտներ բերել հայկական կողմին: Վերջին շրջանում Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև առկա լարվածությունը որքանո՞վ հնարավոր կլինի թուլացնել այսպիսի քայլերով: Լարվածությունն իրականում կապված չէ այս քայլի հետ: Դա համակարգային տարբերություններով պայմանավորված լարվածություն է, որը վերջին օրերին բավական թուլացել է և իր ավարտին կհասնի, երբ հաջորդ տարի Արցախում տեղի կունենան նախագահական ընտրություններ: Ռազմաքաղաքական համագործակցությունն ավելի շատ ուղղված է միջազգային հանրությանը, իսկ ներքին իրականությունում հարցերը լուծվում են ոչ այսպիսի մեթոդներով: Ներքին իրականությունում հարցերը կլուծվեն այնպես, որ հաջորդ տարի այնպիսի ղեկավարություն կընտրվի Արցախում, որը կվայելի Հայաստանի իշխանությունների վստահությունը: Այսպիսով, այլևս լարվածության մասին խոսելու հարկ չի լինի: ՀՀ իշխանությունները պնդում են, որ որևէ ձևով չեն միջամտելու Արցախում տեղի ունենալիք ընտրություններին: Արդյոք, ըստ Ձեզ, հստակ պետք է լինի, թե ում է աջակցում ՀՀ իշխանությունը և ինչ ազդեցություն է ունենալու առաջիկա ընտրությունների վրա Հայաստանը: Պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում միջամտություն: Եթե միջամտություն ասելով հասկանում ենք նախկին իշխանության տարբերակով, այսինքն՝ որոշելով, թե ով պետք է ընտրվի, իհարկե, չեն միջամտելու: Սակայն ես միջամտություն եմ համարում նաև այն, որ Հայաստանը կոչ արեց Արցախի ժողովրդին ընտրել այնպիսի իշխանություն, որն ընդունում է Հայաստանի իշխանություններին: Անկախ ամեն ինչից, Արցախի սուբյեկտայնության բարձրացման իրավունքին պետք է քայլ առ քայլ հասնել: Զարմանալի չի լինի, եթե այն թեկնածուն, որին կվստահի ՀՀ իշխանությունը, թեկուզ հայտարարության մակարդակով աջակցի նման թեկնածուին: Ձեր կարծիքով՝ ՀՀ իշխանություններն ազդեցություն ունե՞ն Արցախի հասարակության վրա: Անկասկած ունեն ազդեցություն, քանի որ Հայաստանը Արցախի համար հանդիսանում է կապ աշխարհի հետ: ՀՀ իշխանությունը իրականում ղեկավարում է թե Հայաստանը, թե Արցախը: Մենք ականատես ենք, որ Արցախում շատ պաշտոնյաներ են աշխատանքից ազատվում Հայաստանի պահանջով: Արցախում վերջին նշանակումները ինչի՞ մասին են խոսում: Խոսքը մասնավորապես Արշավիր Ղարամյանի, Լևոն Մնացականյանի մասին է: Շատերը նշում են, որ սա ՀՀ իշխանությունների համար ոչ ցանկալի նշանակումներ են, և Բակո Սահակյանը փորձում է ամրապնդել իր դիրքերը: Ես չեմ կարծում, որ այդ նշանակումները ՀՀ իշխանություններին դեմ գնալու որոշակի քայլեր են: Սա ավելի շատ կապված է նրա հետ, որ Սամվել Բաբայանը բավական շատ կողմնակիցներ կարողացավ ստանալ կազմակերպված ստորագրահավաքի ընթացքում: Այդ նշանակումները պատասխան են Սամվել Բաբայանի կողմնակիցների այն արտահայտությունների, թե Արցախում հնարավոր չի լինելու վերարտադրել Բակո Սահակյանի իշխանությունը: Կարծում եմ՝ նշանակումները ավելի շատ դրա հետ են կապված: Հայաստանի իշխանությունները հնարավոր է համաձայն չլինեն այդ նշանակումներին խոսակցությունների մակարդակով, բայց դրան ես լուրջ չեմ վերաբերվում:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
08-07-2019 18:58