Ինձ Կոտայքի մարզպետ նշանակվելու առաջարկ չի արվել. Իմ քայլի պատգամավոր

09-07-2019 13:48

Մեր զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը Պարոն Հակոբյան, մամուլում շրջանառվում է, որ հնարավոր է նշանակվեք Կոտայքի մարզպետ: Արդյոք եղե՞լ է նման քննարկում, առաջարկ: Նման քննարկում չի եղել: Ես Կոտայքի մարզից ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավոր եմ և ուզում եմ նշել, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը շատ լավ պաշտոնավարում է և բավական մեծ ու դրական արդյունքներ է ցույց տալիս: Մենք պարոն Պետրոսյանի հետ բոլորս աշխատում ենք նույն մարզի զարգացման համար և ոչ միայն: Ես կարծում եմ, որ նման ստահոդ տեղեկությունները պետք է ընդհանրապես քննարկման առարկա  չդառնան, որովհետև դրանք իրականության հետ աղերս չունեն: Ես օրենսդիր մարմնից որևէ տեղ տեղափոխվելու ցանկություն չունեմ, և Ռոմանոս Պետրոսյանի գործունեությունը որպես մարզպետ գնահատում եմ շատ լավ: Իսկ ինձ նման առաջարկ չի եղել: Աբովյանի քաղաքապետի ընտրություններին Դուք շատ ակտիվ դերակատարում եք ունեցել, անգամ քարոզարշավին էիք մասնակցում: Ընդհանուր առմամբ, լարվածությունը, որ առաջացել է իշխանության ներսում հատկապես Աբովյանի ընտրություններից հետո, ինչպե՞ս եք գնահատում՝ հաշվի առնելով, որ Սասուն Միքայելյանը հայտարարել է, որ ինտրիգ կա ներսում: Որևէ ինտրիգ չկա մեր քաղաքական թիմի ներսում: Գոնե ես տեղյակ չեմ այդ ինտրիգների մասին, մենք աշխատում ենք շատ դրական, նորմալ մթնոլորտում: Աբովյանի ընտրությունները իրողություն են, որոնք արդեն անցել են, և ես կարծում եմ, որ մենք պետք է շարժվենք առաջ, հետ նայելու կարիք չկա: Ռոմանոս Պետրոսյանի աշխատանքին իբրև մարզպետ իմ սատարումն եմ հայտնում: Սասուն Միքայելյանը մարզպետին մեղադրեց ընտրությունները ձախողելու մեջ: Դա ընտրությունների ձախողում չէր, պարզապես մեր քաղաքական թիմի թեկնածուն պարտվել է և դրա մեջ որքան մեղք ունի Ռոմանոս Պետրոսյանը, նույնքան մեղք ունեն քաղաքական թիմի մյուս անդամները: Ես կարծում եմ, որ քաղաքական պրոցեսները շարունակական են, և Աբովյանն ընտրել է այն քաղաքապետին, որին ցանկացել է աբովյանցին, ու դա նորմալ է: Կոչ եմ անում Աբովյանի քաղաքապետին և նրան սատարող քաղաքական թիմին շատ կառուցողական միջավայրում աշխատել Կոտայքի մարզպետի հետ: Դուք ևս կարծո՞ւմ եք, որ քրեաօլիգարխիան այս քաղաքում արմատներ ունի և այս ընտրությամբ այն շարունակվելու է: Ես ուզում եմ նշել, որ կոնկրետ Աբովյան քաղաքում քաղաքական հեղափոխություն իհարկե չի եղել, որը դե ֆակտո և դե յուրե կարձանագրվեր քաղաքապետի քաղաքական թիմի հաղթանակի առումով: Աբովյանում վերընտրվել է գործող քաղաքապետը և այդպիսին է եղել աբովյանցու ցանկությունը: Մենք պետք է հաշվի նստենք և հարգենք աբովյանցուն, նաև քաղաքապետին, որը պետք է իրականացնի քաղաքի ղեկավարումը: Բայց նույն աբովյանցին հեղափոխության օրերին պայքարում էր հեղափոխության համար: Ինչո՞ւ չցանկացավ քաղաքապետի մակարդակով ևս հեղափոխություն իրականացնել: Աբովյանում հանրահավաքի ժամանակ ես նշել եմ, որ Աբովյանը հեղափոխության ժամանակ իրոք շատ ակտիվ է եղել, և աբովյանցու ակտիվությունն էր նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի 8 հազարից ավելի քվեն: Սա մեծ ձեռքբերում է: Ես ուզում եմ մենք հասկանանք, որ Աբովյանի ընտրությունները քայլ առաջ էին, և այն թեկնածուն, որ ԲՀԿ-ի սատարման արդյունքում դարձավ քաղաքապետ, պարտավորված է լինելու շատ ավելի պատրաստակամ և ավելի լավ աշխատել, քան մինչ այդ եղել է, իհարկե, թերությունները շտկելով շարժվել առաջ: Ես ևս մեկ անգամ կոչ եմ անում տվյալ քաղաքապետին կառուցողական դաշտում Կոտայքի մարզպետի հետ միասին աշխատել և Աբովյանը դարձնել աբովյանցու երազած քաղաքը: Կոտայքի մարզպետի և Աբովյանի քաղաքապետի միջև փոխադարձ մեղադրանքներից, կսմթոցներից հետո հնարավոր կլինի՞ կառուցողական միջավայրում աշխատել: Ես արդեն նշեցի, որ ընտրություններն իրողություն են, որն արդեն անցել է: Մենք բոլորս պետք է  տեղափոխվենք կառուցողական դաշտ և այդ դաշտում հաշվի նստենք իրողությունների հետ: Աբովյանն ունի քաղաքապետ, որը նախկին քաղաքապետն է և վերընտրվել է: Քաղաքական թիմերը պետք է աշխատեն միասին: Այն, ինչ եղել է ընտրությունների ժամանակ և ընտրություններին հաջորդող մի քանի օրերին, գաղտնիք չէ ոչ մեկի համար: Կոտայքի մարզպետը հայտնել է իր տեսակետը, որոշակի գործընթացներ կան, որքան ես տեղյակ եմ, ևևս մեկ անգամ կոչ եմ անում նորմալ ձևով աշխատել ի շահ աբովյանցու: Եթե Սասուն Միքայելյանն աջակցեր ՔՊ թեկնածուին, հնարավո՞ր է այլ արդյունք լիներ՝ հաշվի առնելով, որ ընդամենը 400 ձայնի տարբերությամբ ՔՊ թեկնածուն պարտվեց: Պարոն Միքայելյանն իր հարցազրույցում ամեն ինչ ասել է և բաց ու թափանցիկ տեքստով ասել է, որ չի սատարել մեր թիմի ներկայացրած թեկնածուին: Ես չեմ կարող կանխորոշել կամ ենթադրություններ անել, թե ինչ կլիներ:

Lragir.am,
09-07-2019 13:48