Ամերիկայի որևէ դաշնակից, որ Ռուսաստանից զինամթերք է գնում, ենթակա է տուգանքի

Մեր զրուցակիցն է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը Պարոն Սասունյան, օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Ռուսաստանը համաձայնության են հասել C-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարման հարցի շուրջ եւ բացառել է ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սահմանումը, եւ դա չի խանգարի նաև ԱՄՆ-ից F 35 կործանիչներ ստանալուն: Տևական ժամանակ խոսվում էր, որ Ամերիկան չի ների Թուրքիային Ռուսաստանի հետ նման գործարքի գնալու համար, սակայն հիմա Թրամփը խնդիր չի տեսնում: Ստացվում է, որ թուրք-ամերիկյան լարվածության մասին խոսակցությունները մեկ հայտարարությամբ հօ՞դս ցնդեցին: Նախ ճշտում անեմ, Թրամփը չի ասել, որ խնդիր չի տեսնում, նա ասել է՝ խնդիր կա, բայց պետք է տեսնենք, թե ինչպես կարելի է լուծել այդ խնդիրը: Նաև ասել է, որ դա ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի մեղքն է, որ երբ Էրդողանը ցանկացել է ամերիկյան հրթիռներ գնել, իբր, Օբաման մերժել է և չի վաճառել: Հետո էլ, երբ Էրդողանը ցանկացել է Ռուսաստանից հրթիռներ գնել, ամերիկացիներն ասել են՝ դա լավ գաղափար չէ, ինչու չես գնում մեր հրթիռները: Թրամփն ասում է, որ դա շատ վատ վերաբերմունք է եղել Ամերիկայի նախկին նախագահի կողմից Թուրքիայի հանդեպ, որ այդպես չի կարելի բիզնես անել, որ Թուրքիան մեր լավ բարեկամն է, ես թուրքերին շատ սիրում եմ: Ասեմ, որ այստեղ շատ լուրջ հարցեր կան. մեկն այն է, որ ԱՄՆ Կոնգրեսը երեք անգամ որոշում է կայացրել, որ Թուրքիայի հանդեպ շատ լուրջ սանկցիաներ կկիրառեն, եթե Թուրքիան առաջ գնա և գնի ռուսական հրթիռները: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոնմպեոն շատ լրջորեն հայտարարել է, որ Թուրքիան որպես ՆԱՏՕ-ի անդամ չի կարող ռուսական հրթիռներ օգտագործել, որովհետև դրանք չեն համընկնում ամերիկյան կամ արևմտյան ռազմական համակարգի հետ: ԱՄՆ անվտանգության խորհրդի զանազան անդամներ ևս նման հայտարարություններ արել են Թուրքիայի որոշման դեմ: Երրորդ, Ամերիկան մի օրենք ունի, որն ասում է, որ Ամերիկայի որևէ դաշնակից, որ Ռուսաստանից զինամթերք է գնում, ենթակա է տուգանքի: Դա օրենք է, Թրամփի որոշումը չէ: Այդ օրենքով այդ տուգանքը պետք է դրվի: Բացի այդ, հատուկ հարց կա. ամերիկյան F-35 ռազմական օդանավերը, որոնք ամենաժամանակակից օդանավերն են, Թուրքիան մասնակցություն ունի դրանց արտադրության մեջ: Այդ օդանավի որոշ հատվածներ Թուրքիան է արտադրում և արդեն ԱՄՆ-ին վճարել է մեկ մլրդ դոլար, որպեսզի 116 հատ F-35 օդանավ գնի: Վերջին ամիսներին թուրք օդաչուները մարզվում էին Ամերիկայում այդ օդանավերի վրա: Հիմա մարզումները դադարեցրել են և թուրք օդաչուներին հետ են ուղարկում Թուրքիա: Այսինքն՝ այս մի քանի կուտակված բարդ հարցերը կան: Էրդողանի և Թրամփի միջև այդ խոսակցությունը տեղի է ունեցել հունիսի 29-ին, Ճապոնիայի Օսակա քաղաքում: Խոսակցությունը եղել է լրագրողների ներկայությամբ: Լրագրողները Թրամփից հարցրեցին, թե արդյոք պատրաստվում է այցելել Թուրքիա, ինչին նա պատասխանեց, որ Էրդողանն իրեն հրավիրել է, բայց ժամկետները դեռ որոշված չեն: Այս ամենից ի՞նչ եզրակացություն: Եզրակացությունն այս ամենից այն է, որ մի կողմից Թուրքիան խախտում է ամերիկյան օրենքները, երկրորդ, Թուրքիան Ամերիկայի և ՆԱՏՕ-ի ռազմական համակարգը վտանգում է ռուսական հրթիռներ ներառելով: Ռուսական հրթիռները չեն համապատասխանում ամերիկյան կամ ՆԱՏՕ-ի հրթիռային համակարգի հետ: Երրորդ, ամերիկյան F -35 օդանավը, որ ամենաարդիական ռազմական օդանավն է, պարունակում է շատ գաղտնիքներ, ու եթե այդ հրթիռները լինեն Թուրքիայում և ռուսներն էլ իրենց հրթիռներով լինեն Թուրքիայում, իրենք կարող են իմանալ այդ օդանավի գաղտնիքները և պատերազմի ժամանակ այդ օդանավերը կարող են ավելի խոցելի լինել ռուսական հրթիռների համար: Սրանք են խնդիրները: Մյուս կողմից, Թրամփը նախկինում էլ, հիմա էլ շատ հստակ ասել է, որ Էրդողանին շատ սիրում է, թուրքերին շատ սիրում է, Էրդողանն իր լավ ընկերն է: Երբ մեկ տարի առաջ Թուրքիայի ընտրություններում Էրդողանը թեկնածու էր և կեղծիքներով ընտրվեց ու ամբողջ աշխարհը քննադատեց այդ ընտրությունները, զարմանալիորեն Թրամփը զանգեց ու շնորհավորեց Էրդողանին, ոչ մի բացասական խոսք չասելով ընտրությունների մասին: Հայտնի է, որ Թրամփն ինչ-որ անձնական պատճառ ունի, որ միշտ ուզում է Էրդողանի և Թուրքիայի հասցեին միշտ դրական արտահայտվել: Ստամբուլում կան երկու բարձրահարկ շենքեր, որոնց վրա Թրամփ է գրվել, բայց այդ շենքերը պատկանում են մի թուրք բիզնեսմենի, ոչ թե Թրամփին: Ու քանի որ Թրամփը թույլ է տվել, որ իր անունը լինի շենքերի վրա, այդ շենքերից եկամուտը ավելի կլինի: Թրամփին դրա համար տարեկան մի քանի մլն դոլար են վճարում: Ես կասկածներ ունեմ, որ Թրամփը, ինչպես մի շարք այլ պարագաներում, գերադասում է իր անձնական շահն ու եկամուտը Ամերիկայի ազգային շահերից: Այդ ամենը հաշվի առնելով՝ այս փուլում ինչպե՞ս կգնահատեք թուրք-ամերիկյան հարաբերությունները: Մյուս կողմից առկա է թուրք-ռուսական մերձեցում: Այս վիճակում Հայաստանն ինչպիսի՞ դիրքում է հայտնվում: Ինչ վերաբերում է թուրք-ամերիկյան հարաբերություններին, ես դրանք կբնորոշեի վատ, որովհետև Կոնգրեսը շատ զայրացել է Թուրքիայի կողմից ռուսական հրթիռներ գնելու գործարքից: Դրա շուրջ շատ լուրջ վեճեր կան Ամերիկայի և Թուրքիայի միջև: Թրամփը երկընտրանքի առջև է հայտնվել. Մի կողմից ուզում է թուրքամետ լինել, մյուս կողմից հասկանում է, որ ամերիկյան օրենք կա, որով պետք է պատժվի Թուրքիան: Նաև լուրջ ռազմական խնդիրներ կան այդ հրթիռների պատճառով, և Թրամփը չի կարող անտեսել այդ խնդիրները: Թրամփն ասում է, որ մի քանի տարբերակներ կան, թե ինչպես կարող են այդ հարցը լուծել: Եթե ես ենթադրելու լինեմ, թե ինչ կանի Թրամփը՝ նկատի ունենալով իր նախկին վերաբերմունքն այսպիսի հարցերում, ինքը հավանաբար ծանր պատժի չենթարկի Թուրքիային, ինչպես օրենքը պահանջում է, բայց որոշակի քայլեր կանի թուրքերի հետ կապված որոշակի ժամանակահատվածի համար: Դրանով նա կկարողանա պատասխան տալ Կոնգրեսին, ասելով, որ տեսեք, ես քայլ արեցի, որով հակազդեցի Թուրքիայի կողմից ռուսական հրթիռներ գնելուն: Հստակ չենք կարող ասել, թե ինչ կանի Թրամփը: Ոչ կարող է անտեսել խնդիրը, ոչ էլ կարող է 100 տոկոսով պատժի ենթարկել Թուրքիային: Նա փորձում է միջին մի ճանապարհ գտնել: Ինչ վերաբերում է ռուս-թուրքական հարաբերություններին, ապա կարծում եմ՝ այդ հարաբերությունների ջերմացումը շատ վատ է Հայաստանի համար: Մենք միշտ այն տպավորության տակ էինք, որ թուրքերը որպես մեր մշտական թշնամին, Ցեղասպանությունից սկսած մինչև մեր օրերին սահմանի փակումը, Ադրբեջանին ռազմական աջակցությունը, թուրք-ազերի դաշնակցությանը որպես հակակշիռ ռուսները, Գյումրիում ռուսական ռազմակայանը կարող են պատնեշ լինել Հայաստանի համար: Բայց երբ ռուս-թուրքական հարաբերությունները ջերմ են, դա վտանգում է մեր ազգային անվտանգությունը: Մենք չգիտենք, թե որքան հեռու կարող է գնալ ռուս-թուրքական ջերմացումը: Մեր միակ հույսն այն է, որ ինչ-որ մի դեպք կպատահի, ինչպես պատահեց այն ժամանակ, երբ թուրքերը ռուսական ռազմական օդանավ խփեցին, որի հետևանքով նրանց հարաբերությունները մեկ տարի փչացան: Իմ հույսն այն է, որ նորից նման մի բան կպատահի Թուրքիայի և Ռուսաստանի միջև: Կամ Սիրիայի հարավում, որտեղ թուրքական բանակ կա, հնարավոր է բախում լինի ռուսական օդուժի և թուրքական բանակի միջև: Այդ դեպքում ռուս-թուրքական սիրաբանությունը կավարտվի:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
10-07-2019 00:37