ՍԴ-ն Քոչարյանի և մյուսների գործով որոշում է կայացրել

10-07-2019 14:06

Բարձր դատարանն արդեն որոշում է կայացրել սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորի դիմումի նախնական ուսումնասիրման վերաբերյալ, որն էլ կհրապարակվի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում` այսօր, «Ազատության»-ը փոխանցեց Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը: «Ազատության» հարցին, թե ի՞նչ է որոշել ՍԴ-ն, դատավորը չմանրամասնեց: Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 20-ին կասեցրել էր քրեական գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան: Գրիգորյանը Բարձր դատարանից խնդրել էր որոշել Քոչարյանին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու մասին հոդվածի սահմանադրականությունը և նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը: Սահմանադրական դատարանը հունիսի 11-ին հաղորդել էր, որ առաջին ատյանի դատարանի դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ երկարաձգվել է մինչև 2019 թվականի հուլիսի 9-ը՝ «լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու նպատակով»: Երեկ լրացել էր որոշում կայացնելու ժամկետը, բայց մինչև այս պահը հայտնի չէ, թե ի՞նչ է որոշել Բարձր դատարանը՝ վարույթ ընդունե՞լ դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը, թե՞՝ ոչ:

Lragir.am,
10-07-2019 14:06