Այսօրվա վթարի պատճառը. ինչպես հաջողվեց խուսափել blackout-ից

Մեր զրուցակիցն է Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահե Դավթյանը Պարոն Դավթյան, էներգետիկ համակարգում խոշոր վթար է գրանցվել, որը, ըստ գնահատականների, վերջին 22 տարվա մեջ առաջին անգամ էր: Ըստ մի վարկածի՝ վթարն Իրանից է գալիս: Ի՞նչ է Ձեզ հայտնի:  Իրանի և Հայյաստանի էլեկտրաէներգետիկ համակարգերը սինխրոնիզացված են, և ցանկացած խոշոր վթար հայկական կամ իրանական համակարգերում իր որոշակի ազդեցությունն է ունենում երկու երկրների էներգահամակարգերի վրա: Հիշենք 2013 թ., երբ Հայաստանի և Իրանի էներգետիկ համակարգերը վթարի արդյունքում դուրս եկան սինխրոն ռեժիմից, ինչը անվտանգային ռիսկ ստեղծեց, քանի որ փաստացի նախադրյալներ ստեղծեց Հայաստանի էներգահամակարգի իզոլացման համար: Այդ վթարի հետևանքները չեզոքացվեցին 2-3 ժամի ընթացքում, սակայն դա ուղղակիորեն անդրադարձավ ՀԱԷԿ-ի աշխատանքի ու, մասնավորապես, էլեկտրաէներգիայի ինքնարժեքի վրա: Ինչ վերաբերում է այսօրվա վթարին, ապա դրա պատճառն այն է, որ ԱԷԿ-ի մոդեռնիզացման աշխատանքների պատճառով հիմնական գեներացիոն բեռն ընկնում է ՋԷԿ-երի վրա: Այդպիսին է Հայաստանի էներգետիկ համակարգի ֆունկցիոնալ մոդելը: Այժմ էլեկտրաէներգիայի սպառման պիկային ժամանակահատված է, և ՋԷԿ-երը, որոնք ավանդաբար գեներացման մոտ 40%-ն են ապահովում, ի վիճակի չեղան կրելու այդ բեռը: Բարեբախտաբար, հիդրոէներգահամակարգը մասամբ նվազեցրեց ռիսկերը, ինչը թույլ տվեց խուսափել Հայաստանի էներգահամակարգում blackout-ից: Վթարի հետևանով Երևան ՋԷԿ-ի ու Հրազդան ՊՇԷԿ 5-րդ բլոկի աշխատանքները դադարեցվել են: Արդյոք սա վկայում է, որ էներգանվտանգության հետ կապված խնդիրներին լրջագույն ուշադրություն չի դարձված: Հայաստանի էներգահամակարգն ունի նոր խորքային լուծումների կարիք: Ենթակառուցվածքների մոտ 40%֊ը 40 տարի է ինչ չի վերազինվել: Արդյունքում մենք կարող ենք կորցնել մեր էներգետիկայի զարգացման ամենակարևոր նախադրյալը՝ էլեկտրաէներգիայի կայուն արտահանման ներուժը: Այս առումով շատ կարևոր է Երևանի ՋԷԿ-ի նոր բլոկի կառուցման նախագիծը: Ինչ վերաբերում է Հրազդան 5-ին, ապա այստեղ շատ կարևոր է ապահովել ռուսական կողմի ներդրումային քաղաքականության արդյունավետության գնահատման հստակ մեխանիզմներ: Դրանք այսօր, իհարկե, կան, սակայն ինչպես ցույց է տալիս վերջին տարիների փորձը, հաճախ ֆորմալ բնույթ են կրում: Պարոն Դավթյան, Մհեր Գրիգորյանը, վերադառնալով Իրանից, նշել է, որ Հայաստանն Իրանի հետ սկսել է ներքին սպառման համար գազի մատակարարման շուրջ բանակցություն՝ դրա դիմաց ապրանքով վճարելու տարբերակով: Որքանո՞վ այս բանակցությունները կյանքի կկոչվեն: Եվ սա որքանո՞վ կշարժի Ռուսաստանի       «խանդը»: Միջազգային պատժամիջոցների կիրառման արդյունքում Իրանը կարող է հայտնվել առանձին ապրանքատեսակների պակասուրդի պայմաններում: Տեսականորեն այդ պակասուրդը կարող է ծածկել նաև Հայաստանը՝ փոխանակելով ապրանքը գազի հետ: Նման փորձ մենք արդեն ունեցել ենք, երբ 1990-ականների վերջին 2000-ականների սկզբին Թուրքմենստանից ներկրվող բնական գազի ծավալի մի մասի դիմաց մենք վճարում էինք տեքստիլ արտադրանքով: Ներկայումս խնդիրն այն է, որ Իրանից ներկրվող բնական գազի ծավալների ավելացման համար անհրաժեշտ է ներքին շուկայում գոնե սպառման կայուն ու դրական դինամիկա ապահովել: Եկեք չմոռանանք 2013 թ. ՌԴ հետ կնքված գազային համաձայնագրերը, որոնցով նաև որոշակի ծավալային պատասխանատվություն է սահմանված: Խնդիրն, ըստ իս, այն է, որ եթե վերոնշյալ բարտերն իրականացվի «էլեկտրաէներգիա գազի դիմաց» բանաձևի հաշվին, այսինքն՝ էլեկտաէներգիայի փոխարեն ինչ-որ ապրանքներ արտահանվեն Իրան, ապա դա լուրջ ռիսկ կստեղծի Հայասռանի էներգահամակարգում, որի համար կայուն արտահանումը բացարձակ անհրաժեշտություն է: Այս սցենարը հատնապես ուրվագծվում է՝ հաշվի առնելով այն, որ իրականում Իրանի համար «էլեկտրաէներգիա գազի դիմաց» գործարքը ֆորմալ բնույթ է կրում ու ավելի շատ քաղաքական նպատակ է հետապնդում: Ինչ վերաբերում է Ռուսաստանի խանդին, ապա, հավատացեք, Հայաստանի գազատրանսպորտային համակարգում Մոսկվան վաղուց իրեն ապահովագրել է: Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն առաջիկայում նման խնդիրներից խուսափելու համար: Նախ՝ անհրաժեշտ է օր առաջ մշակել ու սկսել կյանքի կոչել Հայաստանում միջուկային էներգետիկայի զարգացման երկարաժամկետ ճանապարհային քարտեզը: Արդեն այսօր պետք է հստակ պատկերացում ունենալ առ այն, թե ինչ հզորության կայան է պետք Հայաստանին, ինչ միջոցներ են անհրաժեշտ և որ պոտենցիալ ֆինանսական դոնորների հետ է պետք սկսել բանակցել: Կառավարության ծրագրում հստակ նշված է, որ ՀԱԷԿ-ը անհրաժեշտ է մեր էներգահամակարգի համար, սակայն այս փաստի արձանագրումը բավական չէ: Եթե մենք չենք գնում Հայաստանի էներգահամակարգի կառուցվածքային փոփոխությունների և շարունակում ենք դեռ 1980-ականներին ստեղծված համակարգի վիա հիմնվել, ինչն ունի նաև օբյեկտիվ պատճառներ, ապա միջուկային էներգետիկայի զարգացումը և ատոմակայանի նոր բլոկի կառուցումը պետք է հայտարարվի որպես ազգային գերնպատակ: Ակնհայտ է, որ ՀԱԷԿ-ը կայուն գեներացիա ապահովող օբյեկտ է, որի առկայությունը նվազեցնում է նման վթարների հնարավորությունները:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
10-07-2019 18:16