Արդեն հինգ մարզում բնակչության բացասական հավելաճ է գրանցվել

Հուլիսի 11-ին նշվում է աշխարհի բնակչության համաշխարհային օրը: Հայաստանում այս տարի առաջին անգամ առանձին մարզերում մահերը գերազանցել են ծնունդները: Մասնագետներն ահազանգում են, որ դեպոպուլյացիայի գործընթացը կարող է խորանալ: Խնդրի շուրջ Lragir.am-ը զրուցել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանի հետ: Տիկին Հարությունյան, այս տարի առաջին անգամ որոշ մարզերում դեպոպուլյացիա է արձանագրվել: Ի՞նչ միտումներ են սրանք: Որպեսզի լավ պատկերացում կազմեք, ասեմ, որ 1990 թվականին մենք ունեինք 57 900 դրական բնական հավելաճ: Այսինքն՝ այդքան ավելի շատ մարդ էր ծնվում, քան մահանում: 2018  թվականի տվյալներով՝ ունեցել ենք 11 900 բնական հավելաճ: Բայց երբ նայում ենք մարզային կտրվածքով, նախորդ տարի առաջին անգամ Հայաստանում՝ Լոռու մարզում ունեցանք բացասական բնական հավելաճ: Մինուս 90 էր ցուցանիշը: Մյուս երկու խնդրահարույց մարզերը Տավուշն ու Վայոց Ձորն էին: Տավուշում նախորդ տարի ընդամենը 32 ծնունդ էր գրացվել, իսկ Վայոց Ձորում՝ 147: Միտումը դրական էր, բայց ամենափոքրաթիվ ծնունդներն էին գրանցվել այս երկու մարզերում: 2019 թվականի առաջին եռամսյակի տվյալներով արդեն հինգ մարզում ունենք բացասական հավելաճ: Առաջատարը Լոռին է՝ մինուս 121, հաջորդում են Շիրակը՝ մինուս 112, Սյունիքում՝ մինուս 67, Տավուշում՝ մինուս 61 և Վայոց Ձորում՝ մինուս 10: Մեկ մարզում ունենք զրո ցուցանիշ՝ 332 ծնված ու մահացած անձ: Իսկ ծնունդների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Արմավիրի մարզում՝ պլյուս 121 էր բնական հավելաճը: Ինչի՞ հետևանքով է այս իրավիճակն առաջացել: Գիտեք, որ վերջերս վարչապետին կից ստեղծվել է ժողովրդագրության իրավիճակի բարելավման հանձնաժողով, այնտեղ սկսեցին ուշադրություն դարձնել այս խնդրին: Եվ որպեսզի հասկանանք, թե որոնք են պատճառները, մենք որոշեցինք հետազոտություն իրականացնել հենց Լոռու մարզում: Միաժամանակ հետազոտություն իրականացրեցինք Արարատի մարզում, որտեղ էլ նախորդ տարի էր բնական հավելաճն ամենաբարձրը: Այդ հետազոտությունը դեռ ընթացքի մեջ է, ընթացքում էլ բարդացավ, քանի որ միայն երկու մարզը համեմատելով չէինք կարող խորքային տվյալներ ստանալ, որոշեցինք մյուս մարզերն էլ նայել: Մենք գրեթե մեկ ամսից այդ հետազոտության արդյունքները կունենանք և կկարողանանք արդեն հստակ խոսել պատճառների մասին: Բայց կարող եմ ենթադրաբար ասել, որ այդ գործընթացի վրա բացասական ազդեցություն կարող է ունենալ այդ մարզերում մահացության բարձր ցուցանիշը, ծնելիության ցուցանիշի կրճատումը: Կարող է պատճառն արտագաղթը լինել, ամուսնալուծությունները, ներքին միգրացիան, երբ բնակչությունն արտագաղթում է մեծ քաղաքներ: Վստահ եմ, որ շատ շուտով մենք ավելի հավաստի տվյալներ կունենանք: Ըստ մասնագետների կանխատեսումների՝ սպասվում էր, որ 2025 թվականին պետք է բնական հավելաճը բացասական լիներ, այսինքն՝ կարո՞ղ ենք ասել, որ գործընթացն արագացվել է: Այո, մեր կանխատեսումները ցույց են տալիս, որ հանրապետության մակարդակով այդ ժամանակ է դեպոպուլյաիցա արձանագրվելու: Դա հանրապետության մակարդակով է, ոչ մարզային: Այսինքն՝ բնական հավելաճի բացասական ցուցանիշ դեռ սպասվում է, քանի որ գիտեք՝ մենք ծերացող բնակչություն ունենք: Մեր երկրում տարիներ շարունակ ժողովրդագրական խնդիրներ են եղել, բնակչության սեռատարիքային կազմում մեծ փոփոխություններ են տեղի ունեցել: Քանի որ տարիներ շարունակ ծնունդների թիվը շարունակական անկում է գրանցել, մյուս կողմից ունեցել ենք մեծ արտագաղթ, հետևաբար, հիմա մեր տարեցների թվաքանակը բնակչության կազմում շատացել է: Մյուս կողմից էլ ավելացել է կյանքի տևողությունը և գնալով ավելանալու է: Հետևաբար, մեծ տարիք են մուտք գործում ավելի մեծ թվով բնակիչներ, բնականաբար, իրենք էլ մահանալու են: Եվ ստացվելու է այն, որ մահացողների խումբը՝ 65+ բնակչությունը գնալով ավելանալու է: Այսօր 12 տոկոս է կազմում այդ խումբը, բայց մեր կանխատեսումներով՝ 2050 թվականին կազմելու է մոտ 22 տոկոս: Ինչպե՞ս պետք է լուծվեն այս խնդիրները, ի՞նչ քայլեր են անհրաժեշտ: Միջազգային փորձն ասում է, որ մեկ բաղադրատոմս կամ լուծում չկա այս խնդրին: Պետք է հարցին համապարփակ նայել, քանի որ այն առնչվում է շատ ոլորտների հետ: Ամենակարևոր լուծումն այն է, երբ երկրի բնակչությունը իր հույսն ու իր ընտանիքի ապագան կապում է մեր երկրի հետ: Սա շատ կարևոր գործոն է: Մյուս կարևոր գործոնն այն է, որ երիտասարդներն, ովքեր պլանավորում են ընտանիք կազմել ու երեխաներ ունենալ, զուգահեռ աշխատել կամ սովորել, այդ պայմանները պետք է ստեղծվեն: 2017 թվականին վերարտադրողական վարքագծի մասին մեր կողմից իրականացված հետազոտությունը ցույց տվեց, որ Հայաստանում մեր երիտասարդները ցանկանում են ունենալ երեք երեխա, սակայն իրականում ունենում են մեկը կամ երկուսը: Մենք հետազոտության շրջանակներում նաև հարցրել ենք, թե ի՞նչ աջակցություն են ակնկալում պետությունից, որպեսզի իրենց համար ցանկալի թվով երեխաներն ունենան: Իրենք մատնանշում էին հենց այն քայլերը, որոնք զարգացած երկրներն իրականացրել էին և դրական դինամիկա էին գրանցել, օրինակ՝ ծնունդների թվի աճ: Նախ, հարցվածներն ուզում են ունենալ բավարար աշխատավարձ, բնակարանային պայմանների բարելավում, որպեսզի «կամ-կամ» մոդելը՝ կամ ընտանիք, կամ աշխատանք, փոխարինեն «և-և» մոդելով: Մարդիկ ուզում են հնարավորություն ունենալ և ընտանիք կազմել, և աշխատանքով ապահովված լինել, և ռիսկ չլինի, որ երեխա ունենալը բացասաբար կազդի ընտանիքի բարեկեցության վրա: Շատ կարևոր է ներդրումներ անել երիտասարդների համար՝ առողջապահական, կրթական համակարգերը բարելավել, ինչի արդյունքում արդեն մեր երիտասարդները կցանկանան մնալ ու ապրել Հայաստանում:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
10-07-2019 20:10