Եթե իշխանությունը հետ է կանգնում հեղափոխական օրակարգերից, ազնիվ կլինի դրա մասին հայտարարել

Մեր զրուցակիցն է ՔՈ կուսակցության անդամ, քաղաքագետ Գոռ Հակոբյանը Պարոն Հակոբյան, ինչպե՞ս եք գնահատում ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակը, երբ մի կողմից Վահե Գրիգորյանը հայտարարում է, որ ՍԴ-ում առկա է ճգնաժամ, մյուս կողմից Հրայր Թովմասյանը հայտարարում է, որ ճգնաժամ չկա և որ ինքը չի պատրաստվում հրաժարական տալ: Կա վեճ Սահմանադրական դատարանի լեգիտիմության վերաբերյալ: Մի մասը գտնում է, որ կեղծված սահմանադրական հանրաքվեները ստեղծել են դե յուրե ինստիտուտներ, որոնք ծառայել են քրեա-օլիգարխիկ դե ֆակտո համակարգին: Եվ այս դիտանկյունից վեճը, թե արդյոք ՍԴ անդամը դատավոր է, թե ոչ, անիմաստ քննարկումներ են: Մյուս մասը, ինչպես օրինակ Վահե Գրիգորյանը կամ Հրայր Թովմասյանը և նրանց թեզերին կողմ խմբերը ընդունում են սահմանադրական հանրաքվեների արդյունքները և փորձում են մեկնաբանել Սահմանադրությունը: Նրանք փորձում են մեկնաբանել Սահմանադրի կամքը, այն է` հասկանալ, թե ինչ է ցանկացել ամրագրել ժողովուրդը Սահմանադրության այս կամ այն հոդվածում: Բայց մի բան հաշվի չեն առնում, որ Սահմանադիրը զրկված է եղել Սահմանադրության մշակման գործընթացից, իսկ հանրաքվեի արդյունքները կեղծվել են: Իրականում Սահմանադրությունը գրվել է փոքրաթիվ արտոնյալ խմբերի կողմից և ընդունվել է նրանց ու իրենց անձնական ու խմբային շահերին ծառայեցնելու համար: Այդ առումով ուղղակի հասկանալու համար կարելի է դիմել Սերժ Սարգսյանին ու հարցնել՝ ինչ եք նկատի ունեցել, երբ այդպիսի հոդված եք ձևակերպել Ձեր Սահմանադրության մեջ․ սա հումորով եմ ասում, բայց նաև արտացոլում է իրականությունը: Պետք չէ ապրել պատրանքով և պնդել, որ սա ժողովրդական Սահմանադրություն է, և փորձել այնտեղ արտացոլված էլիտիստական ու խմբակային արժեքները և համակարգերը պարտադրել ժողովրդին: Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս պետք է այս ճգնաժամը հաղթահարվի: Այս պարագայում լավագույն լուծումը կլիներ նոր Սահմանադրության ներառական ու մասնակցային մշակումը և ընդունումը, սակայն հաշվի առնելով, որ արդեն մի տարի կորցրել ենք, իսկ ապագայում ես չեմ տեսնում ներկա կառավարող ուժի մոտ քաղաքական վճռականություն և կամք` սկսելու այդ գործընթացը, իմ առաջարկը կոնկրետ Սահմանադրական դատարանի լեգիտիմության, կազմի, նպատակների ու գործառույթների վերաբերյալ առանձին հանրաքվեի անցկացումն է: Կոնկրետ նպատակով ձևակերպված հանրաքվեն կլինի ամենաարդյունավետ ու սահմանադրականության ու իրավունքի դիտանկյունից ամենաճիշտ որոշումը: Եթե պետական մյուս մարմինները հիմք ընդունեն իրենց ներկայացուցչական մանդատը և փորձեն առանց Սահմանադրի մասնակցության լուծել հարցը, ապա կչարաշահեն իրենց լիազորությունները, և ամեն դեպքում այն լինելու է կարճաժամկետ, քանի որ առաջացնելու է պերմանենտ սահմանադրական ճգնաժամեր: Կա ևս մեկ տարբերակ, որն այնքան էլ նախընտրելի չէ, սակայն կարող է աշխատել: Ներկայացուցչական մարմինները կոնսեսուսով լուծում են առաջացող ճգնաժամը, սակայն պարտադիր նշում են, որ սա ժամանակավոր է մինչև նոր Սահմանադրության մշակումը կամ կոնկրետ հանրաքվեի իրականացումը: Բայց ժամկետները պետք է լինեն հստակ և ողջամիտ, այնպես չլինի մի տաս տարի ժամանակավոր դառնա: Սահմանադրական փոփոխությունները որքանո՞վ են ուշանում, իշխանությունը չպե՞տք է արագ ձեռնամուխ լիներ այդ փոփոխություններին: Շուրջ մեկ տարի առաջ Ձեզ հետ հարցազրույցում նշել եմ, որ Սահմանադրական փոփոխությունները այս նոր կառավարող ուժի համար պետք է լինեին առաջնահերթություն: Ցավոք, անցել է 1 տարի ու դեռևս որևէ քայլ չի արվում այդ ուղղությամբ, որն էլ առաջացնում է բազմաթիվ խնդիրներ: Մարդկանց ու ինչու չէ նաև կառավարող ուժի մեծամասնությունը կարծում է, որ Սահմանադրությունը ուզում ենք փոխվի, քանի որ այն կեղծվել է: Իրականում խնդիրը ավելի խորքային է, 2018-ի հեղափոխությունից հետո մենք հայտարարել ենք, որ ցանկանում ենք կառուցել Նոր Հայաստան, և Սահմանադրությունը, կամ մեր միմյանց հետ ապրելու համակեցության կանոնները պետք է դառնան այդ պետականության հիմքը: Ճիշտ է, հեղափոխությունը պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականը, բայց մարդկանց մեծամասնությունը մերժելով Սերժին, գոնե ենթագիտակցորեն մերժում էր ողջ նախկին համակարգը և ցանկանում էր արմատական փոփոխություններ: Ժողովուրդը հեղափոխություն էր ուզում, հեղափոխական գործելաոճ և արդյունքներ: Եվ կառավարող ուժը տվել է այդ խոստումը: Եվ եթե հիմա նրանք հետ են կանգնում արմատական և հեղափոխական օրակարգերից և նպատակներից, ապա ազնիվ կլինի դրա մասին հայտարարել ու նշել, որ իրենք սահմանափակվում են միայն իշխանափոխությամբ և անում են այն, ինչ կարող են, այլ ոչ թե այն, ինչ անհրաժեշտ էր անել: Հեղափոխական էներգիան վերածել ընդամենը պարզ իշխանափոխության և հայտարարել, որ ամեն ինչ լավ է լինելու, դա կամ անկարողության նշան է, կամ չիմացության, կամ էլ երկրի զարգացման ռազմավարության բացակայություն: Բացի այս ամենը, ներկա Սահամանդրությունը այս մեկ տարվա ընթացքում ապացուցել է իր անարդյունավետ լինելը: 2018-ի աշնանը, երբ պետք էր ցրել Ազգային Ժողովը և նշանակել նոր ընտրություններ, Սահմանադրությունը այդ հնարավորությունը չէր տալիս, հնարավոր եղավ իրականացնել նոր ընտրություններ քաղաքական գործիքների միջոցով, նույնը տեղի է ունեցել արդարադատական համակարգի փոփոխություններ անելու ժամանակ, երբ կրկին Սահմանադրությունը հնարավորություն չի տալիս փոխել նախկին իներցիան: Երկու դեպքում էլ Նիկոլ Փաշինյանի կոչով ժողովուրդը կրկին դուրս է եկել փողոց, իրավիճակը դարձրել հեղափոխական և նոր հնարավոր է եղել ինչ-որ բաներ անել: Հիմա Սահմանադրական դատարանի հետ կապված նույն խնդիրն է: Քանի դեռ հեղափոխական էներգիան չի սպառվել, իսկական ժամանակն է կայացնել պետական այնպիսի ինստիտուտներ, որոնք կդիմանան ժամանակի փորձությանը: Անցումային արդարադատության և վեթինգի իրականացման իշխանության քայլերը որքանո՞վ արդյունավետ կլինեն դատական իշխանության բարեփոխումների համար: Եթե անցումային արդարադատությունը, վեթթինգը, անօրինական սեփականության հետ վերադարձը, պատասխանատվության ինստիտուտը և մի քանի այլ հիմնարար դրույթներ միաժամանակ, համակարգային ձևով կատարվեն, ապա մենք կունենանք լավ արդարադատական համակարգ, իսկ եթե դրան զուգընթաց իրականացվեն մի շարք քաղաքական բարեփոխումներ և տրվեն անցյալին քաղաքական գնահատականներ, ապա երկրում կհաստատվի նաև արդարություն: Իսկ եթե իրականացվի միայն բաղադրիչներից որևէ մեկը առանձին, ապա ցանկալի արդյունք մենք չենք ունենա: Կստանանք մի նոր խեղված համակարգ:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
10-07-2019 22:59