Դոնալդ Տուսկի երեք մեսիջը. Երեւանը սկսել է կարեւոր բանակցություն

11-07-2019 10:38

Մեր զրուցակիցն է քաղաքագետ Նարեկ Մինասյանը Պարոն Մինասյան, ինչպե՞ս եք գնահատում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի Բաքու և Երևան այցելությունները: Տեսակետ կա, որ Ադրբեջանում Տուսկի ընդունելությունն ու ելույթները ցույց են տալիս Ադրբեջան-ԵՄ սառը հարաբերությունները, մինչդեռ, օրինակ, նրա մի քանի հայտարարությունները միանշանակ չընդունվեցին Հայաստանի կողմից, որտեղ նա նշել էր, որ ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Արդյոք սա հեռացող քաղաքական գործչի ուղերձ էր: Նախ պետք է նշել, որ այցը կրում է տարածաշրջանային բնույթ. նա այցելել է Բաքու, ապա Երևան, իսկ այսօր կմեկնի Բաթումի, որտեղ մասնակցելու է ԱՀԿ-ի 10-ամյակին նվիրված միջոցառմանը: Սա, ըստ էության, Տուսկի վերջին այցն է տարածաշրջան՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշնանը նրա փոխարեն նոր նշանակում է լինելու և թեկնածուներն արդեն հայտնի են: Նաև այս համատեքստում պետք է դիտարկել Տուսկի այցը և այդ ընթացքում արված հայտարարությունները: Մասնավորապես, այն հանգամանքը, որ Տուսկը թե Երևանում, թե Բաքվում ղարաբաղյան հակամարտության մասով կրկնեց նույն ուղերձները, որոնք մի քանիսն են: Նախ այն, որ խնդիրը պետք է լուծվի միայն քաղաքական ճանապարհով, այն ռազմական լուծում չունի: Երկրորդ ուղերձն այն էր, որ ԵՄ-ն աջակցում է համանախագահների ջանքերին և հակամարտության կարգավորումը պետք է հիմնվի Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների վրա: Երրորդ ուղերձը վերաբերում էր հումանիտար ծրագրերին ԵՄ-ի աջակցելու պատրաստակամությանը: Ղարաբաղյան խնդրի համատեքստում սրանք հիմնական երեք մեսիջներն էին, որոնք Տուսկը փորձեց փոխանցել կողմերին: Այնուամենայնիվ, Բաքվում հնչած հայտարարությունը, որի համաձայն ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, որոշակի տարակուսանք է առաջացնում, թե որքանով էր նպատակահարմար նման առանձին շեշտադրում անելը: Իհարկե, ԵՄ-ն տարբեր տարիների նմանատիպ տարբեր հայտարարություններ հնչել են, այնուամենայնիվ, նման տոնով հայտարարություն անելը որոշակի մտահոգությունների առիթ է տալիս: Կարծում եմ՝ Երևանում տետատետ հանդիպման շրջանակներում այդ հարցերին ևս անդրադարձել են: Երևանյան հայտարարության ժամանակ, ցավոք սրտի, հնարավորություն չկար, որ լրագրողները հարցեր ուղղեն Տուսկին: Ենթադրում եմ, որ եթե նման հնարավորություն լիներ, մարդը ստիպված կլիներ մեկնաբանել իր հայտարարությունները: Պետք է հուսալ, որ  Փաշինյան-Տուսկ հանդիպման շրջանակներում որոշակի պարզաբանումներ Տուսկը, այնուամենայնիվ, տվել է: Պետք է նաև հստակ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Տուսկն  իր խոսքում բացի տարածքային ամբողջականության աջակցություն հայտնելուց, հստակ ընդգծում է որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքներով, որոնք են՝  ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշման իրավունք: Հետևաբար չի կարելի ասել, թե ԵՄ դիրքորոշման մեջ կա փոփոխություն, որովհետև գոնե այն մոտեցումը, որ ամրագրված է Հայաստան-ԵՄ համաձայնագրում, նույն մոտեցումը հիմա արտահայտվում է: Ինչ վերաբերում է կոնկրետ տարածքային ամբողջականության սկզբունքի շեշտադրմանը, սա կարող ենք ինչ-որ առումով մեկնաբանել որպես հեռացող պաշտոնյայի կոմպլիմենտ կամ որոշակի ռևերանս Ադրբեջանին՝ նրան մոտիվացնելու ստորագրել ԵՄ-ի հետ բանակցվող համաձայնագիրը: Քանի դեռ  չկան մեկնաբանություններ գոնե պաշտոնական մակարդակով, մի փոքր բարդ է կանխատեսումներ անել, թե ինչպես կարելի է դա մեկնաբանել: Այնուամենայիվ, պետք է հստակ  արձանագրել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեսլականի մասով փոփոխություն չկա, որովհետև Տուսկը հիշատակել է հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները: Տուսկի՝ Բաքվում արած հայտարարությունը լուրջ քննադատության տեղիք տվեց նախկին իշխանությունների կողմից: Ինչպե՞ս եք սա գնահատում: Կարծում եմ՝ բնական է, որ ընդդիմադիր ուժերը պետք է փորձեն նմանատիպ  գնահատականներով հանդես գալ, ինչը նորմալ է: Այնուամենայնիվ, չպետք է մոռանալ այն հանգամանքը, որ նմանատիպ հայտարարություններ ԵՄ պաշտոնյաների կողմից եղել են նաև նախկինում: Ավելին, ԵՄ-ի Արևելյան գործընկերության համաժողովների եզրափակիչ որոշ փաստաթղթերում ևս աջակցություն էր հայտնվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Հետևաբար, սա նորություն չէ: Այլ հարց է, որ տվյալ դեպքում ԵՄ-ն կարծեք թե որոշակիորեն տարանջատում է տարածքային ամբողջականության աջակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանաձևից: Տուսկի հայտարարությունը կարելի է մեկնաբանել այդ համատեքստում: Որքանո՞վ է դա Հայաստանի վարած արտաքին քաղաքականության արդյունք: Չեմ կարծում, որ գոնե եվրոպական ուղղությամբ մենք խնդիրներ ունենք: Հակառակը, հեղափոխությունից հետո եվրոպական վեկտորը բավական ակտիվ զարգանում է: Ընդ որում, մի քանի ցուցիչներ կան. առաջինը փոխայցերի ինտենսիվությունն է, թե Փաշինյանի հաճախակի այցերը Բրյուսել, թե եվրոպական տարբեր պաշտոնյաների հաճախակի այցերը Երևան հստակ ցուցիչ են երկկողմ խորացող և բավականին դինամիկ զարգացող հարաբերությունների մասին: Երկրորդ կարևոր ցուցիչը բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններ են: Նույն Տուսկը, ինչպես նաև Յագլանդը, Մոգերինին, ԵՄ տարբեր կառույցների ղեկավարներ հստակ մեսիջներ են տալիս, որ բավական տպավորված են հայկական կողմի բարեփոխումների օրակարգով և այսօր ԵՄ-ն այդ բարեփոխումների օրակարգը կյանքի կոչելու թիվ մեկ գործընկերներից է: Նույն Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ծառայեցվում է այդ բարեփոխումների օրակարգն առաջ տանելուն: Երրորդ կարևոր ցուցիչը Հայաստան-ԵՄ համաձայնագրի գծով զարգացումներն են: Նախևառաջ, մենք տեսնում ենք, որ ճանապարհային քարտեզը բավական հաջող մշակվեց, որը ԵՄ-ի գնահատմամբ, բավական տպավորիչ է: Միաժամանակ, Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման պրոցեսը բավական դինամիկ զարգանում է: Օրերս էլ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը վավերացրեց այդ համաձայնագիրը: Սա ևս կարևոր ցուցիչ է, որ եվրոպական կողմի հետ երկխոսությունը բավական դրական հունով է ընթանում: Այսօր Երևանի և Բրյուսելի միջև փոխըմբռնման բարձր մակարդակ կա: Միաժամանակ կցանկանայի ընդգծել, որ հայ-եվրոպական հարաբերությունների ջերմ մթնոլորտը, ըստ էության, չի սահմանափակվում միայն ԵՄ-ի հետ հարաբերություններով: Եվրոպական առանձին երկրների հետ հարաբերություններում այսօր ունենք բավական դրական ֆոն, թե Ֆրանսիայի գծով, թե Գերմանիայի մասով, ինչը բավական կարևոր է: Սա կհանգեցնի՞ նրան, որ արագ տեղի ունենա ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացումը: Վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը պետք է տարանջատել Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի վավերացման գործընթացից, որովհետև այդ համաձայնագիրը չի ենթադրում վիզային ռեժիմի ազատականացում: Այնուամենայնիվ, այդ համաձայնագրի կյանքի կոչումը նպաստավոր պայմաններ է ստեղծում և կարող է հիմք հանդիսանալ վիզային ռեժիմի ազատականացման համար: Ինչպես հայտնի է, ԵՄ-ն հայտարարել է, որ որևէ խնդիր չի տեսնում Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման մասով, և ըստ էության, նույն Բրյուսելից հստակ ուղերձ են հղել, որ այդ հարցում Երևանը պետք է փորձի պայմանավորվածություն ձեռք բերել ԵՄ անդամ երկրների հետ: Այսինքն՝ ԵՄ անդամ բոլոր երկրները պետք է իրենց համաձայնությունը տան: Տվյալ դեպքում բավական հետաքրքիր է, որ վերջին շրջանում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ տարբեր եվրոպական երկրներ այցի շրջանակներում քննարկման օրակարգում ներառված է նաև վիզային ռեժիմի ազատականացման հարցը: Որոշ երկրներ արդեն հստակ հայտարարում են, որ իրենք որևէ խոչընդոտ չեն տեսնում վիզաների ազատականացման մասով: Այսինքն՝ կարելի է արձանագրել, որ այս մասով պաշտոնական Երևանը սկսել է բանակցությունները եվրոպական երկրների հետ, ինչը կարևոր է: Այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք, որ վիզային ռեժիմի ազատականացումը կարող է որոշակի օբյեկտիվ խնդիրների բախվել: Գիտեք, որ Արևելյան գործընկերության երկրներից ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման են հասել Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը: Վիզային ռեժիմի ազատականացումից հետո այդ երեք երկրներից դեպի եվրոպական տարբեր երկրներ արձանագրվեց ապօրինի միգրանտների բավական մեծ հոսք, ինչը բավական լուրջ քննարկումների առիթ դարձավ եվրոպական կողմից: Լարվածությունն այնքան մեծացավ, որ եվրոպական կողմը նախաձեռնեց վերահսկողական նոր մեխանիզմների, նոր գործիքների ներդրում, ինչը հստակ ցուցիչ էր, որ, ըստ էության, վիզային ռեժիմի ազատականացման մասով կան որոշակի դժգոհություններ եվրոպական տարբեր երկրներում: Ուստի հաշվի առնելով այս իրավիճակը, կարծում եմ, Հայաստան-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացում պետք է  հաշվի առնել այդ երկրների փորձը, որպեսզի խուսափենք նույն Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի սխալներից և չհայտնվենք մի իրավիճակում, երբ նույն ԵՄ-ն ինչ-որ  պահի սկսի դիտարկել վիզային ռեժիմի ազատականացման կարգավիճակի փոփոխության խնդիրներ: Միաժամանակ, մենք պետք է հստակ գիտակցենք, որ Հայաստանն ունի նաև միգրացիոն ռիսկեր այդ համաձայնագրի հետ կապված, հետևաբար, եվրոպական կողմից հետ բանակցելիս պետք է մաքսիմալ հաշվի առնել այլ երկրների փորձը և փորձել նվազեցնել հնարավոր ռիսկերը Հայաստանի համար:

Lragir.am,
11-07-2019 10:38