ՍԴ որոշումը Ռոբերտ Քոչարյանի գործով. օրը հայտնի է

11-07-2019 11:10

Սահմանադրական դատարանը (ՍԴ) որոշում է կայացրել քննության առնել Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու՝ 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը: Բարձր դատարանն այսօր ի վերջո հրապարակեց Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումի վերաբերյալ իր որոշումը: ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի որոշմամբ՝ գործի դատաքննությունը կմեկնարկի օգոստոսի 20-ին: Պատասխանող կողմ է ճանաչվել Ազգային ժողովը: Գործը կքննվի գրավոր: Ինչպես հայտնի է, ՍԴ դատավորները ավելի վաղ որոշում էին կայացրել, որ նոր դատավոր Վահե Գրիգորյանը չի կարող մասնակցել Քոչարյանի գործի քննությանը, քանի որ եղել է մարտիմեկյան գործով տուժողների շահերի պաշտպան: Հայտնի է նաեւ, որ մի շարք իրավաբաններ ու փաստաբաններ դիրքորոշում են հայտնել, որ ՍԴ մյուս դատավորներն էլ՝ մասնավորապես նախկին իշխող համակարգի ժամանակաշրջանում նշանակվածները, եւ մասնավորապես ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը եւս չեն կարող քննել Ռոբերտ Քոչարյանի գործը, քանի որ նրանք լինելով այդ իշխանության նշանակած ՍԴ անդամներ, չեն կարող լինել անաչառ: Ռոբերտ Քոչարյանի գործը քննելու ՍԴ որոշումը մասնագիտական որոշ շրջանակներում դարձյալ բողոք է առաջացրել, առ այն, որ Վերաքննիչը փոխել է Ընդհանուր իրավասության դատարանի որոշումը եւ ՍԴ-ն չուներ հարցը քննության առնելու իրավունք, այլապես դա միջամտություն է Եռաստիճան համակարգի գործունեությանը:

Lragir.am,
11-07-2019 11:10