Նկատողություն են ստացել ԱԳՆ որոշ դիվանագետներ. խոսնակ

11-07-2019 17:04

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կիրառում է սոցիալական մեդիայում վարվելակերպի կանոններ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: «Լինելով արտաքին անվտանգության հետ կապված պետական ծառայության տեսակ՝ ԱԳՆ կողմից կիրառվում են սոցիալական մեդիայում վարվելակերպի կանոններ՝ հիմնված «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի և «Դիվանագետի էթիկայի կանոնների» դրույթների վրա: Վերջիններս խախտելու համար, մասնավորապես աշխատանքային պարտականությունների կատարմանը սոցիալական ցանցերում շփումը գերադասող որոշ դիվանագետներ, անկախ աստիճանից, արդեն իսկ ստացել են բանավոր նկատողություններ: Նման կանոնների կիրառումը ընդունված պրակտիկա է շատ երկրներում ու մենք որպես թվային դիվանագիտության միջազգային սանդղակում առաջատար պետություն չենք պատրաստվում անտեսել այդ կարևոր գործոնը: ԱԳՆ-ում կա զրո հանդուրժողականություն ծառայողական կանոնակարգերի խախտման հանդեպ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է Նաղդալյանը:

Lragir.am,
11-07-2019 17:04