Տիգրան Խաչատրյանի հանդիպումը Լի Յոնգի հետ

11-07-2019 17:19

Հուլիսի 9-ից 10-ը Եկատերինբուրգում կայացած Արտադրության և արդյունաբերության գլոբալ գագաթնաժողովի (GMIS 2019) շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) գլխավոր քարտուղար Լի Յոնգի հետ: «Շատ ուրախ եմ հանդիպել Ձեզ այստեղ՝ քննարկելու մեր համագործակցության շրջանակը»,- նշել է ՄԱԱԶԿ-ի գլխավոր քարտուղարը՝ հավելելով, որ շահագրգռված է քննարկել ՄԱԱԶԿ ծրագրերի արդյունքները Հայաստանում: Տիգրան Խաչատրյանը և Լի Յոնգը խոսել են տնտեսության տարբեր ճյուղերում ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ համատեղ իրականացվող ծրագրերի մասին, մասնավորապես անդրադարձ է եղել տեքստիլ արդյունաբերության զարգացմանն ուղղված ծրագրի արդյունքներին: Կողմերը զրուցել են արդյունաբերական քաղաքականության մշակման առանձնահատկությունների մասին՝ ընդգծելով արդյունաբերության ճյուղերի թվայնացման և արտադրական գործըթնացներում նորարական տեխնոլոգիաների ներգրավման կարևորությունը: Տիգրան Խաչատրյանը նշել է նաև Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների ախտորոշման խնդիրը և ընդգծել, որ այդ գործընթացում ՄԱԱԶԿ աջակցությունը կարող է խիստ արդյունավետ լինել: ՄԱԱԶԿ գլխավոր քարտուղարը և ՀՀ էկոնոմիկայի նախարարը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցել այս համատեքստում: Կողմերը մտքեր են փոխանակել արդյունաբերության ոլորտում ՓՄՁ-ների աջակցության, բարձր շահույթի ապահովման, աշխատատեղերի ավելացման և տեխնոլոգիական վերազինման խնդիրների շուրջ:

Lragir.am,
11-07-2019 17:19