Ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքը (տեսանյութ)

11-07-2019 18:34

Հուլիսի 9-ին, ժամը 3-ն անց 50-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ Դիլիջանի ոլորաններում նկատել է փայտով բարձված 10-ից 15 բեռնատար: Ահազանգի մասին զեկուցվել է ՀՀ ոստիկանության պետին: Ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը հանձնարարել է ոստիկանության ստորաբաժանումներին անցնել շուրջօրյա ուժեղացված ծառայության, տեղակայել շարժական պահակետեր և հայտնաբերել ապօրինի ծառահատման դեպքեր: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների միջոցառումների շնորհիվ հանրապետության տարբեր հատվածներում հուլիսի 10-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է փայտանյութով բարձված 32 բեռնատար, որոնցից 9-ի վարորդները չեն ներկայացրել համապատասխան փաստաթղթեր: Ըստ նախնական տվյալների, նշված մեքենաներում հայտնաբերված ապօրինի փայտանյութը կազմել է ընդհանուր շուրջ 19 խմ, նաև 460 պարկ փայտածուխ: Ուժեղացված ծառայության ընթացքում 6 մեքենայի վարորդ չի ենթարկվել ոստիկանների «կանգառ» ազդանշանին: Դրանցից 3-ը հայտնաբերվել են և վարորդների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, նրանք տուգանվել են 200,000-ական դրամի չափով: Բացի այդ, հուլիսի լույս 11-ի գիշերը ՀՀ ազգային ժողովի պատգամավորներից մեկը իր ֆեյսբուքյան էջում փայտանյութով բարձված բեռնատարի լուսանկարներ է հրապարակել և հայտնել, որ Արցախից Երևան ավտոճանապարհին փայտով բեռնված մեքենաներ են: Ուժեղացված ծառայության ընթացքում ոստիկանները լուսանկարներում պատկերված մեքենան ու վարորդին հայտնաբերել են Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում: Մեքենայի վարորդը իրավապահներին է ներկայացրել «Արցախանտառ» ՊՈԱԿ-ի տրամադրած անտառանյութի բացթողման անդորրագիր: Ոստիկանության ուժեղացված ծառայությունը շարունակվում է: Կոչ ենք անում չխախտել օրենքը: Բոլոր օրինախախտները հայտնաբերվում են ու կանգնում արդարադատության առաջ:

Lragir.am,
11-07-2019 18:34