Եթե Դոնալդ Տուսկը այցելեր Արցախ… որտեղ է բաբախում Եվրոպայի սիրտը

Սա տեղ է, որտեղ բաբախում է Եվրոպայի սիրտը, Սեւանավանք այցից հետո ասել է Եվրոպայի Խորհրդի նախագահ Դոբալդ Տուսկը: ՙԹեեւ ես քաղաքական գործիչ եմ, սակայն մշակույթը առավել կարեւոր է: Ես իսկապես տպավորված եմ: Որպես եվրոպացի ես կարծում եմ, որ դա միայն իմ տեսակետը չէ, սա տեղ է, որտեղ բաբախում է Եվրոպայի սիրտը՚, ասել է Տուսկը: Հայաստանի մշակութային ժառանգությունը նա համարել է ամենատպավորիչներից մեկը, եւ ոչ միայն այս ռեգիոնում: Տուսկը նշել է, որ առաջին անգամ է խաչքար տեսնում եւ շատ տպավորված է: Հայ ժողովրդի մշակութային եւ պատմական ժառանգությունը պահպանվել է ամբողջ տարածքով, որը համարվում է ազգի արեալը՝ Արեւելյան Անատոլիայից, Կիլիկիայից մինչեւ Հյուսիսային Արցախ եւ Նախիջեւան: Եվ հենց դա է թույլ տալիս հայ ժողովրդին հայտարարել իր իրավունքների մասին: Եթե Դոնալդ Տուսկը այցելեր եւ Նախիջեւան, ապա չէր տեսնի հազարավոր խաչքարեր, որոնք ադրբեջանական վանդալները լիովին ոչնչացրին 2006 թվականին: ՅՈՒՆԵՍԿՕ-ն դա բավարար փաստարկ չհամարեց, որպեսզի հրաժարվեր իր հերթական նստաշրջանը Բաքվում անցկացնելուց: Եթե Դոնալդ Տուսկը այցելեր Անի, ապա կտեսներ հայկական եկեղեցիների գերեզմանատուն: Եթե Դոնալդ Տուսկը այցելեր Արցախ… Բայց հնարավոր է, որ Բաքվում նրան համոզել են, որ Արցախը ոչ թե հայկական, այլ ավղանական հող է: Ադրբեջանի ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտում վերջերս տեղի էր ունեցել գիտական կոնֆերանս՝ Ադրբեջանի պատմության մեջ հայկական գործոնը թեմայով: Ինստիտուտի տնօրեն Յակումբ Մահմեդովը նշել է, թե՝  ՙմեր ժողովրդի վերջին 200 տարվա պատությունը լի է ողբերգություններով եւ արյունալի պատմությունը սկսել է հայերի Հարավային Կովկասում վերաբնակվելով՚: ՙՄեր ժողովրդին սովետական շրջանում մատուցվել է կեղծ պատմություն: Իբրեւ թե Հարավային Կովկասի ամենահին ժողովուրդը հայերն են, իսկ մենք քոչել ենք այստեղ Ալթայից՚, ադրբեջանցի պատմաբանին մեջբերում է տեղի մամուլը: ՙԱյո, եւ պատմության մեջ եղել է Կովկասյան Ալբանիա, որը զբաղեցրել է Քուրի աջ եւ ձախ ափերը: Քուրի աջ ափին եղել են երկու պատմական հայկական գավառներ՝ Արցախը եւ Ուտիքը, ի դեպ, ես ինքս արմատներով Ուտիքից եմ, հայտնի Չարդախլու գյուղից՚, ասում է Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանը: Ալբանյան կաթողիկոսությունը փոխել է իր նստավայրը Ամարասի վանքից մինչեւ Պարտավա քաղաք (Բարդա), իսկ հետո հաստատվել է գանձակում, որից հետո էլ տեղափոխվել է Սուրբ Հակոբի մենստան՝ մարտակերտի շրջանում, իսկ հետո՝ Գանձասարի վանք: Որտե՞ղ է Բաբախում Եվրոպայի սիրտը:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
11-07-2019 18:55