Մոսկվայի անհարմար հարցերը Միհրան Պողոսյանին. օֆշորի հակառակ երեսը

Կոռուպցիայի հակազդման ԱՊՀ միջպետական խորհրդի նիստում, որը տեղի է ունեցել Մինսկում,  Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը իր ելույթում շոշափել է անօրինական ակտիվների արտերկրից վերադարձի հարցը, նաեւ այդ ուղղությամբ ընդհանուր մեխանիզմներ ձեավորելու անհրաժեշտության խնդիրը: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը այդ թեմային անդրադարձել էր նաեւ հունիսի 25-ին Ռդ դեսպանի հետ Երեւանում ունեցած հանդիպմանը: Փաստորեն, Երեւանը հարցը այսպես ասած եվրասիական տարածությունում պատրաստվում է արձրացնել հետեւողականորեն: Այստեղ առկա է բավականին հետաքրքիր պատկեր, որովհետեւ խնդիրը, որ հրատապ, արդիական է Հայաստանի համար՝ մի շարք պատճառներով, այդքան էլ արդիական չէ ԱՊՀ կամ եվրասիական ակումբի համար, որովհետեւ այդ ակումբի քաղաքական իշխանությունները կանգնած են բոլորովին այլ խնդիրների առաջ, ի տարբերություն Հայաստանի քաղաքական իշխանության: Այդ մասին Հայաստանի թավշյա հեղափոխությունից հետո խոսվել է շատ: Այստեղ իհարկե, չնայած այդ տարբերությանը, Հայաստանն այդուհանդերձ պետք է գտնի համատեղ, ընդհանուր աշխատանքի եզրեր, բարդությունները հաղթահարելու եւ հրատապ, արդիական հարցի շուրջ գործակցության տարբերակներ մշակելու եւ արդյունք ստանալու համար: Խնդիրը առավել կոնկրետացված եւ ցցուն է օրինակ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի գործում, որտեղ անորոշություն է՝ ռուսները հանձնելու՞ են Պողոսյանին, թե՞ ոչ: Մինչդեռ անկասկած է, որ Պողոսյանն ըստ էության հավաքական գործի այսպես ասած յուրօրինակ ՙՖունտն՚ է եւ գործնականում արտացոլում է շատ ավելի լայն շրջանակ, անգամ Հայաստանի իշխող համակարգից էլ լայն: Բանն այն է, որ այդ համակարգը կղզիացած չէր եւ ընդգրկում էր անկասկած եվրասիա-ռուսական լայն տարածություն: Միաժամանակ, հնարավոր է նաեւ, որ այդ տարածությունն առավել ընդգրկուն էր եւ Միհրան Պողոսյանը ռուսական ոչ թե հովանու, այլ գուցե ՙմանրադիտակի՚ ներքո է եւ Հայաստանին կհանձնվի գուցե այն ժամանակ, երբ ռուսներն այլեւս հարցեր չեն ունենա նրան: Ի վերջո, Ռուսաստանը ստացել է հնարավորություն պարզելու, թե արդյո՞ք Հայաստանի նախկին համակարգն այսպես ասած մինչեւ վերջ ՙազնիվ՚ է եղել, կամ որտե՞ղ կարող էր ազնիվ եղած չլինել: Այլ կերպ ասած, Մոսկվան համենայն դեպս օգտագործելու է օֆշորի հակառակ երեսը պարզելու հնարավորությունը: Օրերս ֆրանսիական դատարանում կայացվել էր որոշում, որը Հայաստանում արժանացավ ոչ մեծ ուշադրության: Դատարանը որոշել էր, որ պետք է վաճառվի Ուզբեկստանի նախկին նախագահի դստերը պատկանող գույքը, որը Ֆրանսիայում է, եւ փողը վերադարձվի Ուզբեկստանի բյուջե: Քարիմովի դուստրը ներկայումս ազատազրկված է Ուզբեկստանում եւ Ֆրանսիայի դատարանը որոշում է, որ նրա ֆրանսիական անշարժ գույքը պետք է վաճառվի եւ վերադարձվի: Միաժամանակ, այդ գործընթացը տեւել է մոտ 4-5 տարի՝ մինչ աննախադեպ որոշումը, եւ դա Ֆրանսիայում: Քանի՞ տարի է պահանջվելու Երեւանի ու եվրասիական ակումբի միջեւ եղած օրակարգը ամբողջությամբ մշակելու, գույքագրելու եւ փոխադարձ հարցերը համաձայնեցնելով օրակարգից հանելու համար:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
11-07-2019 19:50