«Ալաշկերտ»-ը հաղթեց «Մակեդոնիա»-ին. Եվրոպայի լիգա

11-07-2019 21:16

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Ալաշկերտ»-ը ընդունեց հյուսիս մակեդոնական «Մակեդոնիա»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Ավանի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղի մեկնարկից 16 րոպե անց Հայաստանի գավաթակիր «Ալաշկերտ»-ն առաջ անցավ հաշվի մեջ: Հեռահար դիպուկ հարվածով աչքի ընկավ Նիկիտա Տանկովը: Խաղակեսի վերջնամասում «Ալաշկերտ»-ը թուլացրեց դիրքերը և «Մակեդոնիա»-ն ավելի շատ սկսեց գրոհել: Թիմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվով՝ հօգուտ հայկական թիմի: Երկրորդ կեսի մեկնարկում «Մակեդոնիա»-ն տիրել էր նախաձեռնությանը և 52-րդ րոպեին հաշվի հավասարությունը վերականգնեց Ալեն Յաշարոսկին: Բաց թողած գնդակից հետո «Ալաշկերտ»-ի ֆուտբոլիստները սթափվեցին և 66-րդ րոպեին Դանիլո Սեկուլիչը կրկին առաջ մղեց ակումբին՝ 2:1: Հայաստանի գավաթակիրը շարունակեց զարգացնել հաջողությունը և ստանդարտ դիրքից հետո «Մակեդոնիա»-ից ինքնագոլի հեղինակ դարձավ Լիմա դա Սիլվա Նետուն: Ի վերջո «Ալաշկերտ»-ը հաղթեց 3:1 հաշվով: Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին:

Lragir.am,
11-07-2019 21:16