Էներգետիկ խոշոր ներդրում Երեւանում. մեկնարկ վարչապետի մասնակցությամբ

12-07-2019 11:01

Երեւանում հուլիսի 12-ին ազդարարվում է նոր ջերմաէլեկտրակայանի շինարարության մեկնարկը: Ծրագրի մասին ազդարարվել է դեռեւս նախկին իշխանության շրջանում: Թավշյա հեղափոխությունից հետո ծրագիրն իրականացնող Ռենկո ընկերությունը Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը վերհաստատեց այն շարունակելու մտադրությունը: Եվ ահա, շինարարությունը սկսվում է: Հայաստանում առաջին, 250 մեգավատտ հզորությամբ համակցված ցիկլով գազատուրբինային արդի էներգակայանի կառուցումը Երևանի հարավային մասում կօգնի բարձրացնել գազից էլեկտրական էներգիայի արտադրության արդյունավետությունը՝ արտադրելով տարեկան մինչև 2,000 գիգավատտ ժամ և ապահովելով հուսալի էներգամատակարարում: Ծրագրի ներդրումային արժեքը մոտ 300 միլիոն դոլար է: Շինարարության ընթացքում կստեղծվի մոտ 1200 աշխատատեղ, իսկ կայանի գործունեության ընթացքում՝ մոտ 300, բարձր վարձատրությամբ: Կայանի տեխնոլոգիական նորարարությունը թույլ է տալու նվազեցնել գազի ծախսն ու կրճատել ջերմոցային գազերի արտանետումները: Կայանը կառուցվում է Երեւանի արդիականացված ՋԷԿ հարեւանությամբ: Երեւանի ՋԷԿ արդիականացումը իրականացրել էին ճապոնացի մասնագետները, ինչն էլ իր հերթին նվազեցրել է Երեւանի ՋԷԿ գազի ծախսը:

Lragir.am,
12-07-2019 11:01