Պետք է կառավարության երաշխիք. հայ-բրիտանական գործարար պալատը Ամուլսարի եւ Լիդիանի մասին

12-07-2019 10:52

Հայ-բրիտանական գործարար պալատն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարել Ամուլսարի խնդրին: Դրա առիթը, ինչպես պարզ է դառնում գրառումից,  Ազգային ժողովի հերթական նիստի ընթացքում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի եւ Շրջակա միջավայրի նախարարի քննարկումն է: Պալատը հիշեցնում է, որ Ամուլսարի շահագործման իրավունք ունեցող Լիդիան Արմենիան ընկերությունը հայ-բրիտանական գործարար պալատի անդամ է: «Ամիսներ շարունակ Լիդիան Արմենիայի գործունեությունը կասեցված է՝ վերջնական որոշման սպասումով: Լիդիան Արմենիայի խնդրի լուծման նման երկարաձգումը տնտեսապես վնասում է ո՛չ միայն ընկերությանը, այլ նաեւ պետությանն՝ ընդհանուր առմամբ: Մենք կարեւորում ենք օրենքի ուժը, հավասար վերաբերմունքը բոլոր բիզնեսների նկատմամբ, պրոֆեսիոնալիզմը եւ արդարությունը: Ընկերությունները, որոնք գործունեություն են ծավալում զգայուն ոլորտներում, պետք է համապատասխանեն միջազգային ամենաբարձր չափանիշներին եւ տեղական օրենքներին: Միեւնույն ժամանակ այն ընկերություններին, որոնք համապատասխանում են այդ չափանիշներին, Կառավարությունը պետք է տա որոշակի երաշխիքներ՝ ապահովելու նրանց անխափան գործունեությունը: Կոնֆլիկտների եւ խնդիրների միայն հավասարակշռված եւ պրոֆեսիոնալ լուծումը կարող է ապահովել պետության տնտեսական զարգացումը եւ բարձրացնել ներդրողների վստահությունը: Մենք հուսով ենք, որ այս խնդիրը կհանգուցալուծվի առանց հետագա  ձգձգումների», ասված է Պալատի հայտարարության մեջ:

Lragir.am,
12-07-2019 10:52