Բոլոր հարցերը պետք է լուծվեն ՀՀ օրենսդրության շրջանակում. Ռոման Խուդոլին

12-07-2019 13:16

«ԳեոՊրոՄայնինգ» լեռնահանքային ընկերությունների միջազգային դիվերսիֆիկացված խումբը հաղորդում է ընկերության ղեկավարների և աշխատակիցների միջև տեղի ունեցած հանդիպման մասին, որոնց կողմից իրականացվող անօրինական գործադուլը հանգեցրել է կոմբինատի արտադրական պրոցեսի դադարեցմանը:  Ընկերության ղեկավարները, լսելով աշխատակիցների բոլոր պահանջներն ու բողոքները, հանդես եկան պատասխան առաջարկությամբ՝ կազմել աշխատանքանին հանձնաժողով, որի խնդիրը կլինի քննարկել կոմբինատի կոլեկտիվի ներկայացուցիչների պահանջները և ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ճանապարհ գտնել: Հանձնաժողովի կազմում կլինեն կոմբինատի աշխատակիցներ, արհմիության ղեկավարներ, իրավաբաններ, ոլորտի փորձագետներ, տեղական իշխանության ներկայացուցիչներ, Հայաստանի կառավարության և ազգային ժողովի իրավասու մարմինների ներկայացուցիչներ: Կոմբինատի կոլեկտիվի բոլոր պահանջները հանձնաժողովը կդիտարկի դրանց իրավական հիմնավորվածության և ՀՀ օրենսդրության համապատասխանության շրջանակում: «Ընկերության ղեկավարները պատրաստ են վարել բաց և կառուցողական երկխոսություն, որի վրա էլ պետք է հիմնվի ստեղված իրավիճակի հանգուցալուծումը, որը, սակայն, չպետք է բխի որևէ մեկ կողմի շահերից: Բոլոր խնդիրները իրենց լուծումը պետք է գտնեն ՀՀ օրենսդրության շրջանակում: Կարծում եմ նաև, որ հետագայում պետք է բացառել այս օրերին հնչած էմոցիոնալ և իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները: Դրանք ոչ մի կերպ չեն օգնում ստեղծված իրավիճակը հարթելու գործին»,- հայտարարեց ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյը: «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը հիմնվել է 2001 թվականին, այն ոսկու և այլ մետաղների ռեսուրսների դիվերսիֆիկացված բազա ունեցող միջազգային մասնավոր ընկերություն է: Հայաստանում Ընկերությանն են պատկանում Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը և «ԳՊՄ Գոլդ» ընկերությունը, որը շահագործում է Սոթքի ոսկու հանքը և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան: Այդ մասին մեզ տեղեկացրին Ագարակի կոմբինատից:

Lragir.am,
12-07-2019 13:16