Զարմանալի է Նախշուն Տավարացյանի երդումը՝ Վարդանյան

12-07-2019 13:49

Անհասկանալի ու զարմանալի է դատավոր Նախշուն Տավարացյանի երդման արարողությունը, այն պարագայում, երբ մեկ տարի առաջ այս դատավորը հրաժարականի դիմում էր ներկայացրել: Այս մասին այսօր խորհրդարանում հրավիրած ասուլիսում ասաց ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Հիշեցնենք, որ Դատավորների ընդհանուր ժողովը երեկ Բարձրագույն դատական խորհրդի անդամներ է ընտրել Ռուբեն Վարդազարյանին և Մեսրոպ Մակյանին: Տեղի է ունեցել Ռուբեն Վարդազարյանի, Մեսրոպ Մակյանի և Նախուն Տավարացյանի երդման արարողությունը: Տավարացյանը 9 ամիս առաջ դիմում էր գրել ու հրաժարվել ԲԴԽ անդամի պաշտոնից, սակայն երեկ պարզվել է, որ նա երդվել է: Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խուդկարյանը պարզաբանել է, որ Նախշուն Տավարացյանը օրենքի ուժով 2018 թ. նոյեմբերի 8-ին անցկացված ընտրությունների ամփոփման արդյունքում ընտրվել էր ԲԴԽ անդամ՝ հաշվի առնելով գենդերային սկզբունքը պահպանելու օրենսդրական անհրաժեշտությունը: «Դատավորների ընդհնուր ժողովի որոշումը, եթե իրականցվել է օրենքի շրջանակներում, պետք է հարգել: Բայց ինձ համար առնվազն զարմանալի է մեկ տարի անց այդ երդմնակալության արարողությունը կազմակերպելը, այն պարագայում, երբ կարծես թե տիկին Տավարացյանը նախկինում ներկայացրել էր հրաժարականի դիմում: Սա որոշակի առումով անհասկանալի է և բավական լավ նյութ է իրավաբանական հետազոտություն իրականացնելու համար:Եվ այս գործընթացը որևէ եղանակով չի կարող բարձրացնել ԲԴԽ հեղինակությունը»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը: Նա նշեց, որ ԲԴԽ-ն ՀՀ այն եզակի կառույցն է, որի անդամներին ընտրում են ԱԺ-ն ու Դատավորների ընդհանուր ժողովը համատեղ: «Կարծես թե ԱԺ-ում մենք այնպիսի թեկնածուներ ենք ներկայացնել, որոնք վայելում են ոչ միայն Իմ քայլի, այլ նաև խորհրդարանական բոլոր խմբակցությունների աջակցությունը՝ դրանով իսկ բարձրացնելով ԲԴԽ նկատմամբ վստահությունը: Մենք իրավունք չունենք որևէ ձևով ներխուժելու Դատավորների ընդհանուր ժողովի հարցերի մեջ, որովհետև դա կդիտարկվի սահմանադրական մի շարք նորմերի խախտում”,- ասաց Վարդանյանը:

Lragir.am,
12-07-2019 13:49