Հրազդանի ՋԷԿ-ին փոխարինող նոր էլեկտրակայան

12-07-2019 15:46

Երևանում նոր 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանի կառուցումը հնարավորություն կտա մոտ 1-1,5 դրամով նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը՝ միայն այդ գործոնով պայմանավորված: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ այս մասին կայանի կառուցման մեկնարկի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: «Նոր կայանը կառուցվում է Հրազդանի ՋԷԿ-ին փոխարինելու համար, քանի որ այն արդեն հին կայան է, և օգտակար գործողության գործակցիցը ցածր է: Այդ կայանին 1-2 տարվա ռեսուրս է մնացել»,- նշեց Բաղրամյանը: Բաղրամյանն ասաց, որ «Հրազդանի ՋԷԿ»-ը հոսանք արտադրում է գրաֆիկի պիկերը ծածկելու ժամանակ, երբ չի բավարարում ընդհանուր էլեկտրաէներգիան: Նա ընդգծեց, որ դրա տված հոսանքը բավականին թանկ է, և միայն վառելիքային բաղադրիչը 31,5 դրամ է, որն արդեն 4 դրամով ավելի է: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը շեշտեց, որ նոր կայանը շուրջ 4 տոկոսով ավելի բարձր ՕԳԳ ունի, որը նշանակում է, որ 1 Կվտ/ժ էլեկտրաէներգիա արտադրելու համար ծախսում է ավելի քիչ վառելիք, և էլեկտրաէներգիան ստացվում է ավելի էժան:

Lragir.am,
12-07-2019 15:46