Զինվորների մահվան դեպքերը նվազել են. դատախազություն

12-07-2019 15:59

Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և Արցախի Հանրապետության պաշտպանական բանակում 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է 29 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 8-ը՝ ժամկետային զինծառայող, 13-ը՝ պայմանագրային զինծառայող, 3-ը՝ ենթասպա և 5 սպա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «29-ը զինծառայողներից 11-ի մահվան դեպքերը կապված են եղել զինվորական ծառայություն անցնելու հետ, 18-ինը՝ տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում: 2018թ. նույն ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում արձանագրվել էր 31 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 19-ը՝ զինվորական ծառայություն անցնելու հետ կապված, 12-ը՝ վերջինիս հետ չկապված: Այսինքն` ընդհանուր մահվան դեպքերը նվազել են 2-ով, զինվորական ծառայություն անցնելու հետ կապված դեպքերը՝ 8-ով կամ 42 տոկոսով, իսկ զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում մահվան դեպքերը, ցավոք, ավելացել են 6-ով կամ 50 տոկոսով»,- գրել է Աբրահամյանը: Նա նաև ներկայացրել է այս տարվա ընթացքում զինվորական ծառայություն անցնելու հետ կապված մահվան դեպքերը՝ ըստ պատճառների, ունեն հետևյալ պատկերը՝ համադրված նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված վիճակի հետ. 2-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանության հետևանքով (2018թ.1-ին կիսամյակին՝ 5),  3-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետևանքով (6), 0-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով (1), 1-ը՝ հիվանդությունից (2),0-ը՝ ականի պայթյունից (1), 3-ը՝ սպանության հետևանքով (1), 1-ը դժբախտ պատահարից (1), 1-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներից (1), 0-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետևանքով (1): Զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում մահվան դեպքերի պատճառները հետևյալներն են՝ համադրված նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ առաջին կիսամյակում արձանագրված վիճակի հետ. 10-ը՝ ծառայության հետ չկապված ավտովթարներից (2018թ.1-ին կիսամյակում՝ 6),7-ը՝ հիվանդությունից (5), 0՝ դժբախտ պատահարներից (1),1-ը՝ ինքնասպանություն և ինքնասպանության հասցնել (0):

Lragir.am,
12-07-2019 15:59