Մեկը մի քանիսից. ԲԴԽ նոր թեկնածու

12-07-2019 15:56

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար դիտարկում է մի քանի անձանց թեկնածություն: Անունները կհնչեցվեն ավելի ուշ: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ ասուլիսում այս մասին հայտնեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «ԲԴԽ անդամի համար մենք մտադիր էինք մինչ տասնօրյա ժամկետի ավարտը ներկայացնել թեկնածու՝ նույն սկզբունքով, ինչպես անում էինք նախկինում. դիտարկում էինք մեզ համար, հետո առաջարկ անում: Չստացվեց դա տասնօրյա ժամկետում, կփորձենք անել հաջորդ աշխատանքային տասն օրերի ընթացքում: Այս պահին կան մի քանի թեկնածուներ: Մեկ թեկնածու չենք դիտարկում, դրանք մի քանիսն են»,-ասաց Մակունցը: Նրա խոսքով՝ այդ անձանց կողմից որպես թեկնածու դիտարկվելու համաձայնություն ունենալու պարագայում արդեն հանրությանը կներկայացնեն, եթե անգամ դա լինի մինչև սեպտեմբեր: Ազգային ժողովը հուլիսի 1-ի նիստում փակ, գաղտնի քվեարկությամբ «Իմ քայլը» խմբակցության թեկնածու Աննա Մարգարյանին չէր ընտրել ԲԴԽ անդամի պաշտոնում:

Lragir.am,
12-07-2019 15:56