Ապագան մարզաբնակ երիտասարդների համար

12-07-2019 16:05

Այսօր տեղի ունեցավ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի Կոլբա նորարարական լաբորատորիայի «Ապագայի հմտություններ և աշխատատեղեր՝ մարզաբնակ երիտասարդների համար» ծրագրի պաշտոնական մեկնարկը:  Ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից և իրականացվում` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ: «Ապագայի հմտություններ և աշխատատեղեր՝ մարզաբնակ երիտասարդների համար» ծրագրի նպատակն է Հայաստանի մարզերում բնակվող երիտասարդության համար ապահովել մրցունակ և կայուն աշխատանքային հնարավորություններ, ընդլայնել զբաղվածության հնարավորությունները՝ ինքնազբաղվածության և ձեռնարկատիրական հմտությունները զարգացնելու միջոցով: Թիրախային մարզերն են՝ Լոռի, Շիրակ, Տավուշ և Գեղարքունիք: Միջոցառմանը  մասնակցեցին Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը, և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական Դմիտրի Ստեպանովը: Հայաստանում ՄԱԶԾ  մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը նշեց, որ որպես նորարարական մոտեցումների կիրառման առաջատար, ՄԱԶԾ Հայաստանը առաջարկում է ապագային ուղղված լուծումների ներառում մասնագիտական հմտությունների և աշխատատեղերի զարգացման գործում: Հիմնվելով Սկոլկովոյի կառավարման դպրոցի «Ապագա մասնագիտությունների քարտեզ» հետազոտության վրա՝ ծրագիրը Հայաստանում կիրականացնի հեռանկարային և վերացող մասնագիտությունների կանխատեսում՝ հաշվի առնելով յուրաքանչյուր մարզի ներուժը և զարգացման հնարավորությունները: Այն իրականացվելու է հետազոտական, կրթական և պիլոտային թեստավորման բաղադրիչների համադրությամբ: Միջոցառման ընթացքում ներկայացվեցին ծրագրի իրականացման առաջին փուլի հետազոտության արդյունքները, որի ընթացքում քարտեզագրվել է թիրախ մարզերի իրական աշխատաշուկայի ներուժը և թողունակությունը, աշխատաշուկայի հնարավոր պահանջարկը միջնաժամկետ ապագայի (մինչև 5 տարի), ինչպես նաև աշխատաշուկայի տեղական և գլոբալ զարգացումների հնարավոր սցենարներն ավելի երկարաժամկետ (մինչև 15 տարի) կտրվածքով: Հիմնվելով հետազոտությունների արդյունքների և առաջարկների վրա, ծրագրի շրջանակներում մշակվելու են աշխատատեղերին համապատասխան հմտությունների զարգացման անհրաժեշտ կարճաժամկետ և միջնաժամկետ ռազմավարություններ՝ ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական մոդուլների տեսքով:

Lragir.am,
12-07-2019 16:05