Ապամոնտաժում Երեւանում. պատմամշակութային շենքերն առանց գովազդի

12-07-2019 16:52

Երևանում ապամոնտաժվում են պատմամշակութային և ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերին տեղադրված գովազդները: «Արմենպրես»–ի հաղորդմամբ Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ պատմամշակութային հուշարձանների ու ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի վրա տեղադրված են վահանակներ, այնինչ, հաստատված գովազդային սխեմաներով, տվյալ հատվածներում գովազդի տեղադրում նախատեսված չէ: Երևանի քաղաքապետարան հայտ են ներկայացրել Երևանի շենքերը սպասարկող համատիրությունների նախագահները , որոնք հայտին կցել են նաև բնակարանատերերի սեփականատերերի դիրքորոշումն ապամոնտաժման հետ կապված: «Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է բանակցային գործընթաց համապատասխան կազմակերպությունների հետ և արդյունքում, կազմակերպությունները, դրսևորելով բարեխիղճ մոտեցում, իրենց միջոցների հաշվին ապամոնտաժում են գովազդային վահանակները: Արդյունքում վերականգնվում է շենքերի ճարտարապետական տեսքը»,-նշել է Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Գարիկ Խաչատրյանը: Մնացած պատմամշակութային շենքերի հետ կապված նա տեղեկացրել է, որ քաղաքապետարանն արդեն սկսել է գույքագրման գործընթացը : Դրա ավարտից հետո նույնպես միջոցներ կձեռնարկվեն այդ շենքերում գովազդային վահանակներն ապամոնտաժելու ուղղությամբ: Թվով մոտ 100 գովազդային վահանակների մասին է խոսքը:

Lragir.am,
12-07-2019 16:52