Փոխվարչապետ Ավինյանն ընդունել է արաբական ընկերության ղեկավարին

12-07-2019 16:59

Հուլիսի 12-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է էմիրաթական «Մասդար» ընկերության գործադիր տնօրեն Մուհամեդ Ջամիլ Ալ Ռամահիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ ջերմությամբ է հիշում Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Ահմեդ Ալի Ալ Սայեղի հետ վերջերս տեղի ունեցած հանդիպումը և համոզմունք հայտնել, որ նոր էջ է բացվում հայ-էմիրաթական համագործակցության համար՝ հատկապես տնտեսական ոլորտում: Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է «Մասդար»-ի և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի միջև հաստատված համագործակցությունը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մուհամեդ Ջամիլ Ալ Ռամահին ասել է, որ մեծ հնարավորություններ կան երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու համար և իրենք ցանկանում են մաս լինել խորացող հայ-էմիրաթական համագործակցության, ինչպես նաև սատարել Հայաստանին՝ կայուն էներգետիկ զարգացման նպատակներին հասնելու գործում: Հանդիպման ընթացքում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հյուրերին է ներկայացրել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ներուժը և ներդրումային հնարավորությունները ոլորտում, ինչպես նաև տարածաշրջանային էներգետիկ համակարգում երկրի դերը: Ավելի ուշ փոխվարչապետը ներկա է եղել «Մասդար»-ի և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողությանը:

Lragir.am,
12-07-2019 16:59