Վայելեք. Մխիթարյանի խոսքը ֆուտբոլասերներին

12-07-2019 18:13

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է երիտասարդ տարիքում ազգային ընտրանու կազմում հանդես գալու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ կիսապաշտպանը վերհիշելով առաջին անգամ հավաքականի մարզաշապիկով խաղալը` փաստել է, որ շատ հպարտ է եղել: «Առանձնակի հաճույքով եմ կրում Հայաստանի հավաքականի մարզաշապիկը, քանի որ հնարավորություն եմ ունեցել մրցելու տարբեր հավաքականների և տարբեր ֆուտբոլիստների դեմ: Մեծ փորձ էր մեզ համար այդ տարիքում (մինչև 15 և մինչև 17 տարեկանների հավաքական), քանի որ ամեն շաբաթ չէ որ նման խաղի մասնակցելու հնարավորություն էինք ստանում»,-ասել է կիսապաշտպանը: Մխիթարյանի համար այդ տարիքում ամենասիրելի ֆուտբոլիստը եղել է Զինեդին Զիդանը, ում նա համեմատել է Պիկասոյի հետ: Հայ կիսապաշտպանը ասել է նաև, որ Հայաստանում ֆուտբոլը մեծ սեր է վայելում և հայ հանդիսատեսի համար մեծ հնարավորություն է Եվրո-2019 ընթացքում Երևանում մոտիկից տեսնելու ֆուտբոլի ապագա աստղերին: «Ես մասնակիցներին խորհուրդ կտամ վայելել մրցաշարը, քանի որ նմանատիպ մրցաշարերը մեկ անգամ են ամբողջ կյանքի համար»,-եզրափակել է նա: Եվրոպայի 2019 թվականի մինչև 19 տարեկանների առաջնությունն այս տարի կանցկացվի Հայաստանում: Հանդիպումները կկայանան «Հանրապետական», «Բանանց», ՀՖՖ տեխնիկական կենտրոնի մարզադաշտերում: 8 թիմերը բաժանված են երկու ենթախմբերի` A, B: A խմբում Հայաստանի ընտրանու հետ ընդգրկված են նաև Իսպանիայի, Իտալիայի և Պորտուգալիայի հավաքականները: B խմբում կմրցեն Նորվեգիայի, Իռլանդիայի, Չեխիայի և Ֆրանսիայի ընտրանիները: Բացման հանդիսավոր արարողությունը և առաջին խաղը կկայանան հուլիսի 14-ին «Հանրապետական» մարզադաշտում, որտեղ ուժերը կչափեն Հայաստանի և Իսպանիայի թիմերը: Հանդիպումը կմեկնարկի 18:45-ին: Եվրո-2019-ի տոմսերն արդեն վաճառքում են և արժեն 200-500 դրամ:

Lragir.am,
12-07-2019 18:13