Եվրոպայից նոր քննադատություն Ադրբեջանի հասցեին

12-07-2019 18:11

Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը  4 օր տևողությամբ  Ադրբեջան կատարած այցից հետո հայտարարել է, որ Ադրբեջանը պարտավոր է թուլացնել խոսքի ազատության նկատմամբ ճնշումը, բարելավել իրավաբանների կարգավիճակը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Եվրախորհրդի պաշտոնական կայքը: Հանձնակատարը հայտնել է, որ Ադրբեջանում կան օրինակներ, երբ քննադատողներին, հասարակական ակտիվիստներին և մարդու իրավունքների պաշտպաններին պահում են կալանքի տակ՝ հետապնդումների միջոցով: Միյատովիչն ընդգծել է, որ իրենց հայացքների համար հետապնդումների ենթարկված մարդկանց ազատելը պետք է առաջնահերթություն լինի: Նա զրպարտությունները ապաքրեականացնելու կոչ է արել, ապա նաև բարձրացրել ճամփորդական արգելքների հարցը, որը կիրառվում է լրագրողների, իրավաբանների, քաղաքական ակտիվիստների և մարդու իրավունքների պաշտպանների նկատմամբ: Հանձնակատարի խոսքով՝ դրանցից որոշ դեպքեր համարվում են մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում, և ադրբեջանական իշխանությունները պետք է խուսափեն ճամփորդական արգելքների անհամաչափ կիրառումից! : Նա նաև անդրադարձել է իրավաբանների խոսքի ազատությանը՝ նշելով, որ այդ մասնագիտությունը հիմնված է անկախության վրա: «Իրավաբանները պետք է համապատասխանեն էթիկայի չափանիշներին և հնարավորություն ունենան զբաղվելու իրենց մասնագիտական գործունեությամբ՝ առանց վախերի»,- նշել է Միյատովիչը:

Lragir.am,
12-07-2019 18:11