Իրան-Հայաստան-Վրաստան բանակցության ուժի նոր հնարավորություն

Lragir.am-ի հարցերին պատասխանել է ԱԺ իմ քայլը խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը Պարոն Մանուկյան, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանը Իրանի հետ բանակցում է սպառման նպատակով գազ գնելու համար: Որքանո՞վ է իրատեսական, որ կարող ենք Իրանից սպառման համար գազ գնել: Եթե մենք խոսում ենք սպառման համար գազ գնելու և ոչ թե էլեկտրաէներգիայի հետ փոխանակման ծրագրի մասին, ապա ակնհայտ է, որ նախկինում էլ մշտապես բանակցություններ եղել են և պետք է լինեն: Եթե չկան բանակցություններ, և ըստ էության մեկ մատակարարից ես կախված լինում, այդ մատակարարի ազդեցությունը բանակցությունների սեղանին շատ ավելի մեծ է, քան եթե դու ունես այլընտրանք: Բայց քիչ հավանական է, որ այս բանակցությունների արդյունքում մեր սպառման կառուցվածքում ամբողջովին իրանական գազ լինի, որովհետև դա էլ հակառակ էֆեկտ կունենա: Այս համատեքստում ես մի քանի բան կուզեի ասել: Առաջին, իրականան գազն իր որակական բաղադրիչներով էականորեն զիջում է ռուսական գազին: Այսինքն՝ եթե մենք դիտարկում ենք միայն գինը, դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար գործոն է: Այստեղ կարևոր է նաև հասկանալ այդ մեկ խմ գազի ջեմատվության պարագայում սպառողի վճարած գինը: Սա ևս նշանակում է, որ իրանական կողմը պետք է պատրաստակամ լինի ավելի լավ պայմաններ առաջարկել, քան այն գինն է, որը ձևավորվում է ռուսական գազի դեպքում: Այս համատեքստում, եթե ուսումնասիրում  ենք հակառակ միտումները, պետք է ասենք, որ հակառակ միտումները խոսում են այն մասին, որ ռուսական գազի գինը մրցակցային չէ հայրենական ապրանք արտադրողների համար: Հատկապես հաշվի առնելով այն, որ ԵՏՄ շրջանակներում անցում  ենք կատարում միասնական էներգետիկ շուկային, ինչի սկզբունքներից մեկն էլ այն է, որ գազի գինը պետք է լինի արդար մրցակցային պայմաններ ապահովող, ակնհայտ է, որ հայաստանյան ապրանք արտադրողներն այդ հավասար պայմանները ռուսական ընկերությունների նկամամբ չունեն: Սա էլ բանակցային ուղի է, պետք է խոսել, բարձրացնել այս հարցը, որպեսզի կարողանանք նաև որոշակիորեն այս դրույթները պրակտիկ կյանքի կոչենք: Մյուս ուղղությունը հետևյալն է՝ ես անունը կդնեի ծախսերի օպտիմիզացման ուղղություն: Այս համակարգում, գաղտնիք չէ, կորուստների, աշխատավարձային քաղաքականության մասով որոշակի հնարավորություններ կան, որոնք ներքին գնագոյացման մասով որոշակի անդրադարձ պետք է ունենան: Եվ մյուս ուղղությունը վրացական կողմի համար հավելյալ հնարավորություններին է վերաբերում, հատկապես այն համատեքստում, որ եթե իրանական գազն էլ լինի, սա հնարավորություն կտա Իրան-Հայաստան-Վրաստան բանաձևին ավելի մեծ բանակցային ուժ տալ: Ռուսական կողմի հետ գազի գնի հարցով բանակցություններն արդյոք չեն երկարո՞ւմ, և գազի գնի նվազեցում հնարավո՞ր է այդ բանակցությունների արդյունքում: Երբ որ գազի գինը սահմանին բարձրացավ՝ 1000 խմ համար 150 դոլարից դառնալով 165 դոլար, դա վերջնական սպառողի համար կարող էր ազդեցություն ունենալ: Բայց սա «Գազպրոմ Արմենիայի» ծախսերի օպտիմիզացման և այլ գործոնների հաշվին ծածկվում է, բանակցությունների արդյունքում դեռևս գազի սակագնի թանկացման հայտ չկա: Բայց այդուհանդերձ մեր խնդիրը ոչ թե մեկ տարով բանակցելն է, այս ընդհանարպես ինչ հեռանկարներ ենք մենք տեսնում, ընդհուպ մինչև, ես ասացի, միասնական էներգետիկ շուկա և դրանում ամրագրված դրույթներ: Այսինքն՝ կարծում եմ՝ այս բոլոր հարցերը բանակցությունների սեղանին են, և ինչ կստանանք մենք, անկեղծ չգիտեմ, որովհետև ինքը դինամիկ զարգացող շուկա է: Ակնհայտ է, որ Ռուսաստանն այս շուկայում աշխարհի մակարդակով խոշոր խաղացող է, և նաև ակնհայտ է, որ Հայաստանն իր սպառման չափերով այնքան էլ համադրելի չէ, ինչպես Բելառուսը, որտեղ 10 անգամ ավելի գազ են սպառում: Բայց այդուհանդերձ մենք պետք է գիտակցենք, որ եթե այս պահին «Գազպրոմ Արմենիայի» կողմից չկա ներկայացված որոշակի սակագնի, այս դեպքում՝ բարձրացման հայտ, սա արդեն իսկ նշանակում է, որ ծախսային օպտիմիզացիան որոշակիորեն կյանքի է կոչվել: Ըստ օրենսդրության նաև վեցամսյա ժամանականահատվածեր են ֆիքսված, որ այդ ժամանակահատվածում գազի գինը վերանայվում է: Եվ եթե հիմա հայտ չկա, արդեն իսկ ենթադրվում է, որ բանակցությունների արդյունքները տեսանելի կլինեն 2020 թվականին: Ռուսական կողմից ստացվող տեղեկությունների համաձայն՝ պայմանավորված ՌԴ ներսում գազի գնի բարձրացմամբ, 2020 թվականից Հայաստանին վաճառվող գազի գինը ևս կթանկանա: Կարո՞ղ է նման սցենար լինել: Երբ սահմանին գազի գինը բարձրանում էր, դա ևս որոշ առումով հիմնավորվում էր նրանով, որ Ռուսաստանում ներքին բնակիչների համար գազի գինը փոփոխվում էր: Իհարկե, սա ազդող գործոն է, որովհետև թանկանում է այդ ռեսուրսի գինը, բայց թե ինչ չափով, չեմ կարող ասել, թե ինչ կլինի 2020-ին: Բայց պարզ է, որ կողմերից յուրաքանչյուրը փորձում է իր բանակցային դիրքերն ուժեղացնել և իր շահն ավելի մեծացնել: Այդ համատեքստում պետք է դրական վերաբերվել ինչպես ՀՀ կառավարության կողմից դիվերսիֆիկացման քայլերին, այնպես էլ կարծում եմ՝ մենք պարբերաբար պետք է բարձրաձայնենք այդ միասնական էներգետիկ շուկայի մեջ դրված դրույթների կյանքի կոչման հարցը: Փոխվարչապետն ասաց նաև, որ ներքին սպառողի համար երկար չի կարող շարունակվել այս իրավիճակը, երբ «Գազպրոմ Արմենինա»-ն փոխհատուցում է սպառողի համար գնի թնակացումը: Ի՞նչ ճանապարհ եք տեսնում, որպեսզի հետագայում էլ սպառողը չտուժի գնային հարցում: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համար, որն իրականացնում է այս ոլորտի գնային քաղաքականությունը, չափազանց կարևոր է համակարգի անխափանությունը և հուսալիությունը պահպանելը: Եթե այդ սուբսիդավորում ասվածը բերի նրան, որ ոլորտի խոշորագույն խաղացողը, ով խոշոր հարկատու է, չկարողանա իր պարտավորությունները կատարել, և դա բերի համակարգային խնդիրների, պարզ է, որ մենք դա չենք ուզում: Եվ դա է նաև պատճառը, որ հնարավոր բոլոր սցենարները պետք է քննարկվեն, ավելի ճիշտ լուծումներ գտնեն, որպեսզի այս բնագավառում իրոք համակարգի անխափանությունը չխաթարվի: Բայց սպառողի վրա ազդեցության գնահատականների մասին խոսել իմաստ կունենա այն ժամանակ, երբ կլինեն որոշակի հայտեր, և մենք կսկսենք ուսումնասիրել, թե որքանով են դրանք հիմնավորված կամ չհիմնավորված:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
12-07-2019 19:05