ԱԱԾ ասիմետրիկ հարվածը. անակնկալ որոշում

Հուլիսի 12-ին գլխավոր դատախազությունը տարածել է անակնկալ տեղեկություն՝ Մատաղիսի աղմկոտ գործի վերաբացման մասին: Խոսքը 2003 թվականին Մատաղիսի զորամասի երկու զինծառայողների սպանության մասին է, որի համար ցմահ ազատազրկվեց նույն զորամասի երեք զինվոր: Մի քանի տարի անց՝ 2006 թվական Վճռաբեկ դատարանը բեկանեց վճիռը եւ գործն ուղարկեց նոր քննության: Երեք զինվորները դարձյալ ներգրավվեցին որպես մեղադրյալ, բայց դատարանը հետագայում արդարացրեց նրանց: Մի քանի տարի շարունակ՝ 2003-ից ի վեր գործը Հայաստանում ստացել էր թե իրավական, թե քաղաքականմեծ հնչեղություն: Իշխանությանը մեղադրում էին իրական մարդասպաններին կոծկելու համար: Տարբեր խոսակցություններ կային, որ երկու զինվորներին սպանել էին սպաները, սակայն մեղքը բարդում էին զինվորների վրա: Ակնառու է, որ Մատաղիսի գործը այդ տարիների ընթացքում իր մեջ ներառեց իշխանական, քաղաքական մի շարք նրբերանգներ: Ներկայումս հասարակական-քաղաքական որոշակի ակտիվ դերակատարում ունեն այն տարիներին գործի բերումով տարբեր կարգավիճակ ունեցող անձինքն՝ զինվորական դատախազ Գագիկ Ջահանգիրյան, փաստաբաններ Հայկ Ալումյան, Զարուհի Փոստանջյան, այլք: Մեղադրանք էր հնչում, որ ընդհուպ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն էին միջամտում գործը կոծկելուն, եւ այլն, ինչպես բնորոշ էր իհարկե ժամանակի գործնականում բոլոր աղմկոտ գործերին: Եվ ահա, գլխավոր դատախազությունը հանկարծ՝ ներկայիս հետհեղափոխական բազմազբաղ առօրյայում որոշում է վերաբացել Մատաղիսի գործը: Առավել հետաքրքիր է, որ դրա քննությունը հանձնվում է ԱԱԾ-ին, ինչը հիմք է տալիս եզրակացնել, որ նախաձեռնությունը գուցե խորքային առումով գալիս է հենց ԱԱԾ-ից: Ի՞նչ հարված է պատրաստել Ազգային անվտանգության ծառայությունն այդ վերաբացված աղմկոտ եւ ըստ էության ՙցանցային՚ գործով, որը թերեւս ներառում է նախկին իշխող համակարգի ամենատարբեր դիրքերում, այդ համակարգի հետ ամենատարբեր գործերում ներգրավված բազմաթիվ սուբյեկտների՝ վերից վար: Համենայն դեպս, աղմկոտ գործը վերաբացելու համար պետք է լինեն բավականին ծանրակշիռ պատճառներ: Այդ ամենն իր հերթին լրացուցիչ, իսկ գուցե հենց առանցքային հետաքրքրություն է ստանում կամ առաջացնում ներքաղաքական ներկայիս իրողությունների պայմաններում, այդ թվում թերեւս դատական համակարգի կամ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի: Մյուս կողմից, այդ իրավիճակն ինքնին թողնում է առավել լայն ու բազմաշերտ, ընդհուպ արտաքին ճյուղավորումներով գործընթացի մի օղակի տպավորություն: Բոլոր դեպքերում, ակնառու է, որ ԱԱԾ-ն կարծես թե նախապատրաստում է որոշակի ասիմետրիկ հարված, կամ իշխանությունը՝ աղմկոտ գործի վերաբացման եւ այն ԱԱԾ-ին վստահելու միջոցով: Հարվածը կլինի հրապարակայի՞ն դաշտում, թե՞ ոչ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
12-07-2019 19:23