Մարդիկ, կառավարություն, բիզնես. երեքի ձեռք ձեռքի տալը մեծ հնարավորություն կբացի մեր երկրի առաջ

13-07-2019 15:25

Lragir.am–ը ներկայացնում է հարցազրույցների շարք «մտքի առաջնորդների» հետ: Նախագծի նպատակն է մեդիա տիրույթում զարգացնել «մտքի առաջնորդության» սկզբունքը՝ հարթակ ստեղծելով տարբեր ոլորտների, տարբեր տեսակետների ու հայացքների տեր մարդկանց համար՝ արտահայտվելու նույն հարցերի առանցքի շուրջ: Նախագծի նպատակը խելացի ու տեսլական ունեցող մարդկանց բացահայտումն է ու Հայաստանի տնտեսական զարգացման նոր դիսկուրսների սահմանումը: Շարքը վարում է լրագրող Ռոզա Հովհաննիսյանը: Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի: Հարցազրույցներն անցկացվում են 256 Hub–ում: Մեր զրուցակիցը Արա Խաչատրյանն է, մասնագիտությամբ՝ ֆինանսիստ: Ավարտել է մի  քանի բուհեր, այդ թվում՝ արտերկրում: Աշխատել է հիմնականում միջազգային կազմակերպություններում: Վերջին վեց տարիներին աշխատում է «Գալաքսի» ընկերությունների խմբում՝ որպես ֆինանսական ղեկավար: Դասավանդում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում: Պարոն Խաչատրյան, հայրենի՞ք, թե մայրենիք, և ինչո՞ւ: Հայրենիք և մայրենիք բառերի արմատները հայրն ու մայրն են, այսինքն՝ ընտանիք: Հոր և մոր դերն ընտանիքում յուրքանչյուրինը շատ կարևոր է ու առանձնահատուկ: Հոր դերը ընտանիքում դա ապահովության, կայունության, հզորության դերն է: Իսկ կնոջ դերը ներդաշնակության, գեղեցկության և նույնպես կայունության դերն է: Եթե ընտանիքից առաջ ենք գալիս դեպի երկիր, դա նույնն է: Այս հարցադրումը նման է այն հարցին, թե ո՞ւմ եք կարևորում, ձեր հորը, թե՞ մորը: Ես չէի ուզենա նման տարանջատում դնել, Մայր Հայաստան և միաժամանակ հայրենիք, երկուսն էլ կարևոր են: Բայց չգիտես ինչու, այս դեպքում ուզում եմ ասել հայրենիք: Ինչո՞ւ, որովհետև երևի ես ինքս լինելով տղամարդ, լինելով հայր, ուզում եմ ինձ վրա պատասխանատվություն վերցնել: Դրա համար մի քիչ շեղվեցի դեպի հայրենիք, բայց չէի ուզենա տարանջատել: Ինչպե՞ս է անցել ձեր մանկությունն ու պատանեկությունը, ինչպե՞ս է անցնում երիտասարդությունը: Ես ունեցել եմ տաք ու երջանիկ ընտանիք: Դա ամենևին չի նշանակում, թե դժվարություններ չեն եղել: Մենք ընտանիքով տարբեր դժվարությունների միջով ենք անցել: Բայց իմ ընտանիքի մեծ շնորհքն է եղել, որ այդ տաքությունն ու ջերմությունը ինձ տրվել է նաև դժվարության պայմաններում: Այսինքն՝ մանկությունս անցել է բոլորիս հայտի տարիներին՝ մութ ու ցուրտ: Բայց իմ հիշողության մեջ  չկա այդ ցուրտը կամ  մութը, որովհետև այդ մութ օրերին մայրս դաշնամուր էր նվագում, մենք հավաքվում էինք շուրջը, ջերմության զգացողություն կար: Երբ մի քիչ առաջ ենք գնում, իմ պատանեկության փուլն է, և այդ ժամանակ արդեն ընտանիքիս կողմից շարունակական պահանջ է եղել իմ՝ ինքնակրթվելու ու զարգանալու հարցի վերաբերալ: Դա երևի ամենամեծ պահանջներից մեկն է եղել իմ կյանքում: Եվ մինչև հիմա ես սովորում եմ, վերջին համալսարանն ավարտել եմ մի քանի ամիս առաջ և չեմ բավարարվում դրանով: Ես մտքումս ունեմ մի քանի մտահղացումներ, որ պետք է շարունակել: Այդ տարիներից իմ մեջ տպավորված է երկու բան՝ շախմատը, որովհետև բավական երկար տարիներ պրոֆեսիոնալ շախմատով են զբաղվել, և Դիլիջանը, որովհետև ամեն տարի անպայման հանգստանում էինք Դիլիջանում: Եվ ինձ մոտ մինչև օրս յուրահատուկ զգացողություններ կան՝ կապված Դիլիջանի հետ: Հետևությունը, որը ես ուզում եմ անել իմ ասածից, հետևյալն է՝ որքանո՞վ է մարդու մանկությունը փոխում ու ձևավորում նրան այնպես, ինչպես նա այսօր կա: Ես հիմա այս պատասխանը տվեցի ու տեսա, որ այսօր այդ ամենի տարրերը կան իմ մեջ: Որտեղի՞ց եք սերում արամատներով, և որքանո՞վ են մարդու համար կարևոր սեփական արմատները ճանաչելը: Այս հարցի վերաբերյալ և բացասական պատասխան ունեմ, և դրական: Սկսեմ բացասականից՝ իրականում քո արմատները շատ կարևոր են, բայց դրա բացասական կողմն այն է, որ հաճախ քո արմատները քեզ սահմանափակում են: Այսինքն՝ դու քո հետագա որոշումների մեջ փակ ես լինում: Ես չէի ուզենա երբեք, որ ինձ ինչ-որ բան սահմանափակեր կյանքում, որովհետև ես ազատ մարդ եմ և ուզում եմ իմ կայացրած որոշումները լինեն ռացիոնալ: Միևնույն ժամանակ շատ կարևոր են արմատները, որովհետև Հայաստանն ունի մշակութային մեծ արժեք, որը սերնդե սերունդ ստեղծվել ու պահպանվել է: Եվ գլոբալիզացիայի առաջին խնդիրներից մեկն այն է, որ այդ արժեքները կորում են: Այսինքն՝ մեծ հնարավորություն կա, որ մեր պես փոքր ազգերը կկորցնեն այդ մշակութային կարևոր արժեքները: Ես կարծում եմ, որ մենք, իմանալով մեր անցյալը, արմատները, ունենք պատասխանատվություն դրանց պահպանման, դրանց համար կռվելու և դրանք պաշտպանելու համար: Այսինքն՝ այս հարցին երկու կետով եմ պատասխանում: Այո, արմատները շատ կարևոր են, պետք է իմանանք, պահպանենք և առաջ տանենք, պետք է աշխարհին գոռանք ու պատմենք դրանց մասին: Բայց մյուս կողմից դրանք չպետք է մեր որոշումների կայացման, մեր երեխաների դաստիարակության և այլ հարցերում մեզ սահմանափակեն: Որո՞նք են ձեր կյանքի կարևոր դասը կամ դասերը, որոնք քաղել եք: Առաջին դասը ինձ համար վերաբերում է «տաղանդ» ասվածին: Ես կյանքում հասկացել եմ՝ տաղանդի շնորհիվ չէ, որ մենք հասնում ենք ինչ-որ բաների, այլ աշխատանքի: Ես ուզում եմ խոսել տաղանդի մասին, որը, իմ կարծիքով, շատ փուչիկ դարձած մեծություն է: Այսինքն՝ մենք շատ ենք անիմաստ տեղը արժևորում տաղանդը: Անընդհատ ասում ենք՝ մենք տաղանդավոր ազգ ենք, այդպես չէ՞: Այո, ասում են՝ տաղանդավոր ազգ ենք, այս մարդը տաղանդ է, երեխան ինչ-որ բան է  անում՝ ապրես, տաղանդավոր ես: Կարծում եմ՝ դա շատ վատ բառ է: Կա տաղանդ, ես չեմ ասում, թե չկա, բայց դա մի մեծ փուչիկ է, որովհետև մարդը մի բան լավ է անում, տաղանդավոր է, հետո մի բան վատ է անում, նշանակում է ինքն անտաղանդ է: Ես կարծում եմ, որ կյանքում ամեն ինչի հիմքը աշխատանքն ու աշխատասիրությունն է: Ես ինձ տաղանդավոր մարդ չեմ համարում, բայց միաժամանակ ես չեմ կարծում, որ այս աշխարհում գոյություն ունի մի նպատակ, որը ես դնեմ ու չհասնեմ դրան: Տաղանդի շնորհիվ չեմ հասնում դրան, աշխատանքի շնորհիվ եմ հասնում: Ամեն ինչի հիմքում աշխատանքն է, աշխարհում շատ օրինակներ կան հանրահայտ մարդկանց վերաբերյալ: Երկրորդ դասը, որի մասին կուզեի շեշտել, դա կապված է սխալվելու հետ: Դա շախմատից իմ ստացած կարևոր դասերից մեկն է, դու խաղում ես շախմատ և մեկ էլ սխալվում ես: Իմ կարծիքով՝ երբեք մարդուն իր առաջին սխալը չի կործանել: Մարդը մեկ սխալ է անում, և այդ սխալը նրան գցում է մի պրոցեսի մեջ, նա հոգեբանորեն ճնշվում է, ասում՝ վայ, ես պարտվեցի: Եվ դու այդ սխալի պատճառով սկսում ես շատ ուրիշ սխալներ անել ու պարտվել: Բայց պետք է հասկանալ, որ այդ առաջին սխալը ոչ մի բան չի փոխում: Շատ կարևոր է առաջին սխալն անելու պահին մի հատ սթափվել, հետո շարժվել առաջ: Քո առաջին սխալը չպետք է հանգեցնի հաջորդ սխալների: Անդրադառնանք Հայաստանի խնդիրներին, քանի որ մասնագիտությամբ ֆինանսիստ եք, ի՞նչ եք նկատում, Հայաստանի բիզնեսն ի՞նչ խնդիրներ ունի այսօր: Ամենաառաջին խնդիրը դա մրցակցության բացակայությունն է Հայաստանում: Իշխանափոխությունից հետո ես տեսնում եմ առաջին քայլ՝ մրցակցության հնարավորության ստեղծում: Այսինքն՝ դաշտի ազատականացում է տեղի ունենում, նոր մասնակիցներ հնարավորություն ունեն մտնել դաշտ: Բայց այս պահին դեռ չունենք մրցակցություն, ունենք հնարավորություն: Հաջորդ քայլը գործարարների կողմից դաշտի նկատմամբ վստահության բացակայությունն է: Ես տեսնում եմ, որ մենք այսօր դեռ չունենք այդ վստահությունը: Կա մրցակցության հնարավորություն, դաշտ մտնելու հնարավորություն, բայց վստահություն չկա: Այս պահին բիզնես դաշտում գոյություն չունի ուժեղ մրցակցություն: Մեզ մոտ միշտ պատճառաբանում են՝ փոքր շուկա ենք, դրա համար էլ չկա մրցակցություն: Դա առավելություն է, ես քիչ անց կանդրադառնամ դրան: Առաջինը, այս պահին բիզնես-պետություն համագործակցությունը շատ կարևոր է: Դաշտի ազատականացումը մեծ առավելություն է, բայց իմ կարծիքով՝ մյուս ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ պետությունը և բիզնեսն սկսեն իրար շփվել ու խոսել, դառնան ընկերներ: Իրենք մեկ նպատակ ունեն՝ ստեղծել հզոր երկիր, իրար դեմ հարցեր չունեն: Իմ կարծիքով՝ Հայաստանը լինելով փոքր երկիր՝ ունի մեծ հնարավորություններ: Իսրայելը մեկ մարդուն բաժին հասնող ինվոցիայի ծավալով աշխարհում առաջինն է: Իսկ ինովացիաների բացարձակ ծավալով ԱՄՆ-ից հետո երկրորն է: Այսինքն՝ այդ մեծ գերտերությունների թվում առաջինն է, ինչո՞ւ, որովհետև ինքը թեստինգ էր, որովհետև դու Իսրայելում հինգ րոպեում կարող էիր անել քո թեստը, ստեղծել քո պրոդուկտը և տեսնել՝ աշխատեց, թե չաշխատեց: Հայաստանում մեկ միավոր պրոդուկտ ստեղծելու համար շատ ավելի էժան ռեսուրս ու քիչ ժամանակ է հարկավոր՝ երկրի փոքր լինելու շնորհիվ: Իրականում Հայաստանը կարող է դառնալ Իսրայելի պես երկիր, որտեղ գաղափարն արագ ստեղծվում ու փորձարկվում է ուրիշ երկրի վրա: Ես կարծում եմ՝ ինովացիաները մեր երկրի զարգացման կարևոր ուղղություներից են, ինչո՞ւ, որովհետև մենք ռեսուրսներով հարուստ երկիր չենք: Եթե անդրադառնանք կրթության խնդիրներին Հայաստանում, ի՞նչ խնդիրներ ունենք այս ոլորտում, որո՞նք են Հայաստանում և արտերկրում կրթության ոլորտի տարբերությունները: Ամենամեծ խնդիրը, որը տեսնում եմ այսօր, այն է, որ դասախոսը ասող չպետք է լինի, ուսուցիչը պետք է ուսանողներին ասի տեսակետ, ոչ թե ճշմարտություն: Այսինքն՝ դու պետք է ուսանողներին սովորեցնես մտածել, ոչ թե ասել, որ նա ճիշտ է կամ սխալ: Դու պետք է ուսանողներին տաս ընտրության հնարավորություն, տաս հնարավորություն սովորելու սովորել: Պետք է տաս հնարավորություն սովորելու բաներ, որոնք իրենց պետք են լինելու կյանքում, իսկ գրքի բովանդակությունը կարդալ ու ասել՝ սա ճշմարտություն է, դա սխալ է: Կարծում եմ՝ հնարավորությունների ընձեռնման տեսակետից մեր երկիրը բավական լավն է, այսինքն՝ շատերը ստանում են կրթություն, մեկ շնչին բաժին հասնող կրթության ցուցանիշով մենք բավական մեծ գործակից ունենք, մանավանդ կանանց մասով, ինչն աշխարհի շատ երկրներում նկատելի չէ: Եվ մենք ուղղակի պետք է ունենանք կրթական ենթակառուցվածքների ու մեխանիզմների փոփոխություններ: Կարծում եմ՝ շատ արագ իրականացվելիք փոփոխություններ են դրանք: Եթե անդրադառնանք հայ հասարակությանը՝ որպես հավաքական միավոր, ինչպե՞ս կբնութագրեք այն: Ես կասեմ հետևյալը՝ ապացուցված է, որ եթե մարդ ինչ-որ բանի դժվարությամբ է հասնում, ավելի շատ է նվիրված լինում դրան: Մենք մեր պետությունն ու անկախությունը դժվարությամբ ենք ձեռ բերել, և դա մեզ համախմբել է: Երբ մենք նայում ենք անցյալը, բավական մեծ փորձությունների միջով ենք անցել: Փորձությունները միավորում են ազգին, խմբերին: Ապացուցվել է, որ երբ դրված են լինում խնդիրներ խմբերի առաջ, և կապ չունի, այդ խմբերի մեջ ինչ տարաձայնություններ ու ինչ մարդիկ կան, երբ իրենք փորձում են այդ խնդիրն իրար հետ լուծել, դա միավորում է նրանց: Այսինքն՝ մեր խնդիրների լուծումները միասին՝ որպես ազգ, բավականաչափ միավորել է մեզ: Դրա համար, երբ Հայաստանից մարդիկ դուրս են գալիս, փորձում են իրար օգնել, որովհետև միանման խնդրի առաջ են կանգնած: Ես տեսնում եմ այսօր, որ մենք բավական միավորված ազգ ենք: Բայց ես մանավանդ վերջին տարիներին տեսնում եմ պառակտումներ ու տարաձայնություններ երկրի ներսում: Ես կարծում եմ, որ թե քաղաքական, թե այլ առումներով կարևոր է, որ տարբեր մարդկանց միջև ոչ մի տեսակի լարումներ չձևավորվեն: Պետք է ձևավորվի խաղաղության մթնոլորտ, և լուծվեն խնդիրներ, որոնք մենք ունենք այսօր: Հայաստանում մենք այսօր ունենք խնդիրներ՝ ամբողջ ազգով լուծելու համար՝ սկսած մեր պատմական խնդիրներից, վերջացած այսօրվա միջավայրի փոփոխությամբ: Ոչ Հայաստանում, ոչ էլ աշխարհում չի կարող առանձին մարդ, կամ բիզնեսն առանձին վերցված խնդիրներ լուծել: Պետք է համատեղ խնդիր ձևակերպվի, բիզնեսը, հասարակությունը, պետությունն իրենց հերթին պետք է ընդունեն այդ խնդիրները, և բոլորով գնան այդ խնդիրների լուծմանը: Կողմերից մեկի պարտությունը բոլորի պարտությունն է լինելու, այստեղ կռիվ չէ, հստակ ամրության ձևավորման հարց է, որը մեզ պետք է տանի դեպի ընդհանուր հաղթանակի: Սովորաբար առողջացման համար լավ ախտորոշում է անհրաժեշտ, ըստ ձեզ՝ ո՞րն է մեր «դիագնոզը»: Ես շատ կդժվարանամ դիագնոզ սահմանել մեզ, որովհետև կարծում եմ՝  մենք շատ առողջ ենք: Մանավանդ վերջին տարիները ցույց տվեցին, որ մենք խոսող ենք, ասող ենք, նաև անհանդուրժող ենք: Ես երբեք առողջացման դիագնոզ չէի սահմանի մեզ համար, ես կասեի, որ մենք այսօր ունենք լուծելու խնդիրներ: Եվ որո՞նք են այդ խնդիրները, ինչպե՞ս լուծել դրանք: Չնայած մասամբ կարծես անդրադարձաք դրանց: Հստակ եմ տեսնում այդ խնդիրները՝ առաջինը, պետություն-բիզնես համագործակցություն, երկրորդ, հասարակություն-բիզնես համագործակցություն: Պետություն-բինզես համագործակցության շրջանակներում շատ կարևոր է, որ պետությունը ստեղծի երկրի ռազմավարությունը՝ վերևից մի հայացք ձգելով: Երբ ձևավորվի երկրի ռազմավարությունը, դրա ներքո սկսում է աշխատել բիզնեսը: Բնականաբար, բիզնեսը փորձում է մտնել այդ ռազմավարության մեջ, որպեսզի առաջ գնա: Դրա համար պետք է հաղորդակցություն ստեղծել, բիզնես-պետություն համագործակցությունն, իմ կարծիքով, առաջին խնդիրն է: Մրցակցության դաշտի ստեղծում, բայց ասում եմ՝ առաջին կարևոր քայլն արդեն արված է, ազատականացված է դաշտը, հնարավորություն կա մտնելու: Այստեղ արդեն պետք է վստահության մթնոլորտ ստեղծել, որպեսզի հնարավոր ներդրողները, որոնք քիչ չեն այսօր, գործեն: Կարևորում եմ, որ բիզնես ու հասարակություն հաղորդակցություն պետք է լինի, համատեղ պետք է նայեն առաջ: Հասարակությունը ևս վստահություն պետք է ունենա բիզնեսի նկատմամբ: Դա շատ կարևոր է նաև ֆինանսական շուկայի համար, որովհետև  ֆինանսական շուկան ի՞նչ է՝ հնարավորություն ֆինանսավորելու բիզնեսը հասարակության միջոցով: Եթե կա պետություն-բիզնես համագործակցությունը, նշանակում է բիզնեսն ու պետությունը վստահ են, մարդկանց մոտ արդեն վստահություն կա, որ կայուն է ամեն ինչ: Մարդը կարող է փողը դնել այդ բիզնեսի մեջ: Բացի դրանից, ինքը պետք է վստահ լինի այդ կազմակերպության ղեկավարման մենեջմենթի վրա: Այսինքն՝ հասարակությունը, տեսնելով բզինես-պետություն ներդաշնակության մասը, վստահում է բիզնեսին և իր ներդրումն է անում՝ ստեղծելով նոր բզինեսներ, կամ ներդրում է անում արդեն գոյություն ունեցող զարգացող բիզնեսի մեջ: Դա էլ բիզնեսներին հնարավորություն է տալու զարգանալու, առաջ գնալու: Պետություն-բիզնես ներդաշնակության միջոցով մենք կարող ենք զարգացնել կազմակերպությունները Հայաստանում և նաև գնանք դեպի միջազգային շուկա: Անհատնե՞ր, թե ինստիուտներ, որը զարգացնել: Ես ինստիտուցիոնալ մտածելակերպի մարդ եմ: Ես  հավատում եմ անհատներին, որովհետև ես լիդեր եմ ու պետք է տեսնեմ անհատների, որոնք շարժվում են առաջ: Բայց դա երկրորդ քայլն է, առաջինը ինստիտուցիոնալ համակարգի, բիզնես գործընթացների ձևավորումն է: Իսկ դրա համար պետք է ենթակառուվածքները զարգանան, պետք է հստակ մեխանիզմներ լինեն: Դրանից հետո արդեն մենք աշխատասեր ազգ ենք, կձևավորենք այն մարդկանց, ովքեր լինելու են այդ անհատները: Մենք պետք է ստեղծենք այդ ինստիտուցիոնալ համակարգը, որից դուրս են գալու այդ անհատները և ուզելու են մնալ ու գործունեություն ծավալել այստեղ: Ո՞րն է մեր պարտավորությունը հաջորդ սերունդների առաջ: Ես մաթեմատիկական պատասխան եմ ուզում տալ՝ ամեն միավոր ստեղծելուց պետք է մեկ միավոր ավելի բան ստեղծվի երկրի ներսում: Սերուդներին պետք է փոխանցեք մեկ միավոր ավելի արդյունք: Եթե մենք օգտագործում ենք ինչ-որ ռեսուրսներ, պետք է պարտադիր դա փոխհատուցենք: Եթե նույնիսկ շոշափելի ռեսուրսներ ենք օգտագործում, պետք է ստեղծենք ավելին, որպեսզի հաջորդ սերունդները կարողանան ստեղծել ավելին: Դա ամենակարևորն է: Այսօր ապացուցվել է, որ օդի, ջրի և հողի խնդիրն իրականում աշխարհում ամենասուրն է: Աշխարհի պրոգրեսիվ աճող հասարակությունն այսօր օգտագործում է այդ բոլոր ռեսուրսները: Դրանց  պահպանումը կարևոր է նաև ֆինանսական և բիզնես ոլորտների տեսակետից: Ավանդական պրոդուկտներն ու սերվիսներն օգտագործում են այն ռեսուրսները, որոնք վաղը-մյուս օրը պահպանելու ու առաջ տանելու համար մեծ ներդրումներ են պահանջվելու: Այստեղ բիզնես տեսակետից մեծ հնարվորություններ կան՝ այդ ուղղությամբ զարգանալու ու ներդրումներ անելու, որովհետև այսօր արդեն պարզ է, որ այդտեղ մեծ խնդիրներ են առաջանալու: Միաժամանակ պետք է հասկանանք, որ  եթե չանենք, հետո ի վերջո մի մեծ խնդրի առաջ ենք կանգնելու: Ի՞նչ եք անում դուք ամեն օր՝ Հայաստանն ավելի լավը դարձնելու համար: Մի քիչ կարող է ամբիցիոզ հնչի, բայց իմ՝ կրթություն ստանալուց, որոշ երկրներում աշխատելուց ու Հայաստան գալուց հետո այստեղ տարբեր գաղափարներ եմ ունեցել: Ես միշտ շատ դժվար եմ  պատկերացրել հայաստանյան միջավայրում աշխատելը: Եվ շատ դժվար եմ այս որոշումը կայացնել՝ մտնել այս կազմակերպություն: Բայց ի՞նչն է ինձ ստիպել մտնել, այն, որ այս խումբն իր մասնագետներով ու մոտեցումներով հնարավորություն է տալիս քո գաղափարներն իրականություն դարձնել: Ես տեսնում եմ իմ ներդրումը Հայաստանում գաղափարներ իրականացնելու, այդ գաղափարները հայաստանյան իրականությունում ներդնելու գործում: Ամեն օր մենք մեր թիմին հիշեցնում ենք, որ մեր դերը դեպի ապագա նայելն է, թե ինչ հավելյալ արժեք կարող ենք ստեղծել: Միաժամանակ, իմ դասավանդման միջոցով փորձում եմ իմ գիտելիքն ու փորձը կիսել ուսանողների հետ: Բայց դա ամենևին սովորեցնել չէ, այլ կիսվել է:  Ես տալիս եմ իմ փորձը, սովորածը, բայց և լսում եմ տարբեր մարդկանց կարծիքը: Այսինքն՝ սա երկկողմանի պրոցես է: Ի՞նչ եմ անում ես Հայաստանի համար՝ հաջորդ սերունդներին տալիս եմ իմ ունեցած գիտելիքների բազան, բայց նաև ուզում եմ այդ մարդկանցից լսել ու ստանալ, որպեսզի դա ևս նեդրնեմ մեր  խմբի մեջ՝ զարգացնելով այն: Մեզ պատմությունից հասել է տեղեկություն, որ Տիգրան Մեծի հայրենիքը՝ Ք. Ա. 95-55-ը, հայոց պատմության լավագույն էջերից մեկն է եղել: Ո՞րն է «95-55»-ի  ձեր կոնցեպտը: Նախ, երբ մեր պատմությունը նայում ենք, տեսնում ենք, որ մենք սիրում ենք պատասխանատվությունը դնել ուրիշների վրա: Մենք միշտ ասում ենք՝ կախված ենք գերտերություններից, այսինչ երկիրը կամ ինչ-որ մեկը մեզ պաշտպանելու է, տանելու է առաջ: Հետո պատմությունը ցույց է տալիս, որ փրկիչներ չկան: Եվ մենք ասում ենք՝ ամեն ինչի մեղավորն ինքն էր, մենք վստահեցինք, իսկ նա դավաճանեց: Բայց մեր և հաղթանակների, և պարտությունների մեղավորն ու պատասխանատուն մենք ենք եղել: Գոյություն ունեն երկրի շահեր, և մենք պետք է հույս դնենք միայն մեր վրա: Իսկ մենք ունենք այդ պոտենցիալը, աշխարհն այդ հնարավորությունը տալիս է, նախկինում էր, որ երբ դու ունեիր ռեսուրս, շոշափելի փայտ կամ նավթ, ուրեմն  դու հաղթող էիր: Այսօր տեխնոլոգիների ժամանակաշրջան է: Մենք տեխնոլոգիաների օգտագործմամբ կարող ենք անգամ նավթ ստեղծել Հայաստանում: Ես տեսնում եմ, որ Հայաստանի առողջապահության ոլորտն այսօր չզարգացած ինովացիոն նոր հնարավորություններ ունի, որը կարող է նոր ու շատ արագ զարգացումներ ստեղծել երկրի համար: Այսինքն՝ առաջին քայլը տեխնոլոգիաների օգտագործումն է: Երկրորդը, հստակ քայլեր պետք է արվեն սահմանների բացման ուղղությամբ: Այսինքն՝ մենք այսօր իզոլացված, շրջփակման մեջ ենք; Ես կողմ եմ, որ ազատականացում պետք է լինի թե առևտրի, թե սահմանների բացման տեսքով: Այսինքն՝ դա է մյուս հնարվորությունը՝ երկրին նոր շունչ տալու:  Չսահամանփակվել ինչ-որ երկրներով, ասելով՝ մեր փրկիչներն են, մեր ընկերներն են: Ոչ, մենք ունենք մեր բանակցման ուժեղ և թույլ կողմերը: Ուժեղ կողմերի հիման վրա պետք է բանակցել բոլոր կողմերի հետ և ստանալ առավելագույնը, որ կարող ենք անել մեր երկրի համար: Ես ասացի երեք փոփոխականներ՝ մարդիկ, կառավարություն, բիզնես: Այդ երեքի ընկերությունը, ձեռք ձեռքի տալը մեծ հնարավորություններ կարող է բացել մեր երկրի առաջ: Ի՞նչ պետք է լսեն կամ դիտեն մարդիկ այս զրույցը կարդալուց հետո, մի հղում տվեք: Այս հարցաազրույցը մեր երկրի մասին խոսելու մեծ հնարավորություն տվեց մեզ: Ես  կուզեմ, որ այս հարցազրույցը կարդալուց հետո մենք լսենք «Երազ իմ երկիր հայրենի» երգը՝ շատերի կողմից սիրված Ռոբերտ Ամրիրխանյանի կատարմամբ: Նա իմ պապիկն է, և ինձ համար ավելի մեծ խորհուրդ կա այդ երգի մեջ: Հարցազրույցների շարքն իրականացվում է «Գալաքսի» ընկերությունների խմբի աջակցությամբ, ընկերության սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում

Lragir.am,
13-07-2019 15:25