Վարչապետը փակում է ցիկլը. ՌԴ դեսպանի հայտարարությունը

Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը՝ Հայաստանում դատական ռեֆորմի եւ ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, արժանացել է շահարկման: Պետք է ենթադրել, որ խոսքը նախկին իշխանությանը հարող շրջանակների մասին է, որոնք բավականին լայն տարածում են, որ Վենետիկի հանձնաժողովը քննադատել է Հայաստանի իշխանության քայլերը: Արդարադատության նախարարության հայտարարության մեջ ասվում է նաեւ, որ վարչապետ Փաշինյանը առաջիկայում թեմայի վերաբերյալ կանի հայտարարություն: Արդարադատության նախարարության հայտարարությունը հետաքրքիր լույսի ներքո կարող է դիտվել այն հանգամանքի ֆոնին, որ նախարար Ռուստամ Բադասյանը հուլիսի 15-ին ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այդ հանդիպմանը քննարկվել է Վենետիկի հանձնաժողովի հարց, թե ոչ, օրինակ, պաշտոնական հաղորդագրությունը չի հայտնում: Փոխարենը հայտնում է, որ դեսպանը նշել է, թե հարգանքով են վերաբերվում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին եւ պատրաստ են ակտիվ գործակցությամբ զարգացնել տարբեր ուղղություններով հարաբերությունը: Փաստացի, ուղղակի, թե անուղղակի, բայց Վենետիկի «դժգոհության» ֆոնին Ռուսաստանի Դաշնության դեսպանը նախարարին հայտնում է «Ռուսաստանի հարգանքի» մասին՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ: Իսկ, եթե նկատի առնենք այն, որ ՌԴ դեսպանը մոտ մեկ ամիս առաջ հանդիպել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, ապա հնարավոր է եզրակացնել, որ հարգանքը ներառում է նաեւ ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակին: Ստացվում է հետաքրքիր պատկեր: Հայաստանի հանրության շրջանում կա լայն տարածված համոզում, որ հենց Ռուսաստանն է Հայաստանում դատական համակարգի վերափոխման խոչընդոտ՝ ելնելով նախկին համակարգին ցուցաբերվող աջակցությունից: Ավելին, ըստ տարածված համոզման, հենց Ռուսաստանի աջակցությամբ է կազմակերպվում դիմադրությունը դատական համակարգում: Այժմ ստացվում է, որ՝ ԵԽ Վենետիկի հանձնաժողովը «մտահոգված» է, իսկ ահա Ռուսաստանի դեսպանը հարգանք է հայտնում տեղի ունեցողին: Ինչ է ստացվում՝ Վենետի՞կն է հիմա էլ աջակցում նախկին համակարգին, իսկ Ռուսաստանը՝ հակառա՞կը: Համենայն դեպս ուշագրավ է, որ նախկին համակարգն աշխուժորեն Վենետիկ է «ցիտում»: Իրավիճակը սակայն ավելի շուտ հուշում է ոչ թե պարզունակ «շրջադարձը», այլ իրողությունների բազմաշերտությունն ու ոչ միարժեքությունը: Դա է քաղաքականությունը: Իսկ գործ ունենք հենց դրա հետ, ընդ որում սկսած դեռեւս Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման մասին մայիսի 18-ի հայտնի որոշումից, որն էլ փաստորեն գեներացրեց բուռն գործընթաց դատական համակարգի շուրջ: Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ըստ երեւույթին փակելու է ցիկլը: Եվ այդ իմաստով առավել հատկանշական կարող է լինել այն, որ ցիկլը փաստորեն մեկնարկել էր Ռոբերտ Քոչարյանի հետ ՌԴ դեսպանի հանդիպումով՝ նրան ազատ արձակելուց հետո, ինչը պաշտոնական Երեւանը գնահատեց ներքին գործին միջամտություն, եւ փակվում է փաստորեն, երբ երկրորդ նախագահը դարձյալ կալանատանն է, իսկ ՌԴ դեսպանը հանդիպում է արդարադատության նախարարի հետ եւ հայտնում Հայաստանում տեղի ունցողի հանդեպ ՌԴ հարգանքը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
15-07-2019 19:02