Արա Գևորգյանը Երևանի մենահամերգի ամբողջ հասույթն ուղղելու է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը

15-07-2019 19:18

Երաժիշտ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը, որը երկար տարիներ մենահամերգով չի ներկայացել հայրենիքում, սեպտեմբերի 7-ին իր արվեստի երկրպագուներին մեծ տոն է պարգևելու` հանդես գալով «Դու պիտի ճախրես» խորագրով համերգային ծրագրով: Այն նախատեսվում է անցկացնել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` համերգի ամբողջ հասույթը տրամադրվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը: Այդ նպատակով նախաձեռնության հեղինակները համագործակցում են «City of smile» հիմնադրամի հետ, որի առաքելությունն է կազմակերպել քաղցկեղով հիվանդ երեխաների, երիտասարդների որակյալ բուժումը Հայաստանում: «Բախտ եմ ունեցել մեր հայրենիքում  հանդես գալ մենահամերգներով, հեղինակային երեկոներով: 2001 թվականին հեղինակային համերգ կազմակերպեցինք` նվիրված քրիստոնեության ընդունման 1700-ամյակին, 2002 թվականին Սարդարապատում եմ խոշոր համերգային ծրագրով ներկայացել` նվիրված մայիսյան հաղթանակներին, այնուհետև ելույթներ եմ ունեցել տարբեր կարևորագույն միջոցառումների շրջանակներում: Այս տարի նախաձեռնեցինք իմ կողմից երկար սպասված այս համերգը, որպեսզի կարողանանք  օգտակար լինել այն երեխաներին, որոնք ունեն մեր աջակցության կարիքը»,-հուլիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արա Գևորգյանը: Նա ընդգծեց, որ ոչ մի անգամ Հայաստանում գումարով համերգ չի ունեցել, ոչ մի միջոցառման  համար չի վճարվել, և դա իր ցանկությունն է եղել: «Այս անգամ երեկոյի ամբողջ հասույթը տրամադրվելու է  երեխաներին: Կոչ եմ անում բոլորին կանգնել իմ կողքին»,- նշեց երաժիշտը: Գևորգյանը շնորհակալություն հայտնեց այն բոլոր անսամբլներին, որոնք մասնակցելու են ծրագրին` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին, Պարի պետական անսամբլին, «Սարդարապատ» պարի խմբին և մյուս մասնակիցներին: Խոսելով համերգի խորագրի մասին` Գևորգյանը շեշտեց, որ «Դու պիտի ճախրես»-ը իր նոր ձայնասկավառակի անվանումն է: «City of smile» բարեգործական հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյանն էլ տեղեկություն տրամադրեց  հիմնադրամի մասին` նշելով, որ այն ամբողջությամբ հոգում է քաղցկեղ կամ արյան հիվանդություններ ունեցող երեխաների բուժման ծախսերը: «Փորձում ենք այնպես անել, որ ծնողները ոչ թե մտածեն ֆինանսական խնդիրների մասին, այլ երեխաների կողքին լինեն,  աջակցեն  նրանց,  հոգ տանեն երեխաների մասին»,- ընդգծեց Դեմիրճյանն ու կոչ արեց գործարարներին, հնարավորություններ ունեցող մարդկանց աջակցել համերգին:

Lragir.am,
15-07-2019 19:18