Ուզում ենք քաղաքական դաշտն ականազերծել հեռակառավարվող ականից, որը Սամվել Բաբայանն է

Lragir.am-ի հարցերին պատասխանել է Արցախի նորաստեղծ «Միացում» միավորման անդամ Գագիկ Ավանեսյանը Պարոն Ավանեսյան, վերջերս ձեր միավորումը հայտարարեց, թե Սամվել Բաբայանի՝ Արցախի Սահմանադրությունը փոխելու նախաձեռնությունն արդարացի է, ինչը թույլ կտա Բաբայանին մասնակցելու հաջորդ տարի Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին: Ինչո՞ւ եք այդպես կարծում: Մենք հայտարարության մեջ նշել ենք, որ իշխանությունները պետք է հնարավորություն տան, որ Սամվել Բաբայանը նախընտրական փուլին  մասնակցի: Դրա հիմնական դրդապատճառն այն է, որ մենք ուզում ենք քաղաքական դաշտն ականազերծենք հեռակառավարվող ականից, որը Սամվել Բաբայանն է: Հինը պետք է թողենք անցյալում, Արցախի պատմությունը պետք է մաքուր էջից սկսենք: Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության հետ Արցախում էլ մի ժամանակաշրջան է փակվում, և հաջորդ փուլ անցնելու համար մեզ պետք չեն ականներ, որ հետո պայթեն: Մանավանդ, որ վերջերս այնպիսի իրավիճակ է ստեղծվել Արցախում, որ Սամվել Բաբայանն իր թիմակիցների հետ միասին սպառնում է իշխանությանը ապակայունացման փորձերով: Իշխանությունը պրեսինգի տակ գտնվելով, կարելի է ասել, ատրճանակը գլխին դեմ տված վիճակում ինչ-որ տեղ կորցրել է ադեկվատությունը, արդեն խրամատավորվում է, պատրաստ են բողոքի ցույցեր ցրելու, եթե այդպիսիք լինեն և այլն: Դա անընդունելի վիճակ է: Այստեղ խնդիրը նրանում է, որ Սամվել Բաբայանն իր ստորագրահավաքի նախաձեռնության տակ կատարում է ուրիշի պատվեր: Ում հետ զրուցում եմ, թե ինչ տեքստի տակ են ստորագարհավաք կատարում, այնպիսի տպավորություն է, որ հատուկ այդ տեքստն այնպես են կազմել, որ հակասահմանադրական լինի: Եվ տպավորություն է, որ հատուկ արել են, որպեսզի անկայունություն առաջացնեն Արցախում: Մենք գտնում ենք, որ դա անթույլատրելի է, դրա համար իշխանություններին կոչ ենք անում, որ այդ ճանապարհով չգնան, թույլ տան, որ պրոցեսները գնան այլ ճանապարհով: Եթե Սահմանադրությունը փոխելով կարողացել են Բակո Սահակյանի համար երրորդ ժամկետ ապահովել, ի՞նչն է խանգարում, որ այս դեպքում էլ հնարավորություն տան Սահմանադրությունը փոխել: Բայց իշխանությունը չի փոխելու, մեկ է, հանվաքվե պետք է անեն, թող անեն, տեսնեն՝ ժողովուրդը կո՞ղմ է, որ Սամվել Բաբայանը մասնակցի ընտրություններին, թե ոչ: Եվ այդ ժամանակ, ըստ ձեզ, կերևա իրական պատկե՞րը: Այո, իրական պատկերը կերևա: Ճիշտ է, Սամվել Բաբայանն այս առումով ավելի լավ վիճակում է, քան մնացած քաղաքական ուժերը, որովհետև ինքն անընդհատ քարոզչություն է իրականացնում իր օգտին: Բայց նաև հակաքարոզչությունն էլ չի արգելվում, մյուս ուժերն էլ կարող են հակաքարոզչություն անել: Եթե մերժելու է, թող ժողովուրդը մերժի նրան, ոչ թե պառլամենտը կամ Բակո Սահակյանը: Մեր միավորման համար երևի թե նախընտրելի է, որ Սամվել Բաբայանը չմասնակցի ընտրություններին՝ որպես լրացուցիչ մրցակից, բայց մենք կողմնակից ենք, որ ամեն ինչ մաքուր լինի: Մոտ 10 ամիս կա ընտրություններին, բայց արդեն ուժերի վերադիրքավորում է նկատվում: Մասնավորապես, նաև նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանն էլ է փորձում դիրքերն ամրապնդել: Ի՞նչ է կատարվում Արցախի քաղաքական դաշտում: Իրենք ավելի շուտ էին սկսել գործընթացն այնպես, ինչպես իրենք կարողանում են: Դա փող բաժանելն է՝ վարկեր, օգնություն և այն: Սամվել Բաբայան-Արայիկ Հարությունյան միջադեպի հետևանքով Արայիկ Հարությունյանի վարկանիշը բավական ընկավ: Արցախում սոցհարցում անցկացնելն անշնորհակալ գործ է, մարդիկ շատ ժամանակ խուսափում են իրենց կարծիքը հայտնել: Բայց շփվելով մարդկանց հետ՝ կարող եմ ասել, որ Արայիկ Հարությունյանի վարկանիշը բավական նվազել է: Սամվել Բաբայանը հավաքել է 10 հազարից ավելի ստորագրություն: Իր ասելով՝ 23 հազար է եղել, բայց մեր տվյալներով՝ 13-15 հազար է, որը բավական մեծ թիվ է Արցախի համար: Եվ դրա համար այդ մարդիկ, եթե ստորագրել են, մենք ասում ենք՝ թող հնարավորություն տան մի հատ հանրաքվե անենք: Եթե մեծամասնությունը կողմ է, որ Սամվել Բաբայանը մասնակցի, թող մասնակցի, ոչ մի խնդիր չեմ տեսնում: Ինչ վերաբերում է մյուս ուժերին, ԱԺԿ-ն ընդհանրապես լռում է, երևի թե այսօրվա դրությամբ ամենաճիշտն այն է, որ լռեին, որովհետև բան չունեն ասելու, քանի որ Արցախի այսօրվա վիճակի համար ամենամեծ պատասխանատուները «Ազատ հայրենիք» կուսակցությունն ու ԱԺԿ-ն են: Դաշնակցությունը փորձելու է ռեբրենդինգ անել, բայց կարծես իրենց համագումարը չկարողացավ դա անել, նույն մարդիկ են մնացել: Մեր կարծիքով՝ ընտրություններին պետք է մասնակցել համախմբված: Եվ մեր «Միացում» միավորումը հենց այդ նպատակն է հետապնդում: Մի քանի նորաստեղծ կուսակցություններ են համախմբել մեր միավորման շուրջ, հասարակական կազմակերպություններ: Եվ մինչև ընտրություններ հնարավոր է ավելի՞ ընդլայնվեք: Այո, մենք ահագին աշխատանք ունենք կատարելու նախքան ընտրությունները: Մենք մեզ դրսևորում ենք որպես նոր ուժ: Հստակ դրված են պայմաններ ու ֆիլտրեր, թե ովքեր կարող են միավորվել մեզ հետ: Դեռ մոտ կես տարի ժամանակ ունենք՝ ընդլայնվելու ու ամրապնդելու մեր դիրքերը: Հասարակության մոտ նոր ուժերի պահանջարկ կա՞: Միանշանակ, պահանջարկը կա: Այս շրջանում մարդիկ մի փոքր պասիվ են, ինձ թվում է՝ աշնանն արդեն ավելի հստակ կերևա մարդկանց ակտիվությունը: Բայց այն, որ պահանջարկը կա, դա միանշանակ է: Եթե չլիներ պահանջարկը, այդքան նոր կուսակցություններ միանգամից չէին ստեղծվի: Մեր մրցակցությունը պետք է լինի հին ուժերի դեմ, իսկ հին ուժերը դրանք Արայիկ Հարությունյանն է, իր «Ազատ Հայրենիք» կուսակցության հետ և ԱԺԿ-ն է՝ ի դեմս իր լիդներների, որոնց թվում է Աշոտ Ղուլյանը: Նրանց պատճառով է, որ Արցախը 20 տարի հետ է մնացել, երկրում նահանջ է կատարվել, խայտառակ վիճակ է: Նաև ապրիլյան պատերազմի համար են իրենք բոլորը պատասխանատու: Մնում է մենք կողմնորոշվենք մեր նախագահի թեկնածուի հարցում: Նախագահի թեկնածուն պետք է անպայման առաջադրվի ինչ-որ կուսակցության կողից, մենք դեռ այդ հարցը չենք քննարկել, հավանաբար աշնանը կորոշենք:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
15-07-2019 19:30