Վրացիների բախտը բերել է, որ ադրբեջանցի գիտնականները Դավիթ Գարեջին աղվանական վանք են անվանել

Վրաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները կրկին սրվել են: Բաքվում Վրաստանի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ «Վրաստանի մի խումբ քաղաքացիների կողմից երկու երկրների սահմանը խախտելու եւ ադրբեջանցի սահմանապահների վրա հարձակվելու կապակցությամբ»: «Ափսոսանք ենք հայտնում, որ այսպիսի գործողությունները հակասում են Ադրբեջանի եւ Վրաստանի ռազմավարական համագործակցության ոգուն եւ դա որակում ենք սադրանք՝ ուղղված երկու երկրների միջեւ առճակատմանը», – նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում: Պարզվում է, հուլիսի 14-ին սահմանապահ ուղեկալի մոտ միջադեպ է տեղի ունեցել: Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել է կոնֆլիկտի քննության մասին, որի պատճառը, լրատվամիջոցների տվյալներով, այն է, որ ադրբեջանցի սահմանապահները Բաքվի վերահսկողության տակ տարածքում գտնվող Դավիթ Գարեջի եկեղեցուց դուրս են բերել սրբապատկերները: Վրացի ուխտավորները պայքարի մեջ են մտնել նրանց դեմ: Վրաց-ադրբեջանական սահմանի վիճելի կետերից մեկը մնում է սահմանով բաժանված Դավիթ Գարեջի քարանձավային վանական համալիրը, որը Բաքվում համարում են Կովկասյան Աղվանքի մշակութային ժառանգություն եւ անվանում են Քեշիքչիդաղ: Եկեղեցու շուրջ կոնֆլիկտը շարունակվում է արդեն երկար ժամանակ, բայց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի Բաքու այցից հետո այն նորից թեժացել է, եւ այդ պահից սկսած պարբերաբար սրացումներ են տեղի ունենում: Առճակատմանը նպաստել են նաեւ ադրբեջանցի գիտնականները, որոնք փորձում են վանքը աղվանական ներկայացնել, որը չի կարող առաջ չբերել վրացի հավատացյալների վրդովմունքը: Խոսքը միայն Դավիթ Գարեջիի մասին չէ, այլ նաեւ Թբիլիսիի, որն ադրբեջանցի գիտնաականները նույնպես իրենց մշակույթի մաս են համարում: Մշակութային, ճարտարապետական ծավալապաշտությունը դառնում է Ադրբեջանի գլխավոր զենքը: Այն, ինչ ադրբեջանցի գիտնականները չեն կարողանում «ապացուցել» որպես ադրբեջանական մշակույթի մաս, պարզապես ոչնչացվում է, ինչպես Նախիջեւանում եղավ, որտեղ հետեւողականորեն ոչնչացվեցին մի քանի հազար հայկական խաչքարեր: Վրացիները պետք է շնորհակալ լինեն ադրբեջանցի գիտնականներին, որ Դավիթ Գարեջին աղվանական հուշարձան են համարում: Դա փրկել է վանքը, հակառակ դեպքում այն կոչնչացնեին, ինչպես Նախիջեւանի խաչքարերը: Ադրբեջանին ու Թուրքիային «պատկանելությունը» Վրաստանի դեմ դառնում է գլխավոր հարձակումը: Արդեն վրացի գիտնականներն են ասում, որ Վրաստանը փաստացի Աջարիան զիջել է Թուրքիային:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
15-07-2019 20:03