Առաջին ատյանի և Սահմանադրական դատարանները համաձայնություն են ունեցել

Մեր զրուցակիցն է փաստաբան, Մարտի 1-ի գործով Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը ՍԴ-ն որոշում է կայացրել Քոչարյանի գործով Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի առաջին մասով քննության առնել դատարանի դիմումը, որը կքննի օգոստոսի 20-ին: Ձեր կարծիքով, մինչ այդ չպե՞տք է լուծվի ՍԴ-ի հարցը, և եթե չլուծվի այդ հարցը, ի՞նչ կարող ենք ակնկալել ՍԴ-ից: Նախ հարց է, թե ինչպես է Սահմանադրական դատարանն ընդունել դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը այն պարագայում, երբ Վերաքննիչ դատարանը վերացրել է նրա՝ ՍԴ ուղարկելու որոշումը: Այսինքն, ստացվում է, որ վերացներ, թե չվերացներ, դատավորը կարող է նման դիմում ներկայացնել: Ինչ վերաբերում է նրան, թե ինչ կանի ՍԴ-ն օգոստոսի 20-ին. ճիշտն ասած, ՍԴ-ի այս պահվածքի մասին դեռևս շատ շուտվանից էր խոսվում: Առաջին ատյանի դատարանը կազմակերպված և շատ արագ այս ամենն արել է առանց տուժող կողմի գիտության: Դավիթ Գրիգորյանը մեր դատարաններին ոչ հատուկ արագ տեմպ է վերցրած եղել: Դա խոսում է այն մասին, որ ունեցել են համաձայնություն ՍԴ-ի հետ: Հենց այնպես, չեմ կարծում, որ այս հարցը կարգավորված լինի: Շրջանառվեցին բազմաթիվ խոսակցություններ, որ այո, ՍԴ-ն ունի այս գործը նման ելքով փակելու տրամադրվածություն: Հիմա ինձ համար էլ հասկանալի չէ, թե քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը ինչու է վարույթ ընդունել Սահմանադրական դատարանը: Ես այդտեղ սահմանադրականության հարց չեմ տեսնում: Եթե մյուս երկու հոդվածների հետ կապված ՍԴ-ն հայցը մերժել էր, ապա սա էլ պետք է մերժեր, որովհետև դա նույն ձևով է դրված, այդ երեք հոդվածների միջև չկա տարանջատված մոտեցում: Հետևաբար, ես կարծում եմ՝ վտանգ կա, որ ՍԴ-ն, որ 20 տարի օրենքը խախտել է, մի վերջին անգամ էլ խախտի այն նույն անձի համար, ում ցուցումը տարիներ շարունակ կատարել է: Իհարկե, վտանգավոր է այս ամենը: Անգամ ժողովուրդը դա գիտի ու պատկերացնում է: Ես էլի կողմ չեմ, որ  հարցերն այդ եղանակով լուծվեն: Ես կարծում եմ, որ հեղափոխության կանոնը պետ է կիրառվեր և բոլորը, որ հին իշխանությանն այս կարգի ծառայություններ էին մատուցել, իրենց պետք է ուղղակի հանեին գործից: Ի՞նչ Սահմանադրություն, ի՞նչ օրենք, ի՞նչ օրինականություն, այդ երբվանի՞ց են այդ մարդիկ սկսել օրենքն ու օրինականությունը շահարկել: Այն ժամանակ, երբ իրենք օրենքն ու օրինականությունը ոտի տակ են դրել, հիմա էլ շարունակում են այդպես ապրել, այս կարգի խաղերը չեմ կարծում, որ լավ ելք կխոստանան մեզ: Այստեղ օրենքով չի լուծվելու նաև այն, ինչը մեզ թվում է՝ օրենքով կարելի է լուծել: Նկատի ունեք այն, որ ԲԴԽ-ն վեթի՞նգ պետք է իրականացնի: Այո, ես կարծում եմ, որ ՍԴ-ում ճգնաժամն առկա է, և տարիների ընթացքում ստեղծված ճգնաժամի համար ՍԴ-ին ենք պարտական: Եթե ՍԴ-ն նույն Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի ընտրությունների արդյունքները ճիշտ դիտարկեր, մենք այսպիսի իրավիճակ չէինք ունենա: Հետևաբար, որքան ուրիշներն են մեղավոր, նույնքան էլ այս դատական համակարգն է մեղավոր այս ամենի համար: Ոչ մի լավ բան չեն խոստանում դատարանի կողմից նմանատիպ փոխհամաձայնեցված գործողությունները: Խոսքը առաջին ատյանի դատարանի և ՍԴ-ի փոխհամաձայնեցված գործողությունների մասին է: Այդ դեպքում ինչպե՞ս պետք է լուծվի այս ճգնաժամը: Ելքը Վահե Գրիգորյանը ճիշտ է ներկայացրել, պետք է նայել, գնահատել բոլոր հանգամանքները և պետք է ՍԴ անդամներին վերահաստատվելու հնարավորություն տան ԱԺ-ի կողմից որպես դատավորներ, ինչից իրենք շատ վախենում են, որովհետև գիտեն, որ հաստատ չեն վերահաստատվի: Կամ էլ իրենք  պետք է դիմում գրեն հեռանան՝ հասկանալով, որ այս երկիրը քանդելու և այլանդակելու մեջ իրենք դերը շատ մեծ է եղել: Եթե օգոստոսի 20-ին ՍԴ-ում սկսի քննվել Քոչարյանի գործով դիմումը, մենք նորից հայտնվելու ենք Քոչարյանին բռնել-բաց թողնելու շրջապտույտի մե՞ջ: Այդ հոդվածի սահմանադրականության հետ կապված ՍԴ-ն կարող է այնպիսի դիրքորոշում հայտնել, որ ձեր ասած իրավական հետևանքն առաջացնել: ՍԴ-ն կարող է մի ոչ անկեղծ, խուճուճ-մուճուճ ձևակերպումներով իրեն վայել գնահատական տա, որի արդյունքում ունենաք մի վիճակ, երբ ունենք հանցագործություն կատարած անձինք, և ունենք ՍԴ-ի անհասկանալի որոշում:  Չգիտես ինչու, ես այդ մտավախությունն ունեմ: Երևի տարիներ շարունակ առնչվելով ՍԴ-ի հետ նաև Ստյոպա Սաֆարյանի ընտրությունների վերահաշվարկի արդյունքների հարցով, ես հասկանում եմ, որ ոչ մի լավ բան չի կարելի սպասել ՍԴ-ից: Մանավանդ որ ՍԴ-ի բոլոր անդամները, բացի 1-2-ից, լուրջ կախվածություն ունեն նախկին նախագահից, հազարավոր թելերով կապված են նրա հետ: Էլ չեմ ասում, որ նրանք շատ բաներ են կոծկել ընտրությունների արդյունքների հետ կապված: Այս առումով մենք շատ դժվարությունների առաջ ենք կանգնած: Եթե անկեղծանամ, ավելի շատ հակված եմ, որ վատ բան են անելու, քան որ օրենքով են գործելու: ԲԴԽ նոր անդամների ընտրության հետ կապված շատ փաստաբաններ նշում են, որ ավելի լավ էր հին անդամները մնային, քան նորերը գային, որովհետև նոր եկածները մարդիկ են, որոնք տարիներ շարունակ իրենց որոշումներով ու վարքով խիստ կասկածի տակ են դրել դատական իշխանության անկախությունը: Դուք ինչպե՞ս եք գնահատում այդ անձանց ընտրությունը: Ես չեմ ուզում թիրախավորված ներկայացնել: Ես ամբողջ համակարգը բարեփոխելու կողմնակից եմ: Ես կարծում եմ, որ սրանք կոսմետիկ բաներ են, ում էլ ընտրեին, երևի այսպես էլ պետք է ասեին: Շատ քիչ մարդիկ կան այնտեղ, որ ցանկալի կլիներ, որ հասարակությունը նրանց տեսներ ԲԴԽ-ում: Հետևապես, ինչ էլ արվեր, այդպիսի մոտեցում էր լինելու, այդպիսի հայտարարություններ արվելու էին: Հետեաբար, պետք է լուրջ փոփոխությունների գնալ, դատական ռեֆորմի բացակայությունը ավելի է բարդացրել Հայաստանում տիրող իրավիճակը:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
15-07-2019 22:04