Տավուշի մարզի տարբեր համայնքներում յոթ նոր Վիքիակումբ է բացվել

15-07-2019 22:12

ՀՀ Տավուշի մարզի Գոշ,  Լուսահովիտ և Սարիգյուղ համայնքներում, Կիրանցի և Նոյեմբերյանի երկու՝ ավագ և հիմնական, ինչպես նաև Արճիսի դպրոցներում հիմնադրվել են վիքիակումբներ: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունից: Մարզպետ Հայկ Չոբանյանը և «Վիքիպեդիա Հայաստանի» ԳՀԿ-ի նախագահ Սուսաննա Մկրտչյանը, կարևորելով նորարարական կրթական համակարգերի ներդրումը Տավուշում 2019 թվականի մարտ ամսին ստորագրել են համագործակցության հուշագիր: Հուշագրի համաձայն՝ «Վիքիմեդիա Հայաստան»-ը պարտավորվում է Տավուշի մարզի ուսուցիչների համար Վիքիպեդիայի դասընթացներ կազմակերպել և օգնել նրանց վիքիակումբների ստեղծման և գործունեության մեջ: Մարզպետարանը պարտավորվում է ուսուցիչներին խրախուսական հավելավճարներ հատկացնել ըստ իրենց գործունեության մոնիթորինգի: Գործընթացը սկիզբ է առել մարտի 25-ին, երբ Տավուշի մարզի 35 ուսուցիչ մասնակցեց «Վիքիմեդիա Հայաստան»-ի կազմակերպած Վիքիպեդիայի խմբագրման հնգօրյա դասընթացին: Համագործության երկրորդ փուլը մեկնարկեց հուլիսի 6-ին, երբ վիքիակումբներ հիմնադրվեցին Գոշ, Լուսահովիտ և Սարիգյուղ համայնքներում, իսկ հուլիսի 13-ին՝ Կիրանցի, Նոյեմբերյանի երկու՝ ավագ և հիմնական, Արճիսի դպրոցներում: Դպրոցներն ընտրվել են ըստ Վիքիպեդիայում ուսուցիչների ներդրումների: Դպրոցում վիքիակումբ հիմնադրելու համար անհրաժեշտ է, որ դպրոցի ուսուցիչներից գոնե մեկը տիրապետի Վիքիպեդիայում խմբագրման գործիքներին և շարունակաբար որակյալ ներդրում ունենա: «Վիքիակումբները կրթական հեղաշրջում կատարելու պոտենցիալ ունեն: Շատ բնակավայրերում վիքիակումբները աստիճանաբար փոխում են թե՛ աշակերտների և, թե՛ չափահասների մտածելակերպը»,- նշում է «Վիքիմեդիա Հայաստան»-ի նախագահ Սուսաննա Մկրտչյանը և հավելում, որ շատ բան կախված է ակումբի ուսուցիչ-համակարգողից: Սուսաննա Մկրտչյանն ընդգծում է, որ շատ կարևոր է, որպեսզի ակումբի համակարգողը շարունակական ներդրում ունենա Վիքիպեդիայում, ինչը հնարավորություն կտա նրան ընդլայնել և խորացնել իր մասնագիտական գիտելիքները, դասավանդման նորարարական մոտեցումներ ձեռք բերել և յուրաքանչյուր աշակերտին տարբերակված մոտեցում ցուցաբերել: Վիքիպեդիայի խմբագրմանը դպրոցականներին մասնակից դարձնելու նպատակով «Վիքիմեդիա Հայաստան»-ը ՀՀ տարբեր բնակավայրերում ստեղծում է վիքիակումբներ, որտեղ նրանք ազատ ժամերին, համակարգողի օգնությամբ սովորում և խմբագրում են հայերեն հոդվածներ: Ակումբը ոչ ֆորմալ կրթության օղակ է, ունի համակարգող, որն այցելուներին սովորեցնում է խմբագրման նրբությունները, տեղեկացնում նոր գործիքների մասին, հետևում խմբագիրների ստեղծած հոդվածներին: Այցելուները հիմնականում դպրոցականներ ու երիտասարդներ են, սակայն կազմակերպությունն ակումբների միջոցով կրթում է նաև մեծահասակների:

Lragir.am,
15-07-2019 22:12