Երեք նախագահների ճգնաժամի հանգուցալուծումը

Ճգնաժամ կա էն պահից, երբ սահմանադրական փոփոխություններն իրականացվել են, որը չի ծառայել հանրային շահին: Այդ կարծիքը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում արտահայտել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով սահմանադրական ճգնաժամի վերաբերյալ հարցին, որ անցնող շաբաթներին ամենահաճախ հնչողներից է ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում: Ավելի վաղ առիթ ունեցել եմ անդրադառնալ հարցին, խոսելով այն մասին, որ ՍԴ շուրջ չի կարող ճգնաժամ «ստեղծվել» կամ «ստեղծվել» իրավական, դատական ճգնաժամ, որովհետեւ ճգնաժամի ստեղծումն այդ իմաստով ենթադրում է «չճգնաժամի» առկայություն: Մինչդեռ, Հայաստանում եղած այսպես ասած անաղմուկ իրավիճակը շատերը թյուրիմացաբար ընկալում են իբրեւ «չճգնաժամային» իրավիճակ: Իրականում, եթե խոսում ենք ճգնաժամի մասին, ապա Հայաստանում սահմանադրական, իրավական, դատական ճգնաժամ առկա է առնվազն քառորդ դար, որովհետեւ ստեղծվել են կառույցներ, որոնք եղել են ավելի շուտ ցուցանակ, ոչ թե ինստիտուտ: Խոսքը դատական, ընտրական, սահմանադրական կառույցների մասին է: Ի վերջո, նաեւ հենց այդ ճգնաժամն է, որ Հայաստանը բերել է հեղափոխության անհրաժեշտության ու հրամայականի, էվոլյուցիոն զարգացումը դարձնելով գործնականում անհեռանկար, քանի որ արատավոր համակարգը միշտ լինելու էր ռեֆորմիստական առանձին փորձերից ավելի ագրեսիվ, առնվազն տգիտության եւ մարտնչող միջակության բնույթից ելնելով: Եթե Հայաստանում չլիներ սահմանադրա-դատական ճգնաժամ, չէր հասունանա հեղափոխության անհրաժեշտությունը: Իսկ այդ անհրաժեշտությունը սկսել է հասունանալ կեղծված առաջին ընտրությունից, պարտադրված Սահմանադրությունից: Պարզապես, առաջին տարիներին հանրությունն ուներ էվոլյուցիոն ցիկլերով իրավիճակ փոխելու հույս: Այդ հույսը աստիճանաբար չեզոքացավ, տեղը զիջելով այլ պատկերացումների եւ մոտեցումների: Գործնականում, այն, ինչ ասում է արդարադատության նախարարը, հենց այդ ճգնաժամային քառորդդարյա ընթացքի արձանագրումն է, որովհետեւ Հայաստանում Սահմանադրությունը որպես իշխանության կնիք հանրությանը առաջին անգամ պարտարդվել է ոչ թե 2015 թվականին, այլ երեք անգամ՝ 1995, 2005 եւ 2015 թվականներին: Այլ կերպ ասած, Հայաստանում տասը տարին մեկ պարբերականությամբ թարմացվել է եղած ճգնաժամը: Հետեւաբար, հաղթահարման արդյունավետ ուղիների մասին խորհելու համար անհրաժեշտ է ճգնաժամը ախտորոշել ամբողջությամբ: Ակնառու է, որ այս կամ այն անձի Սահմանադրությունը չէ ճգնաժամի պատճառը: Ի վերջո, Հայաստանում երբեք չի եղել «անձի Սահմանադրություն»: Եղել է «համակարգի Սահմանադրություն»: Այդ համակարգը ներկայումս իշխանության կարգավիճակում չէ: Բայց պահպանված է այդ համակարգի «Սահմանադրությունը»: Ամբողջ խնդիրն այն է, որ Սահմանադրությունը փոխելը ինքնին չի բերի քառորդ դար ձգվող ճգնաժամի հանգուցալուծման, որովհետեւ բուն ճգնաժամը հանրային ու վերնախավային պատկերացումների եւ արժեքների, դրանց ներդաշնակեցման տիրույթում է: Ըստ այդմ, ճգնաժամի հաղթահարումը այդտեղ է, որը կարտացոլվի արդեն նոր՝ հանրային լայն կամք արտահայտող Սահմանադրությամբ: Գործնականում, Հայաստանի առաջընթացին խանգարում է ոչ թե այն Սահմանադրությունը, որ նախկին համակարգից մնացել է առ այսօր, այլ հանրային եւ վերնախավային պատկերացումների, արժեքների, հասարակական-քաղաքական կյանքի ստանդարտների շուրջ մոտեցումների ներդաշնակեցման գործընթացի բացակայությունը: Սահմանադրությունը կարող է լինել հետեւանք կամ արդյունք: Հին Սահմանադրությունը իր փոփոխություններով հանդերձ հետեւանք էր: Նորը պետք է լինի արդյունք, մեզ նոր հետեւանք պետք չէ: Հարցն այն է, թե ինչի՞ արդյունք: Դա է, որ դեռեւս չունի շոշափելի պատասխան: Հեղափոխությունն ինքնին դեռեւս պատասխան չէ, մի շարք պատճառներով:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
15-07-2019 23:00