Իջեւանի բախումը կարող էր կազմակերպված լինել. Փոխոստիկանապետ

18-07-2019 14:15

«Իջևանում բավականին մեծ զանգված էր հավաքված՝ մոտ 500 հոգի, եթե ոչ ավելի: Պարզ է, որ դա կարող է նաև կազմակերպված լինել ինչ-որ մի խումբ մարդկանց կողմից, որոնք շահագրգիռ են այդ հարցում»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց փոխոստիկանապես Վլադիմիր Մովսիսյանը: Հարցին, թե կա՞ն օպերատիվ տվյալներ, թե ովքեր են ապօրինի անտառահատումների ու փայտանյութի բիզնեսի իրական ղեկավարները, նա պատասխանեց, որ իհարկե կան օպերատիվ տվյալներ, բայց դրանք դեռևս չեն հնչեցվում: «Ոստիկանական աշխատանքներն ու միջոցառումները շարունակվում են, այդ 36 հոգին, որ հնչեցրեց վարչապետը, վերաբերում է հակաօրինական գործողությունների ակտիվ մասնակիցներին: Ձայնագրություններով և այլ տվյալներով մենք ուսումնասիրել ենք, և այդ ցուցակն այդ քանակով առաջացել է»,- ասաց նա: Նա նշեց, որ խոսքը չի գնում սոցիալապես անապահով մարդկանց մասին, խոսքը գնում է զուտ բիզնեսի մասին, Արարատյան դաշտավայրում կամ այլ հատվածներում, որտեղ անտառ չկա, վաճառելու մասին է խոսքը: «Բայց սոցիալական խնդիր այստեղ չկա, քանի որ այն քանակը փայտի, որը գյուղացիները և այդ համայնքների բնակչությունը օգտագործում է իր վառելիքի համար, դա բավարար է իրենց համար»,- նշեց նա: Հարցին, թե երեկվա ակցիայի ժամանակ բերման ենթարկվածների ու  ձերբակալվածների մեջ այդ բիզնեսի ղեկավարները կա՞ն, նա պատասխանեց, որ իր կարծիքով՝ չկան: Այն մարդիկ են բերման ենթարկվել, ովքեր ակտիվ են եղել ոստիկանական աշխատանքներին հակազդելու մեջ: Հարցին, թե ինչո՞ւ նախորդ տարիների ընթացքում չի բացահայտվել այդ կոռուպցիոն սխեման, փոխոստիկանապետը պատասխանեց. «Եկեք ինքներս մեզ չխաբենք, մենք այն հանրապետությունն ենք և այն բնակչությունը, որ շատ լավ տեղեկացված է բոլոր պրոցեսներից: Այնպես չէ, որ այդ աշխատանքները ապօրինի ծառահատման կանխման ուղղությամբ չեն իրականացվել ոստիկանության կողմից, դրանք եղել են ակտիվ փուլում, այն, ինչ եղել է մինչև իրավիճակի փոփոխությունը, դա իհարկե առանձին քննարկման խնդիրներ են, դրանք եղել են, բացասական երևույթները և կոռուպցիոն երևույթները եղել են: Լոռու և Տավուշի մեր անտառային տարածքներում մոտ 30 տարի, կարելի է ասել, եղել են այդ դեպքերը»: Ըստ նրա՝ դա եղել է որպես բիզնես և, ինչպես նշեց վարչապետը, սևագործ աշխատանքն իրականացնոցները երևի թե չեն հարստացել, բայց մի խումբ մարդիկ, որոնք ղեկավարել են և ստվերում են գտնվել, նրանք հարստացել են: «Այս պահին իրավիճակն այնտեղ կայուն է, և չեմ կասկածում, որ կհրավիրվեն մարդիկ քննության ընթացքում: Եթե պարզվի այդ մարդկանց ինքնությունն ու մասնակցությունը ապօրինի ծառահատման գործում, անպայման կհրավիրվեն և կպատժվեն: Չի կարելի պետությանը դնել պայմաններ, որոնք անօրինական են»,- ասաց նա: Ըստ Մովսիսյանի՝ ոստիկանությունն իհարկե աշխատում է բնակչության հետ լինել լոյալ և ուժ կիրառել միայն օրենքով սահմանված կարգով: Ոստիկանությունն ուժ կիրառելու իրավունք ունի, դա ամրագրված է օրենքով: «Մենք ունենք այսօր երևույթներ, որ ճանապարհներ են փակվում, որոշ դեպքերում կարող է թվալ, որ դրանք արդարացի են, որոշ դեպքերում՝ ոչ, բայց ոստիկանությունն իր գործառույթներն իրականացնում է զուտ օրենքի կետից ելնելով: Նախկինում ուժ էր կիրառվում, դրա համար էլ հեղափոխություն եղավ»,- ասաց նա: Մանրամասները՝ տեսանյութում

Lragir.am,
18-07-2019 14:15