Որքան է փայտի բիզնեսի տարեկան շրջանառությունը եւ ովքեր են կանգնած դրա հետեւում

18-07-2019 14:36

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց, որ ըստ տարբեր գնահատականների՝ երկար տարիներ խոսքը գնում է տարեկան 500 հազարից մինչև 1 մլն խմ ստվերային փայտանյութի շրջանառության մասին, որը հատվում է անտառներից: «Եթե 1 մլն խմ-ն բազմապատկեք 40 դոլարով, տարեկան 40 մլն դոլար շրջանառության մասին է խոսքը»,- ասաց նա: Հարցին, թե ովքե՞ր են այդ ստվերային բիզնեսի հետևում կանգնած մարդիկ, նախարարը պատասխանեց, որ տեղեկություններն ամենօրյա ռեժիմով փոխանցվում են իրավապահներին: «Անձը, որը կա այդ ամենի հետևում, դա իրավապահների կողմից ներկայացվող տեղեկատվություն պետք է լինի, ես առանց որևէ հիմնավորման որևէ անուն չեմ ուզում նշել»,- ասաց նա: Էրիկ Գրիգորյանը նաև ասաց, որ համակարգը նախկինում այնպես էր կառուցված, որ մարդիկ, ովքեր ներգրավված են եղել ապօրինի անտառահատումների գործընթացին, նաև որոշակի ազդեցություն են ունեցել օրենսդրական գործընթացների վրա: Չի եղել համապատասխան շահագրգռվածություն՝ կարգավորել և պատժիչ ու կանխարժելիչ բավարար մեխանիզմ ներդնել, որպեսզի մարդիկ 50 անգամ մտածեն, նոր որոշեն՝ մտնեն անտառ, թե ոչ: Էրիկ Գրիգորյանը նաև անդրադարձավ միջոցառումներին, որոնք կանխում են ապօրինի անտառահատումները: Մանրամասները՝ տեսանյութում

Lragir.am,
18-07-2019 14:36