Շրջակա միջավայրի նախարարը պատրաստվում է շաբաթ օրը լողալ Սևանա լճում

18-07-2019 14:52

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը պատրաստվում է շաբաթ օրը լողալ Սևանա լճում, այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց նախարարը: Նա նշեց, որ վտանգ չի տեսնում լճի որակի հետ կապված, որևէ մտահոգիչ բան այսօր չկա: «Եվ այն ցուցանիշը, որն ունենք այսօր, որակի բարձրացման և թափանցիկության առումով, շատ էական է: Այս տարի միայն 100 մլն խմ ավել գոլորշիացում է եղել, 40 մլն-ով էլ քիչ տեղումներ են եղել: Այսինքն՝ 140 մլն խմ, որը Սևանի մակարդակի մոտ 10 սմ է կազմում, այդքանով քիչ ջուր է լցվել Սևան»,- ասաց նա: Անդրադառնբալով մասնագետների մտահոգություններին, որ ջրիմուռները ժամանակավոր են իջել հատակ, բայց հաջորդ տարի լճի «ծաղկման» պրոցեսը կկրկնվի, նախարարն ասաց, որ դրա դեմ պայքարելու են երկու ուղղությամբ: «Ջրի մակարդակը պետք է բարձացվի: Եվ դուք այսօր տեսնում եք, որ էականորեն ավելի քիչ ջրառ է իրականացվում, Արփա-Սևանով մուտք կա: Մակարդակի բարձրացմանը զուգահեռ ափամաքրման աշխատանքները պետք է կատարվեն: Մյուսը՝ կեղտաջրերի քանակը պետք է նվազեցվի: Այս երկու մեր հիմնական գործողությունը: Մնացած ամեն ինչը ածանցյալ ենթագործողություններ են»,- նշեց նա: Հարցին, թե այս տարի կհասցնե՞ն իրագործել այ գործողությունները, նախարարը պատասխանեց, որ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ: Հաջորդ երկու տարիների համար ափամերձ հատվածների մաքրման մեծ ծավալ է նախատեսվում: Նախարարն անդրադարձավ նաև Սևանի ափամերձ հատվածների առանձնատների հարցին, թե եթե դրանք չեն քանդվում, լճի ջրի մակարդակը չի բարձրացվում: «1500 մետրից ցածր գտնվող բոլոր 4800 շինությունները, բացառությամբ ԽՍՀՄ տարիներից մնացած որոշ պոմպակայաններ, բոլորն ապօրինի են: Քանդելը ինքը ֆինանսական ծախս է, որը մենք հաշվարկել ենք, տվել ենք նաև կառավարություն: Բայց կոնկրետ մարդիկ, ովքեր հանդիսանում են այդ տարածքների սեփականատերերը, նրանք իրենք պարտավորություններ ունեն: Բոլոր աշխատանքները՝ քանդման, ափամերձ տարածքների մաքրման մասով, բոլոր աշխատանքները պետք է իրականացվեն: Բայց եկեք մի բան էլ հստակեցնենք, ի՞նչ է նշանակում՝ դուք կարող էիք ջրի մակարդակը բարձրացնել ավելի, բայց չբարձրացրեցիք, դուք կանգնեցնում եք ավելի: Սևան մուտք է լինում տեղումներից, գետերից, Արփա-Սևանից: Այդ բոլոր մուտքերն այս պահին առավելագույն փորձում ենք ապահովել»,- նշեց նա: Մանրամասները տեսանյութում

Lragir.am,
18-07-2019 14:52