Մենք ունենք երեք ճակատագրական խնդիր

20-07-2019 18:16

Lragir.am-ը ներկայացնում է հարցազրույցների շարք «մտքի առաջնորդների» հետ: Նախագծի նպատակն է մեդիա տիրույթում զարգացնել «մտքի առաջնորդության» սկզբունքը՝ հարթակ ստեղծելով տարբեր ոլորտների, տարբեր տեսակետների ու հայացքների տեր մարդկանց համար՝ արտահայտվելու նույն հարցերի առանցքի շուրջ: Նախագծի նպատակը խելացի ու տեսլական ունեցող մարդկանց բացահայտումն է ու Հայաստանի տնտեսական զարգացման նոր դիսկուրսների սահմանումը: Շարքը վարում է լրագրող Ռոզա Հովհաննիսյանը: Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի: Հարցազրույցներն անցկացվում են 256 Hub-ում: Մեր զրուցակիցն է «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը: Նա մասնագիտությամբ ֆիզիկոս է, ավարտել է Երևանի Ֆիզմաթ դպրոցը, այնուհետև կրթությունը շարունակել է Մոսկվայի Ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտում: Երկար տարիներ գործունեություն է ծավալել ՏՀՏ ոլորտում: Արդեն հինգ տարի է՝ ինչ ղեկավարում է «Այբ» դպրոցը: Պարոն Փախչանյան, հայրենի՞ք, թե մայրենիք, և ինչո՞ւ: Ինձ համար հայրենիք, որովհետև իմ պատկերացմամբ՝ դա մեզ բոլորիս պահպանող երևույթ է, բոլորիս համար ստեղծված մի բան է մեր նախնիների կողմից, որի մեջ կա խորը իմաստային բովանդակություն, սերնդե սերունդ եկած ուղերձ: Եվ քանի որ մենք՝ հայերս, մեր տոհմական գիծը տանում ենք հայրական գծով, ինձ թվում է, այդ տոհմականության գաղափարն է այստեղ: Ինչպես մեր պատկերացմամբ ընտանիքում հայրն է պատասխանատուն և գլուխը, այնպես էլ պետության մեջ հայրն է ամեն ինչի ամփոփումը: Ես մեկնաբանեցի այնպես, ինչպես ես ընկալում եմ: Որտեղի՞ց եք սերում արամատներով, և որքանո՞վ է մարդու համար կարևոր սեփական արմատները ճանաչելը: Ճանաչելը շատ կարևոր է, այլապես դու քեզ մոլախոտ ես զգում: Ազնվական մարդու գլխավոր հատկանիշը պատասխանատվությունն է, սերնդային պատասխանատվությունը: Եվ քո նախնիների պատվի համար ես դու ապրում, և քո հաջորդողների համար: Եվ սերնդային այդ երկար հաջորդականությունը շատ կարևոր բան է, այլապես մենք կվերածվենք վատ իմաստով բանանային պետության: Իմ հայրական կողմից նախնիներս վանեցի են: Իմ պապն ու իր եղբայրները եղել են լուսանկարիչներ, ինչը 20- րդ դարի սկզբում նշանակել է նաև, որ իրենք տիրապետել են գիտելիքների և լավ կրթված են եղել: Իրենց նախնիները զբաղվել են հիմնականում լայնածավալ գյուղատնտեսությամբ քաղաքամերձ տարածքներում: Եվ երևի թե այդտեղից է սերել նաև իմ ազգանունը: Ինչպե՞ս է անցել ձեր մանկությունը, պատանեկությունն ու երիտասարդությունը: Իմ մանկությունը եղել է խորհրդային տարիների մանկություն և շատ երջանիկ: Ես որևէ բանի կարիք չեմ զգացել, միշտ եղել եմ հետաքրքրված ամեն ինչով, իմ հիմնական խնդիրը եղել է որևէ բան ավարտին հասցնելը: Մեր տանը բոլոր հորիզոնական հարթությունները միշտ լեփ-լեցուն էին տարբեր չավարտված նախագծերով: Լավ չէր, հիմա ես դրա համար զղջում եմ, բայց դա նաև կրթության ընթացք էր: Կրթությունն այդպիսին է, շատ հաճախ ավարտին չես հասցնում, բայց ինչ-որ բան սովորում ես: Երիտասարդությունս անցկացրեցրի հիմնականում Ռուսաստանում: Ուսման տարիներից հետո ընդամենը 2.5 տարի ես եղա Հայաստանում՝ 1991-93 թվականներին, այստեղ ամուսնացա, ունեցա առաջին զավակս, հետո մենք գնացինք Մոսկվա՝ ընդամենը մեկ ամիս աշխատելու համար: Հետո այդ մեկ ամիսը դարձավ ևս մեկ ամիս, հետո ամիսներ: Աշխատանքի ծավալն աճում էր, ես ամեն պահ հույս ունեի, որ շուտով կավարտեմ և կվերադառնամ Հայաստան, բայց դա տևեց մոտավորապես 21 տարի: Հետո վերջիվերջո հասունացավ վերադարձի պահը: Եվ ես կարծում եմ, որ իմ հասուն տարիքի առաջին կարևոր քայլը «Այբ» հիմնադրամի ստեղծմանը մասնակցությունն էր, որը շատ բան փոխեց իմ կյանքում: Այդ գործընթացն ինձ արդեն ամուր կապեց Հայաստանի հետ: Եվ դա իմ առաջին հետադարձ ներդրումն էր և իմ շնորհակալական խոսքն էր հայրենիքիս, որ ինձ այդպիսի հնարավորություններ տվեց: Գնալով այդ ներդրումն աճեց ու մի պահ վերածվեց Հայաստան վերադառնալու և այստեղ գործունեությունս շարունակելու գործընթացի: Ես կարծում եմ, որ մարդու կյանքում հասունությունն այն պահն է, երբ նա պատրաստ է փնտրել նոր իմաստներ կյանքում, երբ երիտասարդության տարիներին ձևավորված իմաստներն այլևս չեն բավարարում: Որո՞նք են ձեր կյանքի կարևոր դասը կամ դասերը, որոնք քաղել եք: Ամենակարևոր դասը, որը ես կյանքում քաղել եմ, այն է, որ դու ես պատասխանատու ամեն երևույթի նկատմամբ քո վերաբերմունքի համար: Չես կարող երբեք ասել՝ ես այլ կերպ չէի կարող անել, չէի կարող արձագանքել: «Ես այլ կերպ չէի կարող» բառակապակցությունը պետք է մոռացության մատնել: Կարող էիր, դա ամբողջապես քո որոշումն է: Մարդն այնքանով է ազատ, որքանով չի ենթարկվում այլոց, անգամ բնության կողմից ստեղծված իրավիճակներում թելադրված հուզական արձագանքի պահանջին: Մարդն այնքանով է ազատ, երբ ինքն է որոշում, թե ինչպես է արձագանքում ամեն բանի: Եթե դու այդպես ես, դու բանտում էլ ես ազատ, ամեն պահի էլ ազատ ես: Դա քո որոշումն է, դու կարող ես ամենուրեք լինել երջանիկ, անկաշկանդ, այնպիսին, ինչպիսին կուզես: Դժվար է դրան հասնել, քանի որ դա երկար տարիների աշխատանք է, բայց ես այդ ուղերձին փորձում են հետևել: Եվ դրանից բխող երկրորդ ուղերձը կա, որ երբեք որևէ մարդուց որևէ բան պետք չէ ակնկալել, որովհետև ակնկալիքները դարձյալ սահմանափակում են առաջին հերթին մեզ և մեր ազատությունը՝ լինելու երջանիկ: Որքան ավելի քիչ ես մարդկանցից ակնկալում, այնքան ավելի նրանց արածը քեզ համար մեծ ուրախություն է: Որքան քիչ ես ակնկալում, այնքան իրենց չարածը քեզ համար մեծ հիասթափություն չէ: Ես ոչ ոքից և ընդհանրապես կյանքից ու բնությունից ոչինչ չեմ ակնկալում, և դրա համար ինձ համարում եմ երջանիկ մարդ: Աշխատանքի բերումով դուք ամեն օր շփվում եք կրթական համակարգի հետ: Եթե անդրադառնանք կրթության խնդիրներին Հայաստանում, ի՞նչ խնդիրներ ունենք այս ոլորտում, որո՞նք են Հայաստանում և արտերկրում կրթության ոլորտի տարբերությունները: Մեր կրթության ոլորտում խնդիրները բազմաթիվ են և փոխկապակցված: Եթե շատ ընդհանրական ասեմ, իրենք բաղկացած են երկու տարբեր խմբերից: Մեկը անհաջող ժառանգությունն է: Խնդիրներ, որոնք ժառանագաբար հասել են մեզ, և խնդիրներ, որոնք թելադրված են ներկայիս պահով: Այսինքն՝ դեռ ընդամենը 10-15 տարի առաջ դրանք խնդիր չէին, իսկ հիմա դարձել են խնդիր, որովհետև աշխարհում վիճակ է փոխվել, և դրա հետևանքով այն, ինչը նախկինում որևէ խնդիր չէր հարուցում, հիմա սկսել է խնդիր հարուցել: Մեր կրթական համակարգն իր բնույթով թելադրողական է: Մենք շատ բաներ պարտադրում ենք: Չգիտես ինչու, մենք մտածում ենք, որ երեխան պետք է ծուլանա և չանի, և մենք պետք է իրեն ստիպենք ու պարտադրենք: Այդ ստիպողականությունն անհամաչափ է և երեխայի մեջ կոտրում է ձգտելու ցանկությունը: Ինչպես դա հաղթահարենք: Կարծում եմ, որ մենք պետք է մտածենք նրա մասին, որ կրթությունը դարձնենք ավելի ազատական: Դա նշանակում է յուրաքանչյուր երեխայի թույլ տանք լինել այնպիսին, ինչպիսին նա ուզում է լինել, ձգտում է լինել: Երբ դու չես կառավարում երեխայի ձգտումները, շատ ավելի մեծ հաջողությունների կարող ես հասնել, որովհետև երեխաները երազկոտ են: Հենց ազատություն ես տալիս իրենց մտքին, իրենք կարող են մեկ էլ սավառնել ու ձգտել մեծ բաների: Դրանից հետո արդեն այդ ձգտումը կարելի է վերածել հստակ քայլերի, թե մենք ինչ ենք անում դրան հասնելու համար: Եվ այդ քայլերը երեխան կանի արդեն՝ գիտակցելով, որ գնում է դեպի իր երազանքը, ճանապարհը, դա իր ընտրությունն ու ճանապարհն է: Ես չեմ ասում, որ դա մի կախարդական միջոց է, որ ինքնըստինքյան երեխային կդարձնի շատ լավ սովորող, կձևավորի անկաշկանդ կրթական միջավայր, և բոլորը կդառնան գոհ ու երջանիկ: Ոչ, բայց կարծում եմ՝ ամեն դեպքում դա պահի հրամայականն է, որովհետև կրթությունը պետք է լինի ներառական: Իսկ դա նշանակում է՝ ամեն երեխայի համար համապատասխան: Իսկ մեր խնդիրն այսօր այն է, որ ոչ մի երեխայի համար համապատասխան չէ: Եվ դա մենք պետք է սկսենք շատ արագ փոխել: Դա երևի հիմնական խնդիրն է՝ ինչպես անել, որ երեխան կրթության մեջ դառնա մեր հիմնական գործընկերը, աջակիցը, ոչ թե անձնավորություն, որն ընդամենը կատարում է մեր կամքը: Եկող սերունդն այդ առումով ըմբոստ է: Նրանք պատրաստ չեն մեծերի կամակատարը լինել: Մենք ապագային պատրաստվելիս հիմնվում ենք մեր նախկինի փորձի վրա: Դա մենք կոչում ենք իմաստություն, կյանքի փորձ և այլն: Այո, դա շատ դեպքերում աշխատող մոտեցում է: Սակայն մեր ժամանակներում ամեն բան այնքան արագ է փոխվում, ինչպես երբեք չի եղել, մենք ունենք աննախադեպ փոփոխությունների տեմպ աշխարհում: Այն վստահությունը, որ նախորդ փորձը մեզ կօգնի ապագայում, պետք է որ մեզ մոտ նվազի: Սակայն դա չի օգնում մեզ տեսնել ավելի լավ ապագա, որովհետև մենք հայացքների թարմություն չունենք: Միևնույն է, մեր աշխարհընկալման մեջ շատ բաներ ենթագիտակցորեն թելադրված են մեր նախկին փորձով: Երեխաներն այդ բեռը չունեն: Այնպես որ, այսօրվա իրողությունների մեջ նրանք տեսնում են ապագան շատ ավելի սթափ, քան մենք: Շատ ավելի լավ են տեսնում, իրենք են իրենց ապագային պատրաստվում շատ ավելի լավ, քան մենք: Այսինքն՝ այսօրվա կրթությունը պետք է կայանա երեխայի հետ երկխոսության մեջ: Նրանք են մեր գործիքները ապագան տեսնելու ու զգալու համար: Մեր աչքերը արդեն կույր են ապագան տեսնելու համար: Մենք պետք է իրենց օգնենք, աջակցենք այդ ապագային պատրաստվել իրենց ձևերով: Մենք այլևս չպետք է լինենք ուսուցիչ, որը գիտելիք է փոխանցում: Դու գիտելիք չես կարող փոխանցել, դու օգնում ես երեխային կառուցել գիտելիքը: Դա է իրական ուսուցչի դերակատարումը: Իսկ հիմա դա առավել ևս արդիական է, որովհետև ժամանակակից ուսուցիչը պետք է վերանայի իր մոտեցումը: Պետք է դադարի երեխային ընկալել որպես տգետ, որին պետք է գիտելիք սովորեցնել: Առաջինը, երեխան արդեն վաղուց տգետ չէ և գիտի շատ ու շատ բաներ, որոնք ուսուցիչը չգիտի: Ուղղակի այդ գիտելիքներն են տարբեր: Այնպես որ, մենք պետք է որպես հավասարի ընկալենք երեխային: Դա նաև համագործակցության կարևորագույն նախապայմանն է: Հենց դու դա անում ես, հենց երեխայի հետ սկսում ես հավասարի պես խոսել, դու ձեռք ես բերում իր իրական հարգանքը և իր մոտ ձեռք ես բերում քո ակնկալած հեղինակությունը: Ինչո՞ւ, որովհետև երեխան այլևս գիտակցում է, որ այս պահին նա վախից չէ քեզ հարգում, իրավիճակի պարտադրանքով չէ հարգում: Նա հարգում է, որովհետև տեսնում է քո մեջ մի մարդու, որից սովորելու բան ունի: Դու էլ պետք է նրան հարգես, և այդ փոխադարձ հարգանքի մեջ եզակի արդյունքներ են ստացվում: Այդ առումով մեր կրթական համակարգը մի մեծ ճանապարհ պետք է անցնի: Այն կաղապարված պատկերացումներից, որոնք այսօր կան, դեպի այսպիսի համագործակցական, աշակերտի կողմից իր կրթությանը տեր լինելու, իր կրթական նպատակները հստակ գիտակցելու և ընդունելու, իր սեփական որոշումներով այդ նպատակների մեջ մասնակցելու շուրջ կազմակերված կրթություն մենք պետք է ունենանք: Այնպես չէ, որ այլ երկրներն այդ առումով լավն են, բայց մի հետաքրքիր բան կա՝ այն կրթական համակարգերը, որոնք իրենց համարում են ավելի ձախողված, ավելի մեծ շանս ունեն ձեռք բերելու այդ նոր կրթությունը, քան այն երկրները, որոնք ունեն հաջողված կրթական համակարգ: Հաջողվածը դժվար է փոխել, հիմքեր չկան և այլն: Այնպես որ, այդ փոփոխությունները մեզ համար ավելի հասանելի են: Իսկ դա նշանակում է, որ պետք է ոչ թե մենք փորձենք ընդամենը կրկնօրինակել այլոց արածը, այլ արդեն այսօրվանից մտածենք, թե մենք ինչպես ենք համապատասխանեցնում մեր կրթությունն իրական պահանջներին: Եթե մենք դա ճիշտ անենք, կդառնանք նաև կրթական առումով հետաքրքիր երկիր: Մեզ մոտ կգան փորձի փոխանակման և այլ հարցերով: Ես երևի մի քիչ երազկոտ բաներ եմ ասում, բայց իմ պատկերացմամբ՝ դա է մեր կրթության ոլորտի հրամայականը: Եթե անդրադառնանք հայ հասարակությանը՝ որպես հավաքական միավոր, ինչպե՞ս  կբնութագրեք այն: Մեր հասարակությունն ունի երկու հիմնական խնդիր: Մենք ունենք սոցիալական բևեռվածություն, որը մասամբ գնալով հանգում է կրթական բևեռվածության, որովհետև սոցիալապես ավելի ապահով խավերն ավելի լավ կրթություն են կարողանում ապահովել իրենց հաջորդ սերնդի համար: Եվ դա ամենավտանգավորն է, որովհետև մենք դրանով ամրապնդում ենք այդ բևեռվածությունը: Այսինքն՝ կրթությունն այդ բևեռացման վիճակը վատթարացնելու լծակն է դառնում: Եվ այս իմաստով դարձյալ հրամայական է լավագույն կրթությունը հասանելի դարձնել բոլորի համար, որպեսզի այդ բևեռացումը նվազի: Երկրում կա նաև քաղաքական բևեռվածություն, նախորդ տարվա իրադարձություններն այդ բևեռվածությանը նոր երանգ տվեցին: Ես չեմ կարծում, որ նախկինում չկար, կար, այլապես չէին լինի այդ իրադարձությունները: Հիմա դրանք նոր երանգ ստանցան: Հիմա նրանք, ովքեր տուժեցին այդ իրադարձության արդյունքում, իրենք են դժգոհ, որ կա բևեռացում: Դա բերում է նրան, որ չկա համերաշխություն, որի հետևանքով չկա փոխադարձ վստահություն: Իսկ ցածր վստահությունը զարգացման հիմնական խոչընդոտն է: Ամենապարզ իրավիճակում, անգամ առևտրի մեջ, որքան ավելի բարձր է վստահությունը, այնքան ավելի մեծ գումարների մասին է միանգամից խոսք գնում, այնքան ավելի լայնածավալ համագործակցության մասին է գնում խոսքը: Որքան ավելի ցածր է, այնքան ավելի դանդաղ է ամեն ինչ ընթանում: Ամբողջ տնտեսական մեքենայի յուղը վստահությունն է: Եվ եթե մենք չհաղթահարենք բևեռվածությունը, և փոխադարձ վստահություն չլինի, չենք զարգանա: Ինչպե՞ս դա անել, ես խորապես համոզված եմ, որ վստահությունը հիմնված է բարոյականության վրա: Երբ դու սկսում ես անբարոյականություն ցուցաբերել և դրա համար չես պատժվում, և դա դառնում է սոցիալական նորմ, վստահությունը նվազում է: Եվ այստեղ ես չեմ խոսում միայն տարատեսակ բարոյականության ամրան հանդիսացող կառույցների վտանգվածության մասին, ինչպիսին է եկեղեցին կամ ընտանիքը: Ես ավելի լայն եմ խոսում: Մի երկրում, եթե կա 30 տոկոս աղքատություն, շքեղ մեքենա գնելը և վրան մի գեղեցիկ համար կպցնելն անբարոյական է: Մարդիկ դա պետք է հասկանան ու գիտակցեն, եթե չեն հասկանում, իրենք խնդիր են ստեղծում: Դա ի ցույց դնելը և դրանով պարծենալը բերում է նրան, որ երկրում նվազում է վստահությունը: Մենք վստահում ենք մարդկանց, որոնք պատրաստակամ են իրենցից կտրել ընդհանուրի համար, հրաժարվել սեփական «ես»-ից՝ ընդհանուր բարեկեցությունը բարձրացնելու համար: Եվ մենք գումար կտանք մի մարդու, ով երբեք իր գրպանը չի դնի, որովհետև գիտի, որ եթե դրեց իր գրպանը, խաբեց, մի բան վատանալու է դրանից հետո: Այդ իմաստով, հեղափոոխությունից հետո բան չի՞ փոխվել երկրում: Ես կարծում եմ, որ ոլորտային որոշ փոփոխություններ կան: Եթե մենք կոռուպցիայի մասին ենք խոսում, դա դարձյալ անբարոյականության արտահայտում է: Եթե մենք սկսում ենք վստահել նրան, որ մարդիկ այլևս պատրաստ չեն իրենց հարցերը լուծել հանրային շահի հաշվին, որը հենց կոռուպցիան է, այդ դեպքում շատ լավ նշան է: Դա միանշանակ կբերի հանրության մեջ վստահության աճի: Բայց եթե մենք կոռուպցիայի դեմ պայքարը տանում ենք դեպի ինչ-որ մարդկանց հալածելու ճանապարհով՝ պայմանավորված նախորդ իշխանության մաս կազմելու գործոնով, դա միանգամից այդ ամբողջի օգուտը ջուրն է գցում: Այստեղ շատ զգույշ է պետք լինել, ամեն տեսակի խտրականություն այդ առումով վատթարացնում է վստահության մակարդակը: Սովորաբար առողջացման համար լավ ախտորոշում է անհրաժեշտ, ըստ ձեզ՝ ո՞րն է մեր «դիագնոզը»: Երբ բժիշկը տեսնում է հիվանդին, եթե առերես այդ հիվանդը լուրջ հիվանդ է, նա հաստատ գիտի, որ մեկ հիվանդությունը 100 այլ խնդիրների առաջ է կանգնեցրել: Դու պետք է անդրադառնաս հիմնախնդիրներին, բայց պետք է նաև ուշադիր լինես, որովհետև որոշ սիմպտոմներ կարող են այնքան վտանգավոր լինել, որ կարող են ավելի շատ վնասել, քան բուն հիվանդությունը: Եվ շատ հաճախ բուն հիվանդությունը բավական երկարաժամկետ բուժում է պահանջում: Իսկ այդ որոշ սիմպտոմների հետ կապված դու կարող ես մարդու կյանքի որակը զգալիորեն բարձրացնել: Այո, դրանք սիմպտոմ են, բայց դրանք մարդու կյանքն են հեշտացնում, այն դարձնում են ավելի երջանիկ և գուցե դրանով օգնեն հիմնական խնդրի լուծմանը: Այնպես որ, դա կոմպլեքս մոտեցում է, չկա մեկ քայլ, որը բոլոր խնդիրները կլուծի: Այստեղ պետք է ամեն կողմից մոտենալ և ամեն բան հաշվի առնել: Իմ կարծիքով՝ ախտորոշման տեսանկյունից մենք ունենք մշակութային վերափոխման խնդիր: Մենք պետք է ձևավորենք երկրում նոր մշակույթ, որի մեջ կարևորվի համագործակցությունը, ժողովրդավարությունը, որը կբարձրացնի նաև վստահությունը տարբեր կառույցների նկատմամբ, կնվազեցնի կոռուպցիայի մակարդակը: Մենք պետք է ամեն կերպ խթանենք տնտեսության զարգացմանը, լուծենք մեր ռազմական խնդիրները, դրա համար առաջնային է ունենալ հզոր տնտեսություն, որ մենք իրապես լինենք անխոցելի: Մենք պետք է ունենանք զանազանություն, մենք չափից դուրս իրար նման ենք ինչ-որ չափով: Մի կողմից բևեռացված ենք, բայց մյուս կողմից մշակութային առումով շատ միապաղաղ ենք ու այդ առումով վտանգված: Այդ իմաստով շատ ողջունելի է Սփյուռքի ներհոսքը, որն իր հետ բերում է տարատեսակ նոր մշակույթներ տարբեր երկրներից: Ես նաև կարևորում եմ, որ հայ ազգը վերջիվերջո ունի իր տարածքը, պետք է այդ տարածքը տնօրինի: Մենք չափից դուրս շատ ենք ապրել այլոց երկրներում, մեզ համար կարևոր է մեր տարածքը: Այդ առումով նաև մեր առաջնային խնդիրն է այստեղ հայերի, հայ մշակույթի կրողների քանակը պահպանել բարձր և աճեցնել: Մենք դեմոգրաֆիական շատ սուր խնդիրներ ունենք: Այսինքն՝ մեր խնդիրները զանազան են, բոլորը պետք է լուծել՝ չհրաժարվելով կարևորագույն սկզբունքներից, այն է՝ խնդիրների լուծման մեջ պետք է ներառել հնարավորինս այն մարդկանց, որոնք պատրաստակամ են մասնակցել խնդիրների լուծմանը ոչ թե խոսելու, այլ գործելու մակարդակով: Երկրի կառավարումը պետք է լինի հնարավորինս ներառական, ներգրավի կարծիքներ, լինեն հանրային քննարկումներ, շարուժումներ, հանրային կառույցներ, որոնք կստանձնեն որոշ պատասխանատվություն և պետության հետ համատեղ որոշ խնդիրներ կլուծեն: Կան ոլորտներ, որոնք պետք է լինեն պետական մենաշնորհ, բայց կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ հնարավորություն կա ներգրավել հանրային ուժ և այդ ուժի միջոցով խնդիրներ լուծել: Այսինքն՝ պետության ու հանրության համագործակցությունը պետք է արդյունավետ լինի: Իշխանությունը միայնակ չի կարող լուծել այդ հարցերը: Եվ մասամբ պատասխանեցիք նաև այս հարցին, թե որո՞նք են մեր երկրի առջև ծառացած խնդիրները և ինչպես լուծել դրանք: Ինձ թվում է՝ հիմնական խնդիրը հետևյալն է՝ մենք շատ չենք, ամեն ոլորտի մասնագետները շատ չեն, և այդ մասնագետների ներգրավումը շատ կարևոր է: Հանրային դիսկուրսը շատ կարևոր է, որովհետև դա բերում է խմորումների, ինչը տալիս է լավագույն լուծումներ, այդ լուծումների հետ մեկտեղ իրագործելու կամք է ձևավորվում: Անհատնե՞ր, թե ինստիտուտներ, որը զարգացնել: Իհարկե, ինստիտուտներ: Ինստիտուցիոնալ զարգացումը շատ կարևոր է: Անհատի դերը ես միշտ բարձր եմ համարել և երբևիցե պատրաստ չեմ ուրանալ անհատի ազդեցությունը: Մենք ընդհանրապես անհատների ազգ ենք, բայց ունենք մեծ բաց երկու ոլորտում: Մեկը լիարժեք ինստիտուտներ ձևավորելու հարցն է, դրանք դժվարությամբ եմ կայանում մեզանում: Երկրորդը, մենք՝ հայերս, ընդհանրապես խնդիր ունենք պրոդուկտ ձևավորելու հարցում: Վաղուց գիտակցել ենք, որ Հայաստանը հետաքրքիր է զբոսաշրջիկների համար, մեզ համար զբոսաշրջության աճը կաևորագույն խնդիր է, բայց Հայաստանը որպես տուրիստական պրոդուկտ ձևավորելու խնդիրը թողել ենք ինքնահոսի: Եվ սա ընդամենը մեկ օրինակն է: Բոլոր սպասարկման օբյեկտները հենց ճանապարհի վրա ենք կառուցում, ոչ ոք չի մտածում գյուղի ներսում մի բան ստեղծելու մասին: Ինչո՞ւ, որովհետև մարդիկ չեն մտածում այն մասին, որ կարելի է մի բան անել, որի անունն այնքան դուրս կգա, որ մարդիկ գիտակցաբար կշեղվեն ճանապարհից, որպեսզի գնան այնտեղ: Նոր պրոդուկտ ստեղծելու վախ կա, մարդիկ չգիտեն ոնց անեն: «Տեսնել-մտնել» մոտեցումը մարդկանց համար ավելի հոգեհարազատ է, որովհետև իրենք որևէ եզակի ու հետաքրքիր գաղափարի ձևավորման վախ ունեն: Բայց փորձը ցույց է տալիս, որ իրական հաջողության են հասնում այն նախագծերը, որտեղ կա խորը միտք և գաղափար: Ո՞րն է մեր պարտավորությունը հաջորդ սերունդների առաջ: Մենք ունենք երեք ճակատագրական խնդիր: Մեկը թվային ճեղքման մեջ ամեն կերպ անել այնպես, որ Հայաստանը գտնվի երկրների այն խմբում, որոնք կլինեն թվային զարգացման երկրներ, որտեղ կմշակվեն տեխնոլոգիաներ: Եթե մենք դա չարեցինք, կհայտնվենք սպառող երկրների ցանկում: Հստակ հիմա այդ բաժանումը գնալու է, լինելու են ստեղծարար ու սպառող երկրներ: Եթե մենք հայտնվենք սպառող երկրների ցանկում, դրանից հետո իմաստ չունի որևէ բան անել, դա կործանման ճանապարհ է: Երկրորդը, մենք պետք է սկզբունքային լուծենք մեր հարևանի հետ խնդիրն այնպես, որ համոզված լինենք, որ անխոցելի ենք: Դա նշանակում է՝ որքան էլ հարևանը փորձի իր ռազմական ուժը ավելացնել, դա ոչնչի չի բերում: Փաստացի դա հնարավոր է, դա պետք է անել տնտեսությունը հզորացնելով և ստեղծելով այնպիսի եզակի պաշտպանողական միջոցներ, որ դառնանք անխոցելի: Իսկ դրա հնարավորությունը տալիս են և հզոր տնտեսությունը և տեխնոլոգիաները: Դրանից հետո մենք կարող ենք հանգիստ կյանքով ապրել՝ գիտակցելով, որ կարող ենք զբաղվել հանգիստ ստեղծարարությամբ, անտեսել մեր հարևանին ու իր զառանցանքները: Երրորդ խնդիր էլ ասեմ՝ կրթությունը: Մենք հաջորդ սերնդին պետք է տանք այնպիսի կրթություն, որպեսզի այդ սերունդն այլևս չունենա չկրթված ազգի բարդույթ, ինչը մենք հիմա ցավոք ունենք: Մենք մեր ազգին նայելով՝ անընդհատ ընկճվում ենք նրանից, որ մեր ազգակիցները բավարար կրթված չեն: Դա մեզ համար հիմնական մտահոգություն է: Ի՞նչ եք անում դուք ամեն օր՝ Հայաստանն ավելի լավը դարձնելու համար: Ուժերիս չափով ներդրում եմ անում այն ոլորտներում, որոնք մեզ համար կարևոր են: Ես «Արար» հիմնադրամի խորհրդի անդամ եմ, մեր հիմնադրամը հիմնականում կենտրոնացված է ռազմավարական նախագծերի վրա, որոնց հիմնական թիրախն այս պահին երկրի պաշտպանությունն է: Ես «Այբ» հիմնադրամի համահիմնադիրն ու «Այբ» դպրոցի տնօրենն եմ, փորձում են դրանով իմ ուժերի ներածի չափով աջակցել Հայաստանում կրթության զարգացմանը: Գոնե երեք կարևոր խնդիրներից երկուսի լուծմանը ես մասնակցում եմ: Իսկ ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա երբ հնարավոր է, էլի ուժերիս ներածի չափով մասնակցում եմ տարատեսակ ստարտափերի մրցույթներին՝ որպես ժյուրիի անդամ, փորձում ենք աջակցել ստրատափերին, որը էլի տնտեսության զարգացման հիմնաքարն է: Ես շատ հարուստ մարդ չեմ, եթե ավելի շատ գումար ունենայի, շատ կներդնեի, բայց ուժերիս չափով անում եմ: Մեզ պատմությունից հասել է տեղեկություն, որ Տիգրան Մեծի հայրենիքը՝ Ք. Ա. 95-55- ը, հայոց պատմության լավագույն էջերից մեկն է եղել: Ո՞րն է «95-55»-ի ձեր կոնցեպտը: Իմ խորը համոզմունքն այն է, որ մենք պետք է լինենք պիտանի աշխարհի համար: Մենք պետք է գտնենք մեր ուրույն տեղը աշխարհում: Ցավոք, ապագայում շատ ազգեր չեն լինելու: Ազգերը միաձուլվելու են, միավորվելու են, դրա մասին է խոսում ամբողջ գիտական աշխարհը: Մենք պետք է ապագայում այնպիսի դեր ունենանք աշխարհում, որպեսզի մեզ բոլորը ճանաչեն: Իսկ դրա համար պետք է վերագտնենք, թե ինչ ճանապարհ ենք անցել և նպատակը, թե ինչու ենք այսքան պայքարել: Մենք պայքարել ենք, որպեսզի լինենք: Եվ այդ պայքարում շատ ուժեղ դիմադրել ենք ու գոյատևել: Մեր մեջ կա ինչ-որ խորը գաղափար, որ մենք ինչ-որ բանի համար կանք և պետք է լինենք: Այդ ինչ-որ բանը պետք է դարձնենք մեր գլխավոր նպատակը և գնանք առաջ: Ի՞նչ պետք է լսեն կամ դիտեն մարդիկ այս զրույցը կարդալուց հետո, մի հղում տվեք: Ես խորուրդ կտամ լսել Վիկտոր Ֆրանկլի այս ելույթը՝ https://www.youtube.com/watch?v=VEsQPMbqXHw: Միգուցե դրա շնորհիվ դուք կհետաքրքրվեք այդ եզակի մարդու կյանքով և գործերով: Հարցազրույցների շարքն իրականացվում է «Գալաքսի» ընկերությունների խմբի աջակցությամբ, ընկերության սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում

Lragir.am,
20-07-2019 18:16